Երեկ «Ուրբաթ» ակումբում նման կարծիք հայտնեցին «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության նախաձեռնող խմբի անդամներ, Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանն ու «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը: Վերջինիս խոսքերով՝ Հայաստանում ստեղծված իրավիճակում պետք է մի պահ որոշակիորեն վերանայել «ընդդիմություն» եւ «իշխանություն» հասկացությունները, որովհետեւ շատ դեպքերում իշխանությունն ու ընդդիմությունը երկրի ապագայի մասին իրենց ունեցած պատկերացմամբ, ըստ էության, իրարից չեն տարբերվում: Եվ ահա «Այլընտրանքը» փորձում է այլընտրանք լինել այսօր գործող քաղաքական համակարգին, մասնավորապես` քաղաքական դաշտի բաղադրիչ կազմող հնարավոր բոլոր ուժերին՝ թե ընդդիմադիր, թե իշխանամետ: Իսկ ինչո՞ւ ստեղծվեց «Այլընտրանքը», եթե դրա գաղափարախոսությունն առանձնապես չի տարբերվում ՀՀՇ-ի գաղափարախոսությունից, ու բացի այդ էլ՝ «Այլընտրանքի» նախաձեռնող խմբի անդամների զգալի մասը ՀՀՇ անդամ է, եւ իրենց գործունեությունը կարող էին ծավալել ՀՀՇ-ում: Ըստ Վահագն Խաչատրյանի, պատճառը տակտիկական քայլերն են, որովհետեւ «իսկապես գաղափարական առումով` այն գաղափարներից, որը կար 1988-ի հայոց համազգային շարժման ժամանակ, ոչ մի տարբերություն չկա»: «Այստեղ տակտիկական խնդիրներ կան: Երբ մենք քննարկում էինք մեր գործողություններն ու մեր անելիքները, եկանք այն եզրակացության, որ մեկ օր առաջ պետք է սկսել ակտիվ քաղաքական գործունեություն ծավալել: Մեր նախաձեռնությունն իր բովանդակությամբ քաղաքական գործունեության սկիզբն է: Ընդամենը սրանում է մեր տարբերությունը: Ավելի լուրջ պրոբլեմ ես չեմ տեսնում»,- ՀՀՇ-ի ու «Այլընտրանքի» տարբերությունն այսպես ներկայացրեց նա: Իսկ Նիկոլ Փաշինյանի խոսքերով՝ նրանք, ովքեր դավանում են 1988-ի շարժման գաղափարներն ու արժեքները եւ ցանկանում են դրա հիման վրա քաղաքական գործունեություն ծավալել, շատ դժվար ընտրության առաջ են կանգնած այն իմաստով, թե ո՞ր կուսակցությանը պետք է իրենք անդամակցեն, քանզի Հայաստանում «աջ-ազատական բնույթի» բազմաթիվ կուսակցություններ կան: Ըստ նրա, այս պարագայում անհրաժեշտ էր հանդես գալ մի նախաձեռնությամբ, որը լղոզման պրոցեսից կփրկի այդ արժեքները: Նա նշեց նաեւ, թե իրենց այդ նախաձեռնությունը վերկուսակցական է, եւ մարդու՝ որեւէ կուսակցության պատկանելը խոչընդոտ չէ «Այլընտրանքին» միանալու համար, եւ կարեւորը գաղափարները կիսելն է: Հիշեցնենք, որ մի քանի ամիս առաջ «Այլընտրանքը» թողարկեց գրքույկ, որում հստակ ներկայացված են տարբեր հարցերի վերաբերյալ «Այլընտրանքի» մոտեցումներն ու գնահատականները: «Մենք այսօր աշխատում ենք քաղաքական գործունեություն սկսել՝ հիմքում դնելով ապագայի որոշակի մոդել եւ, այդ մոդելի շուրջ համաձայնություն կամ որոշակի համախոհների դաշտ ձեւավորելուց հետո, փորձել քաղաքական գործունեություն իրականացնել՝ այդ մոդելն իրագործելու ուղղությամբ»,- հայտարարեց Ն. Փաշինյանը: Ըստ նրա, իշխանափոխության հաջորդ օրն այլեւս ճշտելու բաներ պետք է չլինեն: «Չպետք է լինի այնպես, որ իշխանափոխություն անենք, հետո մտածենք, թե ի՞նչ ենք անելու հաջորդ քայլով: Ենթադրվող իշխանափոխության արդեն հաջորդ օրը պետք է հստակ անելիք լինի»,- նշեց ՀԺ-ի գլխավոր խմբագիրը: Իսկ Վ. Խաչատրյանն էլ համոզմունք հայտնեց, թե քանի դեռ գործում է այս իշխանությունը, «այսպիսի մոտեցումներով Հայաստանում որեւէ իշխանափոխություն, որը տեղի կունենա ընտրական համակարգերի միջոցով, հնարավոր չէ»: Ն. Փաշինյանն էլ, նշելով, որ իրենք այսօր գտնվում են գործունեության նախնական փուլում, ավելացրեց, թե պլանավորում են մինչեւ հունվարի վերջը հստակեցնել իրենց համախոհների շրջանակը եւ փետրվարից սկսել հրապարակային գործողություններ՝ նշված նպատակներն իրագործելու համար: Նրա գնահատմամբ՝ գործող ընտրական համակարգը Հայաստանի քաղաքացիներին առաջարկում է հետեւյալ ընտրությունը. դուք ո՞ւմ ստրուկն եք ուզում լինել՝ ՀՀԿ-ի՞, թե՞ «Բարգավաճ Հայաստանի»: «Մենք մերժում ենք ընտրական այդ համակարգն ու ասում ենք, որ մեր ամենակարեւոր նպատակը, որը մենք այսօր ներկայացնում ենք հանրությանը՝ ամեն ինչ անել, որ այս ընտրությունն օրակարգից դուրս գա: Այսինքն՝ մենք պետք է ՀՀ քաղաքացիներով կարողանանք մերժել այս ընտրությունը եւ ասել՝ մենք չենք ուզում լինել ստրուկ, մենք ուզում ենք լինել ազատ քաղաքացի: Իսկ ազատության ընտրությունը պետք է տեղի ունենա «Ազատության» հրապարակում»,- նշեց Ն. Փաշինյանը: Նրա համոզմամբ, առաջիկա ընտրություններին մասնակցելու խնդիր այս պահին իրենք իրենց առջեւ չեն ուզում դնել: «Մենք չենք ուզում, որ մեր պոտենցիալ համախոհներին գայթակղության տեղիք տանք, այն իմաստով, որ որեւէ մեկը չմտածի, թե սա քաղաքական մի նախագիծ է, որի խնդիրը մեկ-երկու հոգու մանդատի հարց լուծելն է»,- հավելեց Ն. Փաշինյանը: Վ. Խաչատրյանն էլ համոզմունք հայտնեց, որ տուկի թելը, կարտոֆիլն ու այլ բաները որպես ընտրակաշառք բաժանելը ժողովրդին իրական ուղուց չեն կարող շեղել: Նրա խոսքերով՝ բոլոր ընտրությունները ցույց են տվել, որ ժողովուրդը ճիշտ ընտրություն է կատարում, պարզապես վերջնական արդյունքում մենք ունեցել ենք այն, ինչ այսօր ունենք: Ն. Փաշինյանն էլ գտնում է, որ Հայաստանում մոլորություն կա, երբ մարդիկ մտածում են, թե կարտոֆիլը, տուկի թելը եւ այլ բաները բաժանվում են նրա համար, որպեսզի մարդիկ գնան ու քվեարկեն դրանք բաժանողների օգտին: «Դա ամենեւին այդպես չէ: Դա արվում է նրա համար, որ երբ ընտրությունների ամփոփիչ արձանագրություններում արձանագրվի, որ «իքս» կուսակցությունը ստացել է այսքան տոկոս, ոչ մեկի մոտ հարց չծագի: Բոլորը կասեն, դե բնական է, որ պետք է ստանար, որովհետեւ կարտոֆիլ է բաժանել, տուկի թել եւ այլն»,- նշեց նա: