Ադրբեջանի հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային խորհրդի որոշմամբ` դադարեցվել է ANS հեռուստաալիքի եւ ANS CM ռադիոկայանի հեռարձակումը: ANS CM ռադիոկայանով վերահեռարձակվում էին «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության հաղորդումները: Ինչպես «Ազատությանը» հայտնել է Ադրբեջանի հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային խորհրդի ներկայացուցիչը, խորհրդի երեկվա նիստի ժամանակ քննարկվել է հիշյալ հեռուստաալիքի եւ ռադիոկայանի արտոնագրի գործողության ժամկետի երկարաձգման հարցը: Հիմք ընդունելով «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի 22.4 հոդվածը՝ «Գործունեության ընթացքում բազմակի զգուշացման եւ պատժամիջոցների կիրառման մասին», նիստի մասնակիցները որոշում են ընդունել` չեղյալ հայտարարել ANS հեռուստաալիքի եւ ANS CM ռադիոկայանի արտոնագիրը: Ըստ որոշման, ANS-ի եւ ANS CM-ի հեռարձակումը պետք է դադարեցվեր տեղական ժամանակով ժամը 15:00-ին: Որոշմանը չենթարկվելու դեպքում այն իրականացվելու էր ուժային կառույցների միջամտությամբ: ANS-ի նախագահի խորհրդական Մաիս Մամեդովը հայտնել է, որ իրենք դիմելու են դատարան: Ժամը 15:00-ին ANS-ի հեռարձակումը դադարեցվել է: 5 րոպե անց այն վերականգնվել է, սակայն՝ խոտանով, եւ եթեր են հեռարձակվել լուրեր: Մոտ 20 րոպե անց ANS-ի հեռարձակումը կրկին դադարեցվել է: Ադրբեջանի լրագրողական շրջանակները տարակուսանք եւ վրդովմունք են արտահայտել ANS-ի հեռարձակման դադարեցման կապակցությամբ՝ այն գնահատելով որպես խոսքի ազատության ոտնահարում: