«Հանրապետություն» կուսակցությունում կատարվող վերջին զարգացումները, մասնավորապես` քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցի շուրջ ընթացող հակամարտությունը, շատերը վերագրում են իշխանություններին՝ պնդելով, թե նրանց միջամտությամբ են «Հանրապետության» քաղխորհրդի յոթ անդամներ պահանջել արտահերթ նիստում քննարկել քաղխորհրդի կազմից նրան հեռացնելու հարցը: Ս. Սուրենյանցը, բնականաբար, հերքեց իշխանությունների դերակատարումը:
– Իշխանությունների դրդմամբ կուսակցության ներսում ոչինչ չի կարող տեղի ունենալ, բայց ցանկացած քաղաքական ուժ, որը որոշակի ընթացք է ունենում, նաեւ խմորումներ է ունենում: Բարեբախտաբար, մեզ մոտ էլ է այդպես, եւ դա նշանակում է, որ մեր կուսակցությունը ներքին դեմոկրատական սկզբունքներով է առաջնորդվել: Իսկ ինչ վերաբերում է մեր քաղխորհրդի յոթ ընկերների նախաձեռնությանը, ապա, որքան հասկացա նրանց փաստարկներից, դժգոհության պատճառը կուսակցության տեսակետներն ամբողջությամբ չարտահայտող իմ հարցազրույցներն ու հրապարակումներն էին: Եղան օբյեկտիվ քննադատություններ, թե մեր լրատվական ծառայության աշխատանքը բարելավման խնդիր ունի, բայց եղան նաեւ, իմ կարծիքով, ոչ ընդունելի առաջարկություններ ու դիտողություններ:
– Ի՞նչ դիտողություններ են ձեզ արվել:
– Օրինակ, ես կարծում եմ, որ Սահմանադրությամբ ամրագրված՝ քաղաքացու տեսակետ արտահայտելու իրավունքը վիճարկման ենթակա չէ: Եվ հնարավոր չէ ցույց տալ իմ որեւէ հարցազրույց կամ հոդված, որում ես գաղափարապես կամ քաղաքական տակտիկայի առումով հակադրված լինեմ կուսակցության տեսակետին:
– Ձեր հոդվածներում հնչած տեսակետները գրեթե ամբողջությամբ համընկնում են ձեր առաջնորդ Արամ Սարգսյանի արտահայտած տեսակետներին: Կարելի՞ է ենթադրել, որ այդ դժգոհություններն անուղղակիորեն վերաբերում էին նաեւ նրան, պարզապես այն, ինչ արեցին ձեր նկատմամբ, չէին համարձակվի անել Ա. Սարգսյանի դեպքում:
– Ես չեմ ուզում նման մեկնաբանություններ անել, ոչ էլ ուզում եմ ասել, թե իմ յոթ ընկերները դավադրություն էին կազմակերպել իմ կամ Ա. Սարգսյանի դեմ: Նաեւ չեմ կարծում, թե այդ մարդիկ կոնկրետ մարդու դեմ էին ինչ-որ բան անում, պարզապես նրանք կարծում էին, որ հարցերի պարզաբանումը կօգնի, որպեսզի կուսակցությունն ավելի ռացիոնալ մոտեցումներ ունենա: Ես նրանց տեսակետները չեմ կիսում: Եթե մենք ուզում ենք որակապես նոր ընդդիմություն ձեւավորել, որը Հայաստանում դեմոկրատական հեղափոխության գաղափար կիրականացնի, ապա նրա հիմքում պետք է լինի մարդու իրավունքների ու ազատությունների գերակայությունը, ազատության արժեքային համակարգը:
– Ասում են, թե հիմնական դժգոհությունն այն է եղել, որ ձեր հրապարակային ելույթներում դուք ՀՀՇ-ին դեմ չեք արտահայտվում՝ իմանալով, թե ինչ վերաբերմունք ունի նրանց նկատմամբ կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանը: Ինչո՞ւ չեք ենթարկվում ձեր նախագահի քաղաքական դիրքորոշումներին:
– Ես չեմ կարծում, թե Ա. Բազեյանը հհշատյաց է: Մյուս կողմից՝ բարդույթ էլ չունեմ, որ իմ արտահայտած որեւէ տեսակետ կարող է նման լինել ՀՀՇ որեւէ գործչի արտահայտած տեսակետին: Ավելին, մեր պատմության, մեր ժողովրդի ամենափայլուն էջերից մեկը համարում եմ 1988թ. համազգային շարժումը, որի ակունքներից սնվում է թե՛ մեր կուսակցությունը, թե՛ ՀՀՇ-ն: Ինքնանպատակ չի կարելի հակադրվել ՀՀՇ-ին, ու ինքնանպատակ բարդույթավորվել այն խոսակցություններից, թե մենք համագործակցում ենք կամ կարող է համագործակցենք ՀՀՇ-ի հետ: Չեմ կարծում, թե մեր կուսակցությունից որեւէ մեկը բարդույթավորվում է ՀՀՇ անունից, այլ բան է ընկալումների տարբերությունը: Չեմ գտնում, թե մենք պետք է տրվենք պաշտոնական պրոպագանդայի պարզունակ թելադրանքին ու ՀՀՇ-ի մեջ բոբո տեսնենք:
– Չնայած ձեր դեմ արտահերթ նիստ անցկացնելու նախաձեռնողների շարքում չկա Ա. Բազեյանի անունը, սակայն ասում են, որ հենց նա է եղել հիմնական հեղինակը, որի հետ դուք շատ մտերիմ եք եղել ու միշտ պաշտպանել եք նրա դիրքորոշումները:
– Ես նախընտրում եմ փաստերին հենվել. Ա. Բազեյանը ստորագրողների մեջ չկա: Իսկ ինչ վերաբերում է նրան, թե ես ու նա կարող ենք տարբեր մոտեցումներ ունենալ, ապա՝ այո՛, կարող ենք: Տարբեր մոտեցումներ կարող ենք ունենալ, օրինակ, 1998թ. իշխանափոխության, «Արդարություն» դաշինքի գործունեության արդյունավետության, աշխարհում տեղի ունեցող զարգացումների մասին: Այդտեղ որեւէ դժբախտություն չեմ տեսնում: Ա. Բազեյանի ավանդը քաղաքական դաշտում շատ մեծ է, նա բնավորության գծեր ունի, որոնք շատերին խանդավառել են ու պայքարի են ոգեկոչել: Մյուս կողմից, սակայն, հակված չեմ որեւէ մարդու, այդ թվում` իմ կողմից շատ հարգված Ա. Բազեյանի, ցանկացած տեսակետ հարյուր տոկոսանոց ճշմարտություն համարել: Ես հիմա էլ պատրաստ եմ շատ հարցերում պաշտպանել պարոն Բազեյանին, բայց չեմ բարդույթավորվում. սկզբունքային հարցերում, որոնք հակասում են նրա տեսակետներին, արտահայտել եւ մինչեւ վերջ պնդել եմ իմ տեսակետը:
– Տեսակետների ակնհայտ հակասություններ ունեք նաեւ Վաղարշակ Հարությունյանի հետ, որը նույնպես ստորագրել էր նախաձեռնության տակ:
– Այո, կան տարաձայնություններ եւ հույս ունեմ, որ մեր քաղխորհուրդը քննարկումների ընթացքում ընդհանուր եզրահանգումների կգա: Մեր քննարկումները պառակտման, մասնատման ոգով չեն ընթանում. բավականաչափ կառուցողական են: