Անցյալ համարում մեր տպագրած նյութը դժգոհություն էր առաջացրել. Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանը, որն այժմ նաեւ նույն կոմբինատի բաժնետոմսերի 15%-ի սեփականատերն է, իր բացասական կարծիքն էր արտահայտել հոդվածի վերաբերյալ: Իսկ ինչու է դժգոհում պարոն Հակոբյանը: Որ կոմբինատի միջոցներով նա կարծեցյալ բարեգործություն է անում իր համար դրական իմիջ ստեղծելու նպատակով, արդեն նշել ենք: Որ 15% բաժնետոմսերի սեփականատերն է դարձել կոմբինատի իրական գնի համեմատ չնչին կոպեկներով՝ ստույգ իմանալով, որ կատարված գործարքը պետության ունեցվածքի թալան է՝ դա էլ ենք նշել: Անտեսել էինք սակայն մի հետաքրքիր փաստ՝ կոմբինատի տնօրենի որդին մեծամասնական ընտրակարգով ԱԺ պատգամավոր է ընտրվել Սյունիքի մարզպետ նշանակված Սուրիկ Խաչատրյանի փոխարեն: Թե ինչպիսին են տնօրենի 27-ամյա որդու օրենսդրական գիտելիքները, պատգամավոր ընտրվելուց անցած 6 ամիսների ընթացքում չի երեւացել: Դժգոհելու առիթ անգամ չկա՝ կոմբինատի սեփականաշնորհումից իր «փայը» տվել են, որդին նոր 27-ը բոլորած ազգի ընտրյալների ցանկում է, եղբայրը Կապանի կոմբինատի տնօրենն է, նախարարը գոհ ու շնորհակալ է նոր ջիփի համար՝ ամեն ինչ կարգին է: Տուժել է միայն պետությունը, դե, իսկ այդ մասին ո՞վ է մտածում, կարեւորը՝ վերեւներում գոհ լինեն: