Նախընտրական «կորմլենիե»

27/11/2006 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

Տարածված այս կարծիքին է նաեւ այս օրերին Հայաստանի ամենաբարձրաստիճան պաշտոնյան՝ ԱԺ փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանը (ՀՀ նախագահը, վարչապետն ու ԱԺ նախագահն այս օրերին երկրում չեն): Իսկ իշխանության ո՞ր հատվածի մոտ է բացակայում այդ կամքը. ՀՀԿ-ի՞, ՀՅԴ-ի՞, թե՞ որեւէ այլ ուժի մոտ: ԱԺ դաշնակցական փոխնախագահի խոսքերով՝ որեւէ կուսակցություն չի կարող կիրառել քննչական ամբողջ գործընթացները կամ ձերբակալություններ կատարել: «Դրա համար հատուկ մարմիններ գոյություն ունեն: Այդ հատուկ մարմինները միշտ չէ, որ էֆեկտիվ են»,- երեկ «Ուրբաթ» ակումբում նշեց նա՝ հավելելով, թե բացի այդ էլ՝ կոռուպցիոն հանցանք գործած անձը հասարակական պարսավանքի չի ենթարկվում: ԱԺ փոխխոսնակը համաձայն է, որ պետական բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձը բարձրացնելը կոռուպցիայի դեմ պայքարի միջոցներից է, «բայց դա միջոցներից մեկն է եւ բավարար չէ»: Վ. Հովհաննիսյանը պնդում է, որ պետք է խստագույնս պատժվեն կոռումպացված պաշտոնյաները, սակայն կոռումպացվածների անուններ չի ասում: Սակայն նշում է, որ քաղաքական դաշտի հանդարտությունը թվացյալ է: Նա վտանգավոր է համարում այն, որ քաղաքական որոշ ուժեր հովանավորներ են փնտրում, այն էլ՝ հատկապես դրսում: Բայց ԱԺ փոխխոսնակը նկատում է, որ միայն փողը բավարար չէ: Պետք է նաեւ այդ փողն օգտագործելու կարողություն: Նա մտավախություն ունի, որ հնարավոր են նորամուծություններ՝ օրինակ՝ Մայդանի օրինակով, իսկ «նորության կարիք ունեցող երիտասարդությունը կուլ տա խայծը»:

Վ. Հովհաննիսյանը միաժամանակ գտնում է, որ ԱԺ առաջիկա ընտրություններից հետո ԱԺ կազմում «ցնցող փոփոխություններ» չեն լինի: Անդրադառնալով նախընտրական բարեգործություններին՝ ԱԺ ՀՅԴ-ական փոխնախագահը նշեց, որ իսկական բարեգործությունն այն է, որ տվածի դիմաց ոչինչ չես ուզում: Ըստ նրա, նմանօրինակ կազմակերպություններ են, օրինակ՝ ՀՕՄ-ը եւ ՀԲԸՄ-ն: «Իսկ նրանք ովքեր, անում են բարին, օրինակ՝ բաժանում են տուկի թել կամ ինչ-որ բարիքներ, կամ ասֆալտապատում են բակեր, վերանորոգում են տանիքներ, լիֆտեր եւ այլն, ըստ ամենայնի, դրա դիմաց ձայներ են ակնկալում. առնվազն այդպես է հասկացվում»,- նշեց Վ. Հովհաննիսյանը՝ ավելացնելով, թե դա արգելել հնարավոր չէ, քանզի լավություն անելը հնարավոր չէ արգելել: «Արդեն մնում է մեր ժողովրդին` տա՞լ այն, ինչ իրենից ակնկալում են, թե՞ ոչ»,- գտնում է նա: Ստեղծված իրավիճակը նա համեմատեց Ռուսաստանի պատմությունից հայտնի մի երեւույթի հետ, որը կոչվել է «կորմլենիե»: Ըստ Վ. Հովհաննիսյանի, ժամանակին ռուս թագավորն իր նահանգապետերին, որոնք «վոեվոդներ» են կոչվել, աշխատավարձ չի վճարել, սակայն հանձնարարել է հավաքել հարկերը, ապահովել տեղական իշխանությունը, երաշխավորել հնազանդությունն ու հավաքված հարկերից վերցնել իրենց հասանելիք աշխատավարձը: Սակայն մոտավորապես 18-րդ դարում ռուս թագավորները հասկացել են, որ դա վտանգավոր համակարգ է, որովհետեւ այդպիսի յուրաքանչյուր իշխանիկ ինքնուրույնության էր ձգտում: Արդյունքում` համակարգը փոխվել է, սակայն, ԱԺ փոխխոսնակի գնահատմամբ՝ մոտեցումը մնացել ու հասել է մեր օրերի Հայաստան: Նա գտնում է, որ եթե պետությունը բոլոր հարկերը հավաքի, ապա բարեգործության անհրաժեշտություն չի լինի: Ըստ Վ. Հովհաննիսյանի, տեղի է ունենում հետեւյալը. «Մարդիկ հարկերը մինչեւ վերջ, ամբողջությամբ չեն վճարում պետությանը, մնացած ավելցուկը, որ փաստորեն նույն ժողովրդից է գողացված, եւ պետությունը դա կարող էր ժողովրդին տալ, արդեն այլ անվամբ բաժանվում է ժողովրդին, որն ինքնին սխալ բան է»: Միաժամանակ նա գտնում է, որ պետությունը պետք է կարողանա կանխել սա, սակայն չի կարողանում, քանզի շատ հաճախ նույն մարդիկ, «ովքեր ֆեոդալներ են տնտեսական ասպարեզում», նաեւ քաղաքական որոշակի շրջանակներ են ներկայացնում: Վ. Հովհաննիսյանը երեկ չի տվել նաեւ «վոեվոդ-ֆեոդալների» անուններ: Նրա խոսքերով՝ այդ անունները հայտնի են բոլորին, իսկ ինքը չի ուզում դրանք բարձրաձայնել, որովհետեւ «մենք պայքարը սկանդալային միջավայր չենք ուզում տեղափոխել»: Նա վստահեցնում է սակայն, որ երկրի գլխավոր իշխանության առաջ այդ անունները բարձրաձայնում են: Լրագրողները նրան հիշեցրել են, որ 1998-ին ՀՅԴ-ն նախորդ իշխանության մասին խոսում էր անուններով, ու այդ անունները` որպես հանցագործների անուններ, բարձրաձայն հնչեցնում էր հանրահավաքների ընթացքում: Ի՞նչ է փոխվել, որ հիմա անուններ չեն տալիս: Վ. Հովհաննիսյանը բացատրեց, որ իրենք տեսել են, որ անունները բարձրաձայն հնչեցնելն արդյունք չի տալիս, դարձել են ավելի իրատես ու այդ պատճառով էլ փոխել են մոտեցումը եւ այժմ այդ անուններն իշխանական նեղ շրջանակներում են հնչեցնում: Սակայն պարզվում է, որ այդ մոտեցումն էլ օգուտ չի տալիս, որովհետեւ Վ. Հովհաննիսյանը չկարողացավ նշել նաեւ նեղ իշխանական շրջանակում տրված անուններին պատասխանատվության ենթարկելու օրինակ: «Խնդիրն այն է, որ դա էլ ճիշտ չէ անել, որովհետեւ մյուսները, ում հերթը չի հասել, կազմակերպում են նոր եւ շատ ավելի էֆեկտիվ դիմադրություն»,- պարզաբանել է նա: