Հայաստանը Ղարաբաղին 19 մլրդ 402 մլն դրամ միջպետական վարկ կհատկացնի

28/11/2006 Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Վերջերս Երեւանում տեղի է ունեցել ՀՀ – ԼՂՀ միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստը, որը, ըստ ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի, շատ օգտակար եւ հագեցած էր: Ըստ պայմանավորվածության, ՀՀ-ԼՂՀ միջխորհրդարանական հանձնաժողովի նիստերն անցկացվում են տարին երկու անգամ` Ստեփանակերտում եւ Երեւանում:

Միջխորհրդարանական նիստի, մասնավորապես` այդ ընթացքում քննարկված միջպետական վարկի մասին զրուցեցինք ԼՂՀ Ազգային ժողովի Ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման մշտական հանձնաժողովի նախագահ Բենիկ Բախշիյանի հետ:

«Օրակարգում ընդգրկված էր տնտեսական օրենսդրության ներդաշնակեցման հարցը, բայց քննարկումների ժամանակ այդ մասին այնքան չխոսվեց, որքան Հայաստանի եւ Ղարաբաղի տնտեսական հարաբերությունների մասին: 2007-ին Հայաստանի կառավարությունը Ղարաբաղին հատկացվող միջպետական վարկի չափը սահմանել է 19 մլրդ 402 մլն դրամ, որը կազմում է ՀՀ պետբյուջեի 4.4 տոկոսը: Ի դեպ, Քաշաթաղի բյուջեն ընդգրկված չէ այդ գումարում, ուստի որոշ չափով՝ շուրջ 2 մլրդ-ից ավելի վարկի չափը կավելանա: Հաշվի առնելով, որ Ղարաբաղը ճանաչված չէ, պատերազմի արդյունքում տուժել է նաեւ նրա տնտեսությունը, մեր պատվիրակությունը խնդիր է դրել, որ այդ 4.4 տոկոսը քիչ է, ցանկալի է, որ այդ գումարն ավելացվի, քանի որ մենք ունենք բազմաթիվ հիմնախնդիրներ, որոնք հետագայում կարող են Հայաստանի եւ Ղարաբաղի համար դեմոգրաֆիկ պրոբլեմներ ստեղծել: Մեր կարծիքով, միջպետական վարկի սահմանված ծավալը շոշափելի նախադրյալներ չի կարող ստեղծել տնտեսության զարգացման համար»,- նշեց Բ. Բախշիյանը: Նա փաստեց, որ հայաստանյան գործընկերներն ըմբռնումով են մոտեցել հարցին: «Նրանք էլ գիտեն, որ այդ գումարը չի կարող էական ազդեցություն ունենալ Ղարաբաղի տնտեսության զարգացման համար, բայց հիմնավորել են, որ նույն իրավիճակում են գտնվում Հայաստանի մարզերը, եւ խոստովանել, որ Հայաստանի կառավարությունն այսօր կարողանում է հատկացնել միայն այդքանը»,- ավելացրել է նա:

Հիշեցնենք, որ այս տարի միջպետական վարկի չափը 16 միլիարդ դրամից ավելի էր: Տարեցտարի միջպետական վարկի չափի ավելացման միտումն ակնհայտ է դառնում. 2000 թվականին ԼՂՀ-ն Հայաստանից ստանում էր 7.5 միլիարդ դրամ, իսկ հիմա այդ ցուցանիշը գրեթե եռապատկվել է:

Իսկ ԼՂՀ կառավարությունում արդեն ավարտին է հասցվել ԼՂՀ 2007թ. բյուջեի ձեւավորումը, եւ նոյեմբերի 28-ի նիստում այն պետք է հաստատվի ու մինչեւ դեկտեմբերի 1-ը ներկայացվի Ազգային ժողով: Այս մասին մեզ տեղեկացրեց ԼՂՀ ԱԺ Ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հանձնաժողովի նախագահը: «Իսկ մեկ ամիսը բավարա՞ր է, արդյոք, երկրի բյուջեն ԱԺ-ում քննարկելու համար» հարցին Բ. Բախշիյանը պատասխանեց. «Իհարկե, ցանկալի է, որ երկար ժամանակ տրամադրվի բյուջեի քննարկմանը, այլ ոչ թե 30 օր, սակայն ԼՂՀ կառավարությունը բյուջեն վերջնական տեսքով կարողանում է կազմել ՀՀ-ից միջպետական վարկի չափը վերջնականապես ճշտելուց հետո՝ ՀՀ պետբյուջեն հաստատելուց հետո»: