Պուտի՛ն, քեզ ասեմ, Բո՛ւշ, դու լսիր

28/11/2006 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Վերջին շրջանում Հայաստանի քաղաքական տարբեր շրջանակներ (ընդ որում՝ թե իշխանամետ, թե ընդդիմադիր) սկսել են գաղտնի վերլուծություններ անել ռուսական քաղաքական վերնախավի համար, որոնցով ռուսներն, իբրեւ, պետք է պատկերացում կազմեն Հայաստանի ներքաղաքական իրավիճակի մասին: Այդ վերլուծությունների տրամաբանությունը ռուսներին կողմնորոշելն է, թե որ ուժի կամ ուժերի վրա կարող են իրենք խաղադրույք կատարել ու իրենց համար ձեռնտու իշխանություններ ձեւավորել Հայաստանում:

Մեր տրամադրության տակ են նմանատիպ մի քանի «վերլուծություններ», որոնք, մեր տեղեկություններով, արդեն ուղարկվել են ռուս պատվիրատուներին: Ուշագրավն այն է, որ այդ, այսպես ասած, «ատչյոտների» ձեռագիրը գրեթե նույնն է: Նույնն է նաեւ նյութերի ֆինալը, որտեղ Ռուսաստանին ծառայող հայ քաղաքական գործիչները, ովքեր ընդգրկված են նաեւ այս կամ այն ընդդիմադիր ֆորմատում, ասենք՝ հակակրիմինալում, իրենց ռուս պատվիրատուներին Հայաստանի ներքաղաքական իրավիճակի այնպիսի զարգացում են կանխատեսում, որ եթե նրանք Հայաստանում աջակցեն այս կամ այն ուժին, ապա Հայաստանում կձեւավորվի ռուսներին ձեռնտու իշխանություն:

Ըստ այդ նյութերի, քանի որ Հայաստանի առաջիկա ընտրություններում, որը հեղինակները համարում են «խաղ», Ռուսաստանը «նոր խաղադրույքներ պրակտիկորեն չի արել», ուստի այսօր ուժի մեջ է մնում «հին խաղադրույքը, որը կատարվում էր Սերժ Սարգսյանի վրա»: Սակայն, ըստ հայ կանխատեսողների` «մի կողմից` Մոսկվան վախենում է նրանից հրաժարվել, մյուս կողմից՝ վախենում է նրա վրա հենվել»։ Որպես նոր «խաղադրույքի պոտենցիալ օբյեկտներ»` այս «զեկույցի» հեղինակները հիշատակում են Ստեփան Դեմիրճյանին ու Արտաշես Գեղամյանին` նրանց համարելով «ռուսական թեկնածուներ»: Սակայն, ըստ Ռուսաստանին ուղղված «հաշվետվության» հեղինակի՝ Ս. Դեմիրճյանի եւ Ա. Գեղամյանի մոտ էլ է «հայտնաբերվել էներգիայի պակաս», եւ «վերջիններս դեռ չեն կայացել որպես բյուրեղացման կենտրոններ»։ Այս նամակներում առավել քննադատվում է Արտաշես Գեղամյանը, որի մասին «մեսիջում», օրինակ, ասվում է, թե` «չնայած բնակչության մեջ ունեցած վարկանիշին, Հայաստանի քաղաքական դաշտում նա ընդհանրապես վերածվել է վտարակի` ճակատին ունենալով չափազանց հավակնոտ մարդու պիտակ, որն անընդհատ գտնվում է իշխանությունների հետ ինչ-որ անհասկանալի խաղի մեջ»: Իսկ «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի վարկանիշն էլ, ըստ նրանց, բավարար չէ՝ «ռուսամետ հզոր շարասյուն» ստեղծելու համար։

Այս «ծանրակշիռ» նախաբանից հետո հեղինակներն անցնում են բուն գործին, ու ռուսներին հուշում են, թե ում վրա կարող են իրենք հենվել: Նրանք նշում են քաղաքական ուժերի երկու խումբ՝ ավանդապաշտ (ազգայնական) եւ ձախ ուժեր։

Վերջիններիս մեջ հեղինակը մտցրել է բոլորովին վերջերս ի հայտ եկած Գառնիկ Մարգարյանի «Հայրենիք եւ պատիվը», Մտավորականների ֆորումը, Արամ Գ. Սարգսյանի Դեմոկրատական կուսակցությունն ու Հնչակյան կուսակցությունը։ «Ռուսական աջակցություն կարող են ստանալ նաեւ Մանուկ Գասպարյանի նման «ժողովրդական հռետորները»,- ասված է Մոսկվա ուղարկված գաղտնի նամակներից մեկում։ «Ինչպես ձախ, այնպես էլ ավանդական ուժերի (եթե նրանց ռեսուրսներն օգտագործվեն) ուշադրությունն ավանդաբար ուղղված կլինի նախ եւ առաջ դեպի Ռուսաստանը` որպես աշխարհաքաղաքական եւ քաղաքակրթական կողմնորոշիչ»,- համոզում են նամակի հեղինակները:

Այս «մեսիջների» հեղինակները Ռուսաստանին նաեւ «տեղեկացնում» են, որ «ճիշտ խաղադրույք» կատարելու դեպքում իրենք Հայաստանում լուրջ դերակատարում կարող են ունենալ, քանի որ «վերջնական արդյունքում իշխանությունները կջախջախվեն, ու հետագա պայքարը կանցնի ավելի օրինական քաղաքական գործընթացի շրջանակներում»։ Բրազիլական սերիալ հիշեցնող այս նամակներում, որտեղ սիրած զույգերը, տվյալ պարագայում` «ռազմավարական գործընկեր» Ռուսաստանն ու Հայաստանը, երկար տառապելուց հետո հասնում են իրար, HAPPY END է խոստանում Ռուսաստանին, եթե Ռուսաստանը այլեւս վայրկյաններ չկորցնի եւ շատ արագ «կոնկրետանա», թե ռուսամետ ո՞ր թեկնածուի վրա է ցանկանում կառուցել իր ապագա Հայաստանը։

Ռուսաստանին «ատչյոտ տվող» հայ վերլուծաբանների հավաստմամբ, Հայաստանում քաղաքական գործընթացի մասնակիցներն են լինելու «Բարգավաճ Հայաստան» իշխանական կուսակցությունը` Ռոբերտ Քոչարյանին աջակցող որոշ այլ կուսակցությունների հետ միասին, դեմոկրատ (արեւմտամետ) ուժերը, ավանդապաշտ` ազգայնական ուժերն ու ձախ ուժերը։ Բայց ռուսներին հաշվետվություն տվողներն առայժմ դժվարանում են այսքանի միջից հաղթողին մատնանշել։ Այդ իսկ պատճառով նրանք Ռուսաստանի աջակցությունն են խնդրում, որպեսզի իրենք կարողանան այդ «չափազանց» դժվար գործը գլուխ բերել:

Բայց մինչ ռուս «եղբայրների» պատասխան նամակը, նրանք ռուսներին Հայաստանի ներքաղաքական կյանքի մասին այլ «մանրամասներ» էլ են հաղորդել: Օրինակ, գրում են, թե որոշ արտաքին եւ ներքին ուժերի հաջողվել է իշխող թիմին բաժանել երկու մասի։ Դրանցից մեկը նախագահական թեւն է՝ ի դեմս «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, մյուսը` Սերժ Սարգսյանը՝ Հանրապետական կուսակցությամբ։

Առաջին թեւի՝ Ռ. Քոչարյանի նպատակներն, ըստ նրանց, հետեւյալն են. պահպանել այսօրվա տնտեսական-քաղաքական էլիտայի սեփականությունը, ապահովել այդ էլիտայի ֆիզիկական, տնտեսական, իրավական եւ քաղաքական անվտանգությունը եւ հետագայում գործարար կամ քաղաքական գործունեություն իրականացնելու հնարավորությունը, ու վերջապես` ապահովել նրանց անձեռնմխելիությունը (ազատության մեջ մնալ)։

Հեղինակի կարծիքով, այս ուժին կմիանան շատ այլ ուժեր, որոնք իբրեւ թե պետք է արտահայտեն անհանդուրժողական վերաբերմունք՝ ընդդեմ ղարաբաղյան կլանի։ Ի դեպ, այս վերլուծության մեջ «ղարաբաղյան կլանից» սահուն կերպով, չգիտես ինչու, «դուրս» է մնում Ռոբերտ Քոչարյանը։

Ինչեւէ, նրանց հավաստմամբ, Ռ. Քոչարյանի «հենարան» «Բարգավաճ Հայաստանին» Ս. Սարգսյանին եւ Հանրապետական կուսակցությանը դիմակայելու խնդրին պետք է միանան Տիգրան Կարապետյանն ու նրա ԱԼՄ հեռուստաընկերությունը, Արթուր Բաղդասարյանը, Սամվել Բաբայանը, Գուրգեն Արսենյանը` իրենց կուսակցություններով, եւ ՀՅԴ-ն։ Ռուսաստանին հաշվետու նամակագիրը կուսակցությունների այս շարքին անվանում է «համակրելի ընդդիմադիրներ», որոնք Ռ. Քոչարյանի շրջապատի նկատմամբ ատելությամբ «վարակված չեն»:

Ավելին, նամակագիրները մի քանի բառով ներկայացնելով այս կուսակցություններին, նաեւ դերերի հստակ բաժանում են կատարել, ըստ որի՝ Արթուր Բաղդասարյանն իր «Օրինաց երկիր» կուսակցությամբ կմիանա հակակրիմինալ շարժմանը, Գուրգեն Արսենյանի ՄԱԿ կուսակցությունը շատ ավելի մեղմ ձեւով կմասնակցի այդ շարժման գործողություններին: ՀՅԴ-ի մասին ասվում է, թե որոշ չափով կմիանան այդ շարժմանը՝ ձգտելով քաղաքական ցանկացած վերադասավորման պայմաններում մնալ եւ պահպանել իշխանական, ադմինիստրատիվ ռեսուրսի իրենց ենթակա մասը: Իսկ ահա ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի «Դաշինք» կուսակցության մասին ասվում է, թե, քանի որ այս կառույցի մեջ ներգրավված է «կրիմինալի երկրորդ էշելոնը», որոնց «նեղացրել է» իշխանության գլուխ կանգնած «առաջին էշելոնը», հետագայում կմիանան ընդդեմ Ս. Սարգսյանի՝ հույս ունենալով Հայաստանում ամբողջ ծավալով գրավել նրա տեղը:

Հիմա անդրադառնանք մյուս` Հանրապետական թեւին, որտեղ, ըստ նամակներից մեկի, «հակասություններ կան Անդրանիկ Մարգարյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ»: Մյուս նամակներում էլ, որպես հզոր ու «հաղթող» ուժ, մատնանշվում է ՀՀԿ-ն` ի դեմս Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի: «Նոստրադամուս» հայերը նաեւ «հիմնավորում» են` նշելով. «Երկար տարիներ լինելով իշխանական բուրգում, Ս. Սարգսյանը կարողացել է ստեղծել իր քաղաքական ռեսուրսները` այսօրվա ընտրություններում իր հաղթանակն ապահովելու համար»:

Հայերը ռուսներին տեղեկացրել են նաեւ, թե ՀՀԿ-ի համար ամենամտահոգիչն այս «խաղի մեջ» հակակրիմինալ շարժումն է: Հիշեցնենք, որ սրա սկիզբը դրվել է 2005թ. հունվարին ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Էլիզաբեթ Ջոնսի կողմից, ով հայտարարեց, թե նախագահ Բուշը ՌԴ նախագահ Պուտինի առաջ խնդիր է դնելու` ակտիվացնել ՌԴ դերը Հարավային Կովկասի հակամարտությունները մինչեւ տարեվերջ լուծելու համար։ Ջոնսը, մասնավորապես, ասել էր. «ՌԴ շահերից է բխում, որ Տրանսնիստրայի, Աբխազիայի, Հարավային Օսիայի եւ ԼՂՀ տարածքները կայուն լինեն, որպեսզի վերջ տրվի այնտեղի կոռուպցիային եւ այնտեղ ղեկավարող քրեական անջատողականները հեռացվեն»: Ի դեպ, այս մասին տեղեկություն է տրված ԱՄՆ Կոնգրեսի CRS Issue Brief for Congress-ի «Հայաստան, Ադրբեջան, եւ Վրաստան. քաղաքական զարգացումներ եւ եզրահանգումներ՝ ԱՄՆ շահերի տեսանկյունից» զեկույցում (19, հունվար, 2005թ.), ուր ուրվագծվում է ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի շահերի ընդհանրությունն այս տարածաշրջանում: Այնուհետեւ բացատրեց` ասելով. «ՌԴ-ն կարող է շատ դրական լիդերական դեր ունենալ այս խնդիրների լուծման հարցում»: Ինչեւէ` ռուսների օգտին վերլուծություններ պատրաստող հայ նամակագիրը գտնում է, որ Հայաստանում սկիզբ առած հակակրիմինալ շարժումն «ամերիկյան կամպանիա» է, իսկ ՀՀ քաղաքական եւ մտավոր էլիտայի որոշ մասին դրան մասնակցելը ձեռնտու է նրանով, որ բարձրացնում են իրենց հեղինակությունը ժողովրդի աչքում։ Սակայն ակնհայտ է, որ միակ բանը, որից, կարծես, չեն անհանգստանում իշխանությունները` հակակրիմինալ շարժումն է, որի անդամ կուսակցություններն են նույնիսկ խոստովանում, որ ամաչում են ներկա լինել այդ ժողովներին, որոնք հետզհետե դառնում են «աննպատակային»: Ավելին` այնտեղից կամաց-կամաց դուրս են գալիս նաեւ մի շարք ընդդիմադիր լուրջ քաղաքական գործիչներ` ստեղծելով այլ միավորումներ ու շարժումներ` հասկանալով, որ հակակրիմինալ շարժումը դատապարտված է անհաջողության:

Բայց ամենակարեւորը` նամակներից մեկի հեղինակը որեւէ կերպ չի պարզաբանում, թե ինչու է հակակրիմինալ շարժումն անհանգստացնում միայն ՀՀԿ-ին, իսկ, ասենք, իշխանական մյուս ուժերին` ոչ: Ու հենց այստեղ է, որ հասկանալի է դառնում, թե հայերը Ռուսաստանում ինչ «պատվեր» են փորձում իրականացնել` խուսափելով ճշմարտությունից: Որովհետեւ ստացվում է, որ կրիմինալ տարրը միայն մեկ կուսակցությունում է, իսկ մյուսները, ասենք, սրբեր են: Ավելին` ստացվում է, որ տարիներ շարունակ միասին աշխատած Ռ. Քոչարյանն ու Ս. Սարգսյանն իրար թշնամի են, սակայն Հայաստանում բոլորը գիտեն, որ նրանց գոնե քաղաքական նպատակները նույնն են։ Ու այս պարագայում «մեսիջների» հեղինակների պնդումները Ռուսաստանին, թե իշխանական ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ հարաբերություններն այնքան լարված են, որ «հրազենի կիրառմամբ բախումների հավանականությունը շատ մեծ է»` ընդամենը միամտություն է, որին անհամբեր սպասում է նաեւ Հայաստանի ընդդիմությունը` իր պարապությունը բացատրելով այդ միջադեպի ակնկալիքով:

Այս «հաշվետվության» մեջ տեղ է հատկացված նաեւ քաղաքական դաշտի մյուս ուժերին։ Ընդ որում, այս մասը կարելի է անվանել՝ «արտաքին աշխարհի կողմից օժանդակություն ստանալու հնարավորությունների գնահատական»։

Նրանք Ռուսաստանին «թասիբի գցելու» համար նշել են, թե ԱՄՆ-ը եւ Արեւմուտքն առաջին հերթին աջակցելու են այն արեւմտամետ ուժերին, որոնք բավականաչափ «ատամնավոր ու ագրեսիվ» են եւ գործելու ունակ։ Որպես այդպիսիք` նշել են արմատական ընդդիմություն ՀՀՇ-ին եւ Արամ Զավենի Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությանը։ Ի դեպ, այս ուժերի մեջ հիշատակվում է նաեւ Արթուր Բաղդասարյանը, որին մինչ այդ նույն հեղինակը կապել էր ԲՀԿ-ի հետ։ Այսինքն, ըստ նրանց, Արթուր Բաղդասարյանը կրկնակի խաղ է խաղալու` մեկ իշխանության թեւում, մեկ` ընդդիմության: Իսկ Րաֆֆի Հովհաննիսյան-Վազգեն Մանուկյան երկյակը, ինչպես նշվում է նամակներից մեկում, շատ ավելի քիչ էներգիա ունի եւ նույնպես կարող է մտնել վերը նշված կոալիցիայի մեջ։ «Այս զույգը կընդգրկվի որպես զորադրոշ»,- ասված է նամակներից մեկում: Ըստ վերլուծաբանի, իրենց պլանների իրագործման համար ամերիկացիները կարող են ներգրավել նաեւ ռուսամետ ուժերի՝ ձգտելով չկրկնել Վրաստանի եւ Ուկրաինայի սխալները։

Մի խոսքով` այս նամակներում հստակ նշվում են բոլորի` Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի շահերը: Իսկ կոնկրետ Հայաստան երկրի եւ Հայաստանի քաղաքացիների շահի մասին որեւէ խոսք չկա, թե, ասենք, ի՞նչ շահ կունենա Հայաստանը, եթե «ռուսի ոտը նորից մտնի Հայաստան»:

Եվ էականն այստեղ այն չէ, թե վերոնշյալ դիտարկումներն ու կանխատեսումները որքանով են ճիշտ։ Շատ ավելի կարեւոր է ստրուկի հոգեբանությունը, երբ հայերն իրար հերթ չտալով` շտապում են Ռուսաստանին (նաեւ Ամերիկային) համոզել, որ Հայաստանն իրենց նահանգն է, եւ իրենք պետք է որոշեն, թե ով է լինելու իրենց նահանգի «ցարը»:

Հ.Գ. Հետաքրքրական մի փաստ. ներկայումս ընդդիմադիր դաշտում գործող «Հակակրիմինալ» եւ «Քաղաքացիական անհնազանդություն» շարժումներում, ըստ մամուլի, մեծ դերակատարություն ունի Աշոտ Մանուչարյանը: Եվ եթե ուշադիր հետեւենք քաղաքական գործընթացներին, ապա դրանք շատ բաներով՝ գործողությունների ու դերակատարների գործառույթներով, համընկնում են վերոշարադրյալ նամակների դրույթներին: Գուցե սա ընդամենը զուգադիպությո՞ւն է: