Նախագծի համաձայն, պետք է փոփոխվեն գազի սակագները: Ընդ որում` հանձնաժողովի աշխատակազմն առաջարկել է փոխել գազի սակագինը թե՛ խոշոր սպառողների, թե՛ սովորական բաժանորդների համար: Մինչեւ 10.000 խմ սպառողների համար 1 խմ գազը 90 դրամից դարձնել 84 դրամ, իսկ 10.000 խմ եւ ավելի սպառողների համար 1000 խմ-ն 146,5 դոլարից դարձնել 153,26 դոլար: Հիշեցնենք, որ նոյեմբերի 7-ին «ՀայՌուսգազարդ» ընկերությունը հայտ էր ներկայացրել հանձնաժողովին՝ առաջարկելով խոշոր սպառողների համար գազի սակագինը գործող 146,5 դոլարի փոխարեն դարձնել 172 դոլար, իսկ սովորական բաժանորդների՝ բնակիչների համար թողնել նույնը: Դրանից մեկ շաբաթ առաջ ընկերության տնօրեն Կարեն Կարապետյանն ասուլիսում հայտարարել էր, թե խոշոր սպառողներն իրենցից գազը գնելով եւ վերավաճառելով կամ արտադրություն կազմակերպելով՝ գերշահույթ են ստանում: Դոլարի արժեզրկման եւ գազի գնի սուբսիդավորման արդյունքում ներկայումս խոշոր սպառողները գազի դիմաց ավելի քիչ են վճարում, քան նախկինում: Հիշեցնենք, որ խոշոր սպառողների համար գազի սակագինը սահմանված է դոլարով: Կ. Կարապետյանն այն ժամանակ նաեւ կարծիք էր հայտնել, թե ՀՀ կառավարությունը ճիշտ չի անում, որ սուբսիդավորում է գազ սպառող բոլոր բաժանորդներին: Այսինքն` կարելի էր սուբսիդավորել մինչեւ 10.000 խմ սպառողների կամ սովորական քաղաքացիների սպառած գազի համար: Արդյունաբերողները կամ ընդհանրապես խոշոր՝ 10.000 խմ եւ ավելի սպառողներն իրենք էլ ի վիճակի կլինեին վճարել իրենց օգտագործած գազի դիմաց: Իսկ գարնանը, երբ բարձրացավ գազի սակագինը, մեր կառավարությունը որոշեց մեղմել դրա ազդեցությունը: Արդյունքում` բոլոր բաժանորդներն էլ շարունակեցին իրենց սպառած գազի դիմաց վճարել նույն գինը: Մոտ երկու տարի տարբերությունը վճարելու է կառավարությունը Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկի վաճառքից ստացած 250 մլն դոլարով:
Ինչպես արդեն նշեցինք, Հանրային ծառայությունների սակագները կարգավորող հանձնաժողովի աշխատակազմը որոշել է գազի սակագինը փոփոխել բոլոր բաժանորդների համար: Ընդ որում` բնակիչ բաժանորդների համար 6 դրամով էժանանալու է, իսկ խոշոր սպառողների՝ արդյունաբերողների եւ վերավաճառողների համար, թանկանալու է մոտ 7 դոլարով /1000 խմի համար/: ՀՀ կառավարությունը սովորական բաժանորդների օգտագործած յուրաքանչյուր 1000 խմ-ի համար տալիս էր 25.000 դրամ սուբսիդիա: Այսինքն` 1000 խմ-ի համար վճարվելիք 90.000 դրամը դառնում էր 65.000 դրամ: Եթե այսուհետ պահպանվի այդ 25.000 դրամ սուբսիդիան, ապա մենք մեր սպառած 1000 խմ-ի համար նախկին 65.000-ի փոխարեն կվճարենք 59.000 դրամ: Իսկ խոշոր կամ 10.000 խմ եւ ավելի գազ սպառող բաժանորդների համար հանձնաժողովը կատարել է հետեւյալ թվաբանությունը: Այս չափի սպառողները գարնանային թանկացումներից հետո մինչեւ հիմա 1000 խմ դիմաց վճարում էին 146,5 դոլար, որից 52 դոլարը վճարում էր կառավարությունը: Խոշոր սպառողներն իրենց գրպանից վճարում էին ընդամենը 94 դոլար: Հիմա, այս որոշման նախագծի համաձայն, խոշոր սպառողների 146,5 դոլարը պետք է դառնա 153 դոլար` ՚ՀայՌուսգազարդի՚ առաջարկած 172 դոլարի փոխարեն: Եթե կառավարությունը շարունակի սրանց էլ նույն չափով՝ 52 դրամով սուբսիդավորել, ապա խոշոր սպառողներն այսուհետ 94 դոլարի փոխարեն կվճարեն 101 դոլար: Այս թվերի ետեւում տասնորդական եւ հարյուրերորդական միավորներ էլ կան, բայց մենք ներկայացնում ենք կլորացրած տարբերակով, որպեսզի էլ ավելի պարզ լինի: Բայց այս թվաբանական փոփոխությունը կամ, ինչպես կատարողներն են ասում՝ տնտեսագիտական բարդ հաշվարկը դեռ որոշման նախագիծ է, որը կհաստատվի կամ կմերժվի հանձնաժողովի նոյեմբերի 29-ի նիստում: Բայց փորձը ցույց է տալիս, որ հանձնաժողովն իր կայքում տեղադրած բոլոր նախագծերը վերջում հաստատում եւ դարձնում է որոշում: Այնպես որ` որոշում կդառնա նաեւ այս նախագիծը: Սակայն մեզ համար զարմանալի է, երբ որեւէ ապրանքի գին է իջնում, թեկուզ 6 դրամով: Վերջին տարիներին սովորական ապրանքների հետ միասին եւ գրեթե նույն տոկոսային չափով թանկացել են նաեւ գազն ու ջուրը: Այս 6 դրամի էժանությունն աննախադեպ երեւույթ էր: Իրականում այդ 6 դրամն էական փոփոխություն չի բերի թե՛ խոշոր, թե՛ սովորական սպառողների համար: Ուրեմն` ո՞րն էր դրա պատճառը: Նորից արդիական է դառնում այն տեսակետը, թե մենք հիմա նախընտրական շրջանում ենք, եւ իշխանությունները նման քայլի գնացին դիվիդենտ հավաքելու եւ ընտրողների վստահությունն ու համակրանքը շահելու համար:
Բայց թանկացավ խոշոր սպառողի համար: Թանկացավ ցեմենտի, էլեկտրաէներգիայի, հացի, պահածոյի եւ ընդհանրապես բոլոր այն ապրանքների համար, որոնց արտադրության մեջ գազ է օգտագործվում: Իսկ գազը կամ գազից ստացված էլեկտրաէներգիան օգտագործվում է գրեթե բոլոր արտադրություններում: Այնպես որ` գազի թանկացումից հետո կբարձրանան նաեւ այդ ապրանքների գները: Դժվար թե մեր արտադրողներն այդ 7 դոլարի կամ 4,5 տոկոսի տարբերությունը հաշվեն ի վնաս իրենց, դա դուրս է գալու նորից սովորական բաժանորդի, կամ ցեմենտ, էլեկտրաէներգիա, հաց ու պահածո սպառողների գրպանից: Ընդ որում` խոշոր սպառողների համար գազի թանկացումն անուղղակիորեն ավելի թանկ է նստելու մեր քաղաքացիների վրա, քան պետք է ուղղակիորեն վճարեին: Այս որոշումից հետո մեր գրպանից գազի համար ավելի շատ փող է դուրս գալու, քան դուրս էր գալիս մինչեւ «էժանանալը»: Եվ ստացվում է, որ հանձնաժողովն իր երկակի ստանդարտներով նորից կպավ հասարակ ժողովրդի գրպանին: Ի դեպ՝ հանձնաժողովի մասին. իրավաբանորեն այս կառույցը համարվում է անկախ: Եվ իսկապես անկախ լինելու դեպքում չի բացառվում, որ հանձնաժողովն ի սրտե եւ մեծ չափով էժանացներ գազի ու մյուս ծառայությունների սակագները: Բայց քանի որ մեր երկրում անկախ կառույց չկա, թեկուզ հարաբերականորեն, ուրեմն կարող ենք ասել, որ այս հանձնաժողովն այս անգամ էլ կատարեց իշխանությունների պատվերը: