«Գնում է – չի գնում …գնում է»

28/11/2006 Յուրի ՍԻՄՈՆՅԱՆ

Անցած շաբաթվա վերջին ավարտվեց երիցուկի թերթիկներով (սուրճի մրուրով, խաղաթղթերով եւ այլն) գուշակությունը, թե արդյո՞ք նախագահ Միխայիլ Սահակաշվիլին կմեկնի Մինսկ` մասնակցելու ԱՀՊ երկրների գագաթաժողովին: Հանդիսավոր կերպով նշելով հաղթական «վարդերի հեղափոխության» երրորդ տարելիցը` նախագահը լրագրողներին հայտարարեց, որ ուշադրության կարժանացնի ԱՊՀ երկրների նախագահների մինսկյան հանդիպումը: Ընդ որում` նա ընդգծեց, որ իր ուղեւորության գլխավոր խնդիրը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումն է: «Հուսով եմ` դրանից հետո ռուս-վրացական հարաբերություններում առկա լարվածությունը կթուլանա»,- լրագրողներին հայտնեց Սահակաշվիլին, սակայն միաժամանակ թռուցիկ նշեց, որ Մինսկում նախատեսված են մի քանի հետաքրքիր հանդիպումներ եւս, որոնք նույնպես կարեւոր են ԱՊՀ անդամ մյուս պետությունների հետ երկկողմ հարաբերություններում, եւ պակաս կարեւոր չեն, քան վրաց-ռուսական հարաբերությունները:

Երկրի ղեկավարի վերջին խոսքերը պատահական չեն: Մոսկվան մինչ այժմ դեռ հստակ համաձայնություն չի տվել բարձր մակարդակով հանդիպմանը, իբր` տեսնենք` ինչպես կստացվի: Սակայն չի էլ մերժել: Գտնվելով նման երկիմաստ իրադրության մեջ` Սահակաշվիլին ստիպված է մեկնել Մինսկ, եւ ինչ էլ որ նա ասի մյուս նախագահների հետ հանդիպման կարեւորության մասին, դա ընդամենը լինելու է սեփական դեմքը պահպանելու փորձ: Եվ եթե հանկարծ Մոսկվայի հետ հարաբերությունների կարգավորումը տապալվի, այսինքն` եթե Պուտինը, որի հետ, ինչպես Սահակաշվիլին է ասում, ինքը միշտ ընդհանուր լեզու է գտնում, այս անգամ չի ցանկանա ոչ ընդհանուր լեզու գտնել, ոչ էլ երես առ երես հանդիպել:

Այնինչ Սահակաշվիլուն շատ է անհրաժեշտ խոսել ռուս գործընկերոջ հետ: Չնայած վրացի պաշտոնյաների բոլոր հավաստիացումներին, թե Ռուսաստանի կողմից իրականացվող ճնշումն իրենց պետքն էլ չէ, այդպես չէ: Էլ չենք խոսում սահմանի միակողմանի փակման, վրացական ապրանքների նկատմամբ տնտեսական բեռնարգելքի եւ այլ ստորացուցիչ ինկվիզիտորական քայլերի մասին, որոնցից ամենակարեւորը, երեւում է, դեռ օգտագործված չէ: Խոսքը գազի մասին է, որի մենատեր-մատակարարը ռուսական «Գազպրոմն» է, որը սպառնում է Նոր տարվանից գազի գինը թանկացնել մինչեւ 230 դոլար` 1000 խմ-ի համար: Ընդ որում` ռուսական կողմը հերթական անգամ հասկացնել տվեց, որ կարող է թողնել նախկին գինը` 110 դոլար, սակայն մի պայմանով` եթե իրեն վաճառեն մագիստրալ խողովակը: Մինչեւ վերջերս Թբիլիսին պատրաստ էր այն զիջելու «Գազպրոմին»: Ինչպես ասում էր պետնախարար Կախա Բենդուկիձեն, նշանակություն չունի, թե ով է մագիստրալի տերը, քանի որ երկիրը սեփական գազ չունի: Իբր` ցանկության դեպքում Ռուսաստանը միշտ էլ կարող է «ճնշում գործադրել», քանի որ նա է գազ մատակարարողը: Սակայն այդ փաստարկին կտրուկ դեմ արտահայտվեցին նախ ԱՄՆ-ը, ապա Վրաստանի խորհրդարանի պատգամավորները, եւ բանն ավարտվեց ոչ այնպես, ինչպես կցանկանար «Գազպրոմը»: Հիմա ձեռնարկվում է հերթական փորձը:

ԱՄՆ-ի դիրքորոշումը Ռուսաստանից Վրաստանի էներգետիկ կախվածության նկատմամբ չի փոխվել: Վաշինգտոնը նույնիսկ պատրաստ է համաձայնել, որ Վրաստանը, որի վիճակը շատ բանում կախված է ամերիկյան օգնությունից, այսինքն` ամերիկյան հարկատուներից, գազ գնի Իրանից: Թբիլիսին, արդեն մի քանի ամիս է` բանակցություններ է վարում Թեհրանի հետ, սակայն դեռ վերջնական արդյունքի չի հասել: Ինչպես ասաց վարչապետ Զուրաբ Նողաիդելին, իրավիճակը կարող է պարզ դառնալ տարեվերջին:

Անհասկանալի է նաեւ, թե կարո՞ղ է արդյոք Ադրբեջանն ինչ-որ կերպ օգնել Վրաստանին: Բաքվին սեփական գազը կարծես թե չի հերիքում, նա ստիպված է գազ գնել նույն «Գազպրոմից»: Եվ դժվար թե Ադրբեջանը կարողանա օգնել իր ռազմավարական դաշնակցին` առանց Ռուսաստանի հետ իր հարաբերությունները փչացնելու: Այդ պատճառով էլ` նա դժվար թե ռիսկի դիմի:

Իսկ ի՞նչ է մնում անելու Վրաստանի իշխանություններին: Շտապ կերպով հարաբերությունները կարգավորել Մոսկվայի հետ կամ էլ կրկին գործի դնել արդեն սովորական դարձած ազգային միասնության մասին հայրենասիրական կոչերը` դիմակայելու համար ահեղ, թշնամական «հյուսիսային հարեւանին», որը փորձում է, ի թիվս այլ բաների, նաեւ բռնակցել վրացական հողերը, թույլ չտալ, որ Վրաստանը մտնի ՆԱՏՕ, ԵՄ եւ այլն: Բնակչությունն արդեն սովոր է պաթետիկ կոչերին: Սակայն պատրա՞ստ է արդյոք հետեւելու դրանց ձմռանը: Փետրվարյան դեպքերը, երբ գազատարի պայթյունի հետեւանքով Վրաստանը մի քանի օր մնաց առանց «երկնագույն վառելիքի», ցույց տվեցին, որ պաթետիկ հայրենասիրությունն իր տեղն ունի, գազն ու ջերմությունը` իր: Ընդ որում` այն ժամանակ հստակ հայտնի էր, որ պետք էր դիմանալ մի երկու օր, մինչեւ գազատարը վերանորոգեն: Իսկ որքա՞ն հարկ կլինի սպասել այժմ…

Այդ պատճառով Սահակաշվիլին մեկնում է Մինսկ: Գուցե ստացվի՞ խոսել Պուտինի հետ եւ որեւէ արդյունքի հասնել…