Քրեական գործերը միավորվել են

27/11/2006

Մոսկվայի Չերկիզովսկի շուկայում այս տարվա օգոստոսի 21-ին տեղի ունեցած պայթյունի եւ ավելի վաղ` ապրիլի 22-ին մետրոյի «Պուշկինսկայա» կայարանում հայազգի 17-ամյա Վիգեն Աբրահամյանցի սպանության քրեական գործերը միավորվել են մեկ վարույթում: «Ինտերֆաքսի» փոխանցմամբ՝ Աբրահամյանց ընտանիքի շահերը ներկայացնող փաստաբան Սիմոն Ծատուրյանն ասել է, թե քրեական գործերը միավորվել են, քանի որ դրանցում առկա են «նույն անձինք»: Կապող օղակը Աբրահամյանցի սպանության մեղադրանքով ձերբակալված Նիկիտա Սենյուկովն է: Վերջինս ճանաչել է Չերկիզովսկի շուկայում պայթյունն իրականացրած ուսանողներին, որոնց հետ միասին անդամակցել է նույն խմբավորմանը, որը մետրոյում բազմիցս հարձակումներ է իրականացրել կովկասցիների վրա: Սենյուկովը նախաքննության սկզբում խոստովանել էր, որ ինքն է դանակով հարվածել Աբրահամյանցին, սակայն ասել էր, թե դա արել էր ինքնապաշտպանության նպատակով: