Շուկայական կարգերի եւ արտասահմանյան ավտոմեքենաների քանակի ավելացման հետ մեկտեղ՝ մեր կենցաղ մուտք գործեց նաեւ մեկ այլ մոդայիկ բառ` «թյունինգ»։
Այս բառն աստիճանաբար մտավ հայ ավտոսիրողների բառապաշար եւ արդեն սահուն կերպով փոխարինում է «ավտոն սարքել» արտահայտությանը։ Իսկ «ավտոն սարքելը», հատկապես երիտասարդների մոտ, ունի լրիվ այլ նշանակություն։ «Սարքել» կարելի է նաեւ սարքին, լրիվ նոր մեքենան։ Ընդ որում, հենց նոր մեքենան է հարկավոր «սարքել»։
«Թյունինգը» անգլերեն նույն tuning բառն է, որը մենք արտասանում ենք փոքր-ինչ «ռուսական» երանգով՝ «ծյունինգ»։ Իրականում «թյունինգը» պրոցես է։ Կոնվեերից դուրս եկած բոլոր մեքենաներն իրար նման են՝ ստանդարտ են։ Եվ եթե գնորդն ուզում է իր մեքենան դարձնել առանձնահատուկ, իր ճաշակին եւ նախասիրություններին ավելի հարմար, թյունինգային ընկերություններին որոշ փոփոխություններ է պատվիրում։ Կան այդպիսի հզոր ֆիրմաներ, ինչպես, օրինակ, «Բրաբուսը» (Մերսեդեսի թյունինգ), կամ «Համմանը» (BMW)։ Դրանք ոչ միայն փոխում են մեքենայի արտաքին տեսքը, այլեւ շատ լուրջ աշխատանքներ են կատարում՝ մեծացնում են շարժիչի ծավալը՝ ավելացնելով ձիաուժերը, եւ այլն։ Մեզանում նույնպես սկսել են կամաց-կամաց զարգանալ այս տիպի ընկերությունները։ Դրանք հիմնականում զբաղվում են ռուսական մեքենաների «թյունինգով»։ Սակայն հայ ավտոսիրողների մեծ մասն իրենց մեքենաները շարունակում են «սարքել» ինքնուրույն՝ կամաց-կամաց։
Եվ այսպես, ի՞նչ է պետք երիտասարդ հայ ավտոսիրողին` երջանիկ լինելու համար։ Իհարկե, «լավ սարքած ավտո»։ Իսկ «լավ սարքածը» կազմված է մի քանի ատրիբուտներից։
Նոր մեքենան, առաջին հերթին, տանում են «գուպկավատ» անելու։ Դա նույն ձայնամեկուսացումն է։ Գները տատանվում են 30-50 դոլարի սահմաններում։ Հետո անպայման պետք է տեղադրել «սիգնալիզացիա»՝ ազդանշանային համակարգ, ցանկալի է` հեռակառավարմամբ։ Ազդանշանային համակարգի տեղադրումը կազմում է մոտ 100 դոլար։ Առավել ցանկալի է, եթե լուսամուտները դարձնեք էլեկտրոնային կոճակներով։
Հաջորդ կարեւոր ատրիբուտը «բանդաժներն» են՝ անվահեծերը։ Լավ անվահեծերի գները սկսում են 200 դոլարից եւ կարող են հասնել հազարների։ Պակաս կարեւոր չէ մագնիտոֆոնը։ Այն պետք է լինի հզոր՝ հզոր «դինամիկներով»։ Ցանկալի է ունենալ նաեւ «բասավիկ», որի շնորհիվ ձեր մեքենայի մեջ հնչող երաժշտությունից կդողան շրջակա շենքերի ապակիները՝ 1 կմ շառավղով։ Այսպիսի հաճույքը (եթե, իհարկե, խլանալը հաճույք է) շատ թանկ արժե, եւ եթե 500 դոլարից պակաս ունեք, ավելի լավ է այդ մտահղացումից ձեռք քաշեք։ Եվ վերջապես հասանք ամենակարեւոր մասերից մեկին՝ ապակիներին։ Դրանք պետք է լինեն մուգ։ Որքան մուգ` այնքան լավ, կամ ռուսի ասած՝ այդքան ՍՐցՑՏ։ Կապ չունի այն, որ մեքենան վարելիս (մանավանդ` գիշերով), ոչինչ չի երեւում։ Հո՞ գեղեցիկ է նայվում եւ դրսից չի երեւում՝ մեջն ո՞վ է նստած եւ ի՞նչ է անում։ Կան մի քանի տարբերակներ՝ կարելի է փոխել՝ տեղադրելով մուգ ապակիներ, կամ կարելի է «պլյոնկա» (ժապավեն) քաշել։ Ապակիներ փոխելը թանկ հաճույք է՝ 300 դոլարից ոչ պակաս։ «Պլյոնկելը» շատ ավելի ձեռնտու է։ Արժե մոտավորապես 100 դոլար։ Եվ շատերը գերադասում են հենց այս տարբերակը։ Օրինակ, ցանկացած տեղ ապակիները մգացնելու համար պետք է հերթագրվեք մի քանի օր շուտ, քանի որ ահավոր հերթ է։ Ընդ որում, ողջ պրոցեսը տեւում է մոտ մեկ ժամ։ Դե հիմա, հարգարժան ֆինանսիստներ, ինժեներներ, մանկավարժներ եւ այլք, մի պահ մտածեք՝ տարիներ շարունակ ստացած կրթությո՞ւնն է ավելի շահավետ, թե՞ մի քանի օրվա մեջ ավտոմեքենայի ապակիներ «պլյոնկել» սովորելն ու օրը մի քանի հարյուր դոլար վաստակելը։ Միգուցե ժամանակն է փոխե՞լ մասնագիտությունը… Մի քիչ էլ անդրադառնանք ապակիների թեմային։ Դուք կարող եք մգությունն ընտրել ձեր հայեցողությամբ։ Սակայն անպայման նկատի ունեցեք՝ «պլյոնկելով» ձեր մեքենան, դուք անմիջապես հայտնվում եք պետավտոտեսչության ուշադրության կենտրոնում։ Դուք միշտ խոցելի եք, ձեզ վրա ամեն րոպե կարող են «ակտ» գրել։ Համաձայն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ Օրենքի 123-րդ հոդվածի. «Վարագուրապատման սահմանված կարգի կամ ապակիների գունամշակման ստանդարտների խախտմամբ տրանսպորտային միջոցները վարորդների կողմից վարելը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված դեպքերի՝ առաջացնում է տուգանքի նշանակում…»։ Այսինքն, ցանկացած րոպե ձեզ կարող են տուգանել 50 հազար դրամով, որն արդեն համարժեք է մոտ 150 դոլարի։ Սա նշանակում է, որ մուգ ապակիներ տեղադրելուց առաջ դուք կա՛մ հոգեպես եւ ֆինանսապես նախապատրաստվում եք «մուծվել», կա՛մ էլ համոզվում եք, որ ունեք այնպիսի ծանոթ, որի անունը պետավտոտեսուչին ասելը ձեզ թույլ կտա շարունակել «բարի երթը»՝ առանց մուծումներ կատարելու։ Ամեն դեպքում` ասենք, որ «ակտ» կարող են գրել միայն այն ժամանակ, երբ համապատասխան չափիչ սարքի օգնությամբ հաստատեն, որ տեսանելիությունը 70%-ից քիչ է։ Եթե այդ չափիչը չկա, կարող եք երկու ոտքը դնել մի կոշիկի մեջ եւ պնդել, որ ապակին ձեզ համար օդից էլ թափանցիկ է։ Նույնը վերաբերում է նաեւ արագությանը։ Եթե արագաչափ չկա (ռադար), ապա ոչ ոք ձեզ չի կարող համոզել, որ գերազանցել եք սահմանված արագությունը։ Կարող եք չհամաձայնել եւ չստորագրել «ակտի» տակ։ Այնպես որ, պաշտպանեք ձեր իրավունքները, եթե վիճելու «զահլա» ունեք։
Կան նաեւ եւս մի երկու բաներ՝ օրինակ քսենոնային լուսարձակներ, կամ շատ հզոր ազդանշաններ։ Սակայն, բացի թանկ լինելուց, դրանք նաեւ վտանգավոր են եւ ծախսատար։ Նույն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ Օրենքի 123.1 հոդվածի համաձայն. «Առանց համապատասխան թույլտվության տրանսպորտային միջոցների վրա ստանդարտներին չհամապատասխանող լուսային կամ գերհզոր ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումներ տեղադրելը (բացառությամբ հակաառեւանգման ազդանշանային համակարգի եւ հրապարակային զանգվածային միջոցառումների դեպքում՝ բարձրախոսների), շարժման ընթացքում դրանք օգտագործելը… առաջացնում Է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով՝ ստանդարտներին չհամապատասխանող լուսային եւ գերհզոր ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումները բռնագրավելով»։ Այնպես որ, կտուգանեն ձեզ 100 հազար դրամով, դեռ հերիք չէ՝ սարքավորումներն էլ կբռնագրավեն։
Երեւի այսքանը։ Մանր-մունր բաների մասին (հայելիներ, «չյոտկեր» եւ այլն) այսօր չենք խոսի։ Կարեւորը վերը նշվածներն էին եւ, իհարկե, նախորդ հրապարակման մեջ նշված «կարգին» համարները։ Եթե այդքանը լինի, կարող եք համարել, որ ունեք «լավ սարքած թույն ավտո»։
շարունակելի
Հ.Գ. Եթե ունեք դիտարկումներ կամ հետաքրքիր դեպքեր՝ կապված այս ամենի հետ, տեղյակ պահեք մեզ։ Մենք սիրով կանդրադառնանք ձեր արձագանքներին։