Մայքլ Մուրի հայտնի վավերագրական ֆիլմից հետո ԱՄՆ-ում երկար ժամանակ վավերագրական բլոկբաստերների մասին մոռացել էին: Կինոքննադատները Մուրի հաջողությունը պայմանավորում էին նրա՝ ուլտրա-քաղաքական, սուպերէգոցենտրիկ եւ հիպեր-իրականության (գիտեմ, բարդ բառեր են, բայց իմը չեն, կինոքննադատներինն են) եզակի համատեղումով:
Այժմ ԱՄՆ էկրաններին հաջողությամբ մեկնարկել է «Բորատ» ֆիլմը, որը ոչ վավերագրական է, ոչ էլ գեղարվեստական: Սա ուղղակի Մուրի ֆիլմի կոմերցիալիզացված, բայց որոշակի գեղարվեստի տարրերով պոստ-մոդեռնիստական կինովարժությունն է` «սուբյեկտիվ կամերայի» տեխնոլոգիայի օգտագործմամբ եւ ընդամենը մեկ գլխավոր հերոսով:
Բրիտանացի կոմեդիանտ Սաշա Բարոն Կոենը մարմնավորում է գլխավոր հերոսին` ազգությամբ ղազախ լրագրող Բորատ Սագիեւին, որը ճանապարհորդում է Ամերիկայում: Այն կարծես քաղաքականացված եւ հումորով վավերագրական ֆիլմ լինի: Ֆիլմը դիտելուց հետո դժվար է կողմնորոշվել՝ լա՞վն է, թե՞ գռեհիկ է: Նախ, հայ հանդիսատեսին դիտելուց հետո շոկ է սպասվում: Բորատի պրոդյուսերը՝ երկրորդ հերոսը, չգիտես ինչու, արեւմտահայերեն է խոսում: Պրոդյուսերին մարմնավորում է Կեն Դավիթյանը: Ո՞վ է նա՝ չգիտեմ, բայց գեր է, հաստ հոնքերով, ճաղատ, խաբեբա եւ գռեհիկ: Ֆիլմի վերջում նա մերկանում է եւ կռվում է Բորատի հետ: Այդ էպիզոդը, երեւի, ամենագարշելին է ամբողջ ֆիլմի ընթացքում:
Բորատը հեգնում է մուսուլմաններին, ծաղրում հրեաներին ու միասեռականներին, ներկայացնում ղազախների հետամնացությունը եւ ամերիկացիների սահմանափակությունը: Բորատը վիրավորում է ֆեմինիստներին, սեփական արտադրության կղկղանքը դնում սեղանին, փորձում է բռնաբարել Պամելա Անդերսոնին, ներկայացնում է նեո-ֆաշիստ ուսանողներին ու ծայրահեղական հոգեւորականներին եւ նրանց հավատավոր ուխտը (թեեւ այդպես էլ չհասկացվեց, թե ո՞ր աղանդն էր): Ֆիլմում Բորատն անկիրթ է, գռեհիկ ու ցինիկ: Նաեւ բավական զվարճալի է:
Ֆիլմը կինոթատրոններ է լցնում: «Բորատն» արդեն հավաքել է ավելի քան 100 մլն դոլար: Բրիտանացի դերասանի համարձակությունը պարզապես գնահատանքի է արժանի: Նա համարձակություն է ունեցել մուսուլմաններին ներկայացնել ամենածայրահեղ գույներով ու այն էլ այսօր՝ Իրաքի հետ պատերազմի ժամանակաշրջանում, ծաղրել հրեաներին Ամերիկայում եւ ամերիկացիներին ներկայացնել որպես հիմար ու սահմանափակ հասարակություն… Ամենաշատը զարմացրեց այն, որ հենց ամերիկացիները ֆիլմի ժամանակ շատ էլ հավեսով ծիծաղում էին:
Ի դեպ, Ռուսաստանն այս ֆիլմն արգելել է ցուցադրել կինոթատրոններում: Ռուսները վախենում են, որ ֆիլմը կարող է վիրավորել երկրում ապրող մուսուլմանների եւ ղազախների զգացմունքները:
Մինչեւ ֆիլմի պրեմիերան, Ղազախստանի դեսպանատունը բողոքի նոտա էր հղել Սպիտակ տուն: Նազարբաեւի այցի նախօրեին, ամերիկաղազախներն անգամ բողոքի հանրահավաք էին կազմակերպել Վաշինգտոնում` պահանջելով շրջանառությունից հանել այս ֆիլմը: Ֆիլմը վիրավորում է եւ խեղաթյուրված է ներկայացնում եւ մեկնաբանում ղազախ ժողովրդի բարքերը, կանանց, այդ ազգի հիգիենան…: Ղազախստանը, որպես երկիր, ցուցադրված չէ: Այն ներկա է ամերիկյան իրականության հետ համեմատության մեջ:
Հա, ի դեպ, ֆիլմը, չգիտես` ինչո՞ւ, ավարտվում է Իլհամ Ալիեւի լուսանկարով: Թե նա ի՞նչ կապ ունի Ղազախստանի հետ, այդպես էլ պարզ չդարձավ: Այսպիսով, առաջին անգամ ամերիկյան ֆիլմը կարող է պաշտոնապես արգելվել ցուցադրել Ռուսաստանում եւ Ղազախստանում, ամենայն հավանականությամբ, նաեւ Ադրբեջանում: Արգելումը, ինչպես հայտնի է, տվյալ դեպքում նաեւ գովազդ է այդ ֆիլմի համար: Եվ նման գովազդի դեպքում ֆիլմը մի քանի օրից կհասնի (եթե արդեն չի հասել) ԱՊՀ` DVD-ների տեսքով: Ռուս «պիրատները» չափազանց արագ են արձագանքում շուկայի պահանջներին:
Սակայն դժվար թե հայ «պրակատչիկները» ցուցադրեն այս ֆիլմը Երեւանում, որն արգելվել է Ռուսաստանում: Ոչ ոք չի ցանկանա մի ֆիլմի պատճառով վատացնել հարաբերությունները Կրեմլի հետ:
Ամենացավալին այն է, որ ֆիլմում բրիտանացի դերասանը եւ սցենարական խումբը հայերին հավասարեցրել է կամ համեմատել է ղազախների հետ: Պարզ է, որ, բացի անգլերենից, ինչ լեզվով էլ խոսեն, իրենց համար միեւնույն է: Ի դեպ, ֆիլմում Բորատի հայ պրոդյուսերը հայերեն այնպիսի հայհոյանքներ է տալիս, որ նույնիսկ հայերի երեւակայությունը չէր բավարարի: Այնպես որ, սա այն դեպքերից է, երբ անգամ համաշխարհային կինեմատոգրաֆում հայերեն լեզվի հայտնվելը բնավ մխիթարական չի հնչում:
Ինքը` ֆիլմի հեղինակն ասել է, թե պարզապես ցանկացել է զվարճանալ: Այդ պատճառով նա որեւէ սկզբունքային սցենարական, բարոյական, էսթետիկական, վիճակագրական, լեզվական, պատմական ճշգրտություն չի պահպանել: Արված է զուտ փող աշխատելու նպատակով: Ավելին, ասում են, որ ֆիլմի երկրորդ մասն էլ է սպասվում: