Վերջինիս հավաստմամբ՝ ստեղծվել է միջգերատեսչական խումբ, որի կազմում ընդգրկվել են Պետավտոտեսչության, ՀՀ Ոստիկանության, Տրանսպորտի եւ կապի նախարարության եւ քաղաքապետարանի ներկայացուցիչներ: Խմբին հանձնարարվել էր 10 օրվա ընթացքում ծրագիր ներկայացնել, որն օրեր առաջ հաստատվել է Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի կողմից: «Ծրագրում ներառված են մի շարք հարցեր, այդ թվում նաեւ` հունվարի 1-ից Ոստիկանության համակարգից քաղաքապետարանի ենթակայությանն է հանձնվելու «Լուսանշան» կազմակերպությունը»,- տեղեկացրեց Ս. Ավանեսյանը՝ հավելելով, որ հանրապետությունում տարեկան ավելանում է 18.000-20.000 մեքենա, որոնցից 15.000-ը կենտրոնացած են մայրաքաղաքում:
«Լուսանշան» կազմակերպությանը լուսանշանների տեղադրման եւ նորոգման աշխատանքների համար կտրամադրվի 500մլն դրամ: Ըստ Ս. Ավանեսյանի՝ տեղադրվելու է լուսացույցների ավտոմատ կառավարման համակարգ: Երեւան քաղաքում ներկայումս գոյություն ունի մոտ 155.000-160.000 ավտոմեքենա, որոնցից 18.000-20.000-ը մարդատար տաքսիներ են: Ըստ փոխքաղաքապետի՝ մարդատար տաքսիների վերոնշյալ քանակից մոտ 5700-ն են հարկային մարմիններում ձեւակերպված: Ասել է թե՝ օրինական դաշտում գործում է տաքսի ծառայությունների 35-37%-ը: Անցյալ տարի քաղաքապետարանի կողմից մշակվել է մարդատար տաքսիների վերաբերյալ կարգ եւ ներկայացվել է Տրանսպորտի նախարարություն, որպեսզի նախագիծը ներկայացվի կառավարություն: «Սակայն այդ հարցը դեռեւս չի լուծվել, պատասխանել են, որ Ազգային ժողովն է օրենքը մշակում»,- ասաց Ս. Ավանեսյանը: Նրա տվյալներով՝ վերջին 3 ամիսների ընթացքում քաղաքում տեղադրվել են 80 կանգառասրահներ, մինչդեռ 2007թ. նախատեսվում է տեղադրել եւս 220 կանգառասրահներ եւ մոտ 650-680 կանգառանշաններ:
Քաղաքապետարանը ձեռք է բերել «Բոգդան» մակնիշի 77 ավտոբուս, որոնք սպասարկում են 7 երթուղի: Թիվ 8 երթուղին Նոր Նորքի 1-ին զանգվածից ուղեւորվում է Էրեբունի զանգված, թիվ 17-ը՝ Ավան-Երկաթգծի կայարան, թիվ 19-ը՝ 16 թաղամաս-պետհամալսարան, թիվ 22-ը՝ Նոր Նորքի զանգված-Պետկրկես, թիվ 30-ը՝ Նազարբեկյան թաղամաս-Հանրապետական մարզադաշտ, թիվ 32-ը՝ Արմենալ գործարան-Պետհամալսարան, թիվ 35-ը՝ Աբովյան պուրակ-գյուղ Խաչվախ: «Նշված ավտոբուսներից բոլորն անցնելու են փոքր կենտրոնով՝ Նալբանդյան, Սայաթ-Նովա, Տերյան, Ամիրյան փողոցներով: Բեռնաթափվելու է մոտ 360 միկրոավտոբուս, որոնցից 300-ն արդեն փոքր կենտրոն չեն մտնում»,- վստահեցրեց Ս. Ավանեսյանը՝ ավելացնելով, որ 2007թ. քաղաքապետարանը ձեռք է բերելու եւս 100 ավտոբուս: Բացի այդ, մայրաքաղաք կբերվի 20 նոր տրոլեյբուս եւ մինչեւ 2010թ. ամեն տարի մայրաքաղաք կներկրվեն 20-ական նոր տրոլեյբուսներ: Հավելենք նաեւ, որ 18 տարվա մեջ 1-ին անգամ ՀՀ կառավարությունը էլեկտրատրանսպորտի ոլորտին հատկացրել է 276 մլն դրամ սուբսիդիա: Այդ գումարով վերանորոգվել է 10 տրոլեյբուս, ինչպես նաեւ ոլորտի աշխատողների 15.000-17.000 դրամ աշխատավարձն ավելացվել է միջինը՝ 30-32.000 դրամի չափով: Քաղաքապետարանը ներկայումս ունի 87 տրոլեյբուս, որոնցից ամեն օր շահագործվում է 55-60-ը: Ս. Ավանեսյանի ասելով՝ ԱՊՀ երկրներում 1 տրոլեյբուսն արժե 100.000-180.000 դոլար, իսկ Եվրոպայում` մինչեւ 900.000 եվրո: Միջգերատեսչական հանձնաժողովի ներկայացրած ծրագրում առաջնահերթ է համարվել լուսացույցների վերականգնման աշխատանքները, ինչպես նաեւ` գծանշանների, կանգառների առկայության ապահովումը: «Մենք մոնիտորինգ ենք արել եւ գույքագրել ենք կանգառները: Կանգառների մասին կարգ է մշակվել եւ ներկայացվել է կառավարություն: Կանգառասրահներում մեքենաների կայանման խախտումների հետ կապված 1 շաբաթվա ընթացքում 1328 արձանագրություն է կազմվել, որոնցից մոտ 10%-ը տեղում տուգանվել են»,- տեղեկացրեց փոխքաղաքապետը՝ հայտարարելով, որ այդ աշխատանքները մշտական բնույթ են կրելու, հետեւաբար` վարորդներին խորհուրդ տվեց ենթարկվել օրենքին: Նա նաեւ անդրադարձավ միջմարզային միկրոավտոբուսների խնդրին, որոնք տեղակայվում են հիմնականում «Այրարատ» կինոթատրոնի մերձակայքում: Ի դեպ, շուտով միջմարզային տրանսպորտային միջոցների համար հատուկ տարածքներ են տրամադրվելու: Փոխքաղաքապետի հավաստմամբ՝ օրական 1100 միկրոավտոբուս եւ մոտ 80-150 ուսանողական ավտոբուս է մտնում մայրաքաղաք: Ս. Ավանեսյանը նշեց նաեւ, որ ուղեվարձի սակագների փոփոխություն չի լինելու: Պատասխանելով լրագրողների հարցերին` Ս. Ավանեսյանն անդրադարձավ նաեւ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող թիվ 17 ավտոբուսային երթուղուն։ Նա ասաց, որ Ավան-Երկաթգծի կայարան երթուղին սպասարկող թիվ 17 ավտոբուսային երթուղին այլեւս սպասարկվելու է քաղաքապետարանի նոր «Բոգդան» ավտոբուսներով։ Եթե նախկինում թիվ 17 ավտոբուսի ուղեվարձը 50 դրամ էր, այսօր արդեն 100 դրամ է։ «Ռուբեն Հայրապետյանը դիմել է մեզ եւ ասել, որ այլեւս չի կարող սպասարկել, քանի որ 50 դրամով այդ երթուղին սպասարկելը շահույթ չի կարող ապահովել»,- նշեց փոխքաղաքապետը։ Հիշեցնենք, որ ամիսներ առաջ, երբ Ս. Ավանեսյանը կրկին տրանսպորտի ոլորտի խնդիրների մասին էր խոսում, խոստացավ, որ կհրապարակի երթուղային տաքսիների գծատերերի անունները, մինչդեռ այդ տեղեկատվությունը հրապարակելու համար նա ամեն անգամ մի պատճառաբանություն գտնում է: Այնուամենայնիվ, պետք էր ենթադրել, որ այդ միամիտ հայտարարության մանրամասները երբեք էլ չեն հրապարակվի: Ամրագրենք, որ փոխքաղաքապետ Ս. Ավանեսյանը խոսքին «տեր չկանգնեց»: