Բանն այն է, որ 1988 թվականից սկսած` այդ հյուրանոցում բնակեցվել են երկրաշարժից տուժած անօթեւան ընտանիքներ, ինչպես նաեւ` Բաքվից Հայաստան եկած փախստականներ: Մեզ զանգահարող կինը խնդրում էր այցելել հյուրանոցում բնակվող մի ընտանիքի եւ տեղում ծանոթանալ նրանց ծայրահեղ ծանր վիճակին: Այդ կնոջ պատմելով՝ «Էրեբունի» հյուրանոցը վերջերս վաճառվել է, հետեւաբար` նոր սեփականատերը կապիտալ շինարարություն է իրականացնում: Հյուրանոցում բնակվող ընտանիքներին տարածքի նոր սեփականատերը դուրս է հրավիրում: Հեռախոսազրույցի ժամանակ մեր զրուցակից կինը վստահեցնում էր, որ հյուրանոցում ապրող ընտանիքներից մեկում հաշմանդամ, անկողնային հիվանդ կին կա, որը գրեթե մահամերձ վիճակում է. «Նրանց 3000 դոլար են առաջարկում ու ասում են՝ գնացե՛ք Գյումրիում ապրեք: Բայց հնարավոր չէ, որ նրանք դուրս գան այդ սենյակից, հիվանդը ճանապարհին կմահանա, ծանր հիվանդ ա: Նրանց կոպիտ ձեւով էդ շենքից վռնդում են, բայց մարդիկ չեն կարող դուրս գալ, շատ վատ վիճակում են: Դիտավորյալ բռնել, շենքի լույսն ու ջուրն անջատել են: Ամբողջ շենքն առանց հոսանքի ու առանց ջրի ա: Ստիպված՝ մթության ու ցրտի մեջ ծվարել են: Շատ մեղք են, գնացեք ձեր աչքով տեսեք: Ախր էդ գումարով նրանք ի՞նչ կարան առնեն»,- վստահեցնում էր մեզ զանգահարող կինը, ով չցանկացավ ներկայանալ: Միայն ասաց, որ ուսուցչուհի է եւ պարզապես մտահոգված է այդ մարդկանց ճակատագրով: Ահազանգից քիչ անց այցելեցինք «Էրեբունի» հյուրանոց, որտեղ, սակայն, ոչ ոք չկար: Հյուրանոցի կենտրոնական շենքում շինանյութ տեղափոխող բեռնատար մեքենաներ էին կանգնած, որոնք վկայում էին, որ շենքն արդեն վերակառուցման ընթացքի մեջ է: Այդ տարածքին ծանոթ պատահական անցորդները վկայում էին, որ անօթեւան ընտանիքներին վաղուց արդեն տեղահանել են: Քանի որ մենք այցելել էինք երեկոյան ժամի, շենքի սենյակներից որեւէ մեկում առհասարակ լույս չէր վառվում, իսկ մուտքի դարպասները դրսից կողպված էին: Տպավորությունն այնպիսին էր, որ հյուրանոցի մեջ հնարավոր չէ ապրել, քանի որ միայն շենքի արտաքին պատերն են մնացել: Այնուամենայնիվ, երեկ առավոտյան էլ այցելեցինք հյուրանոց, սակայն հյուրանոցի դարպասները կրկին կողպված էին, եւ մեզ չհաջողվեց ներս մտնել: Հյուրանոցի մոտ կանգնած մարդկանց հարցուփորձ անելով՝ պարզեցինք, որ, իրոք, շենքը վաճառվել է, եւ նոր սեփականատերն այդ մարդկանցից պահանջում է ազատել հյուրանոցը: Հավաքված մարդիկ վկայեցին, որ հյուրանոցում այժմ մնացել են վերոնշյալ քույրերը, որոնցից մեկը մեզ ահազանգած կինն էր: Հյուրանոցի տերերին հաջողվել է մյուս բնակչին՝ փախստական տղամարդուն դուրս հանել, եւ նա արդեն քանի օր է՝ գիշերում է հյուրանոցի դիմաց կանգնած բեռնատար մի մեքենայի մեջ. «Որ տեսնեք՝ ձեր մեղքն էլ կգա: Էս ցրտին դրսում ա քնում, բոմժ ա դարձել էդ մարդը: Սաղ օրը սոված-ծարավ փողոցներում թրեւ ա գալիս»,- վստահեցրին հարակից տարածքում գտնվող մարդիկ, ովքեր խորհուրդ տվեցին ինֆորմացիա ստանալու համար դիմել պահակին: Մեզ հուշեցին՝ պահակին փնտրել Միությունների տան շենքում: Պահակին գտնելու մեր բոլոր փորձերն ապարդյուն անցան: «Ինքը ստեղարենք համարյա չի լինում, պիտի ժամերով ստեղ կանգնեք, որ պատահական բռնացնեք»,- ասացին հյուրանոցի մոտ գտնվող մարդիկ: Երկար փնտրտուքից հետո մեզ հաջողվեց գոնե գտնել հյուրանոցի արդեն նախկին բնակիչ, փախստական Ռուդոլֆ Սիմոնյանին, ով, 6 ամիս է, ինչ փողոցներում է ապրում: Նա հաստատեց մեզ ահազանգած կնոջ խոսքերը՝ ավելացնելով, որ հյուրանոցում ապաստան գտած քույրերին հոգեբանորեն այնքան կճնշեն` մինչեւ հիվանդը կմահանա: Ռ. Ստեփանյանի հավաստմամբ՝ հյուրանոցը վաճառելուց առաջ փախստականների հետ պայմանագիր են կնքել, ըստ որի` նրանց որպես փոխհատուցում կտրամադրեն 8000 դոլար: Իսկ աղետի գոտուց տուժածներին 3000 դոլար են տրամադրել: «Այդ գումարով շատերը չկարողացան բնակարան գնել, մնացին փողոցներում: Այսօր հնարավո՞ր է այդ գումարով գոնե ծայրամասում 1 սենյականոց բնակարան գնել, ասեք խնդրեմ: Ես ոչ մի գումար չեմ վերցրել: Պահանջել եմ` կամ բնակարան գնեն ինձ համար, կամ ծայրամասերում գտնվող 1 սենյականոց բնակարանին համարժեք գումար տան»,- ասում է Ռուդոլֆը, ում հյուրանոցի նախկին տնօրեն Ֆելիքս Սիմոնյանը 6 ամիս առաջ դուրս է վռնդել՝ անգամ թույլ չտալով սենյակից սեփական իրերն ու փաստաթղթերը վերցնել: Ռ. Ստեփանյանը մեզ հետ զրույցում ասում էր. «Ես շատ վատ վիճակում եմ, ինձ մոտ քաղցկեղ են ախտորոշել, իսկ փողոցներում ցրտին մնալն է՛լ ավելի վիճակս բարդացրել ա: 6 ամիս անօգնական ձեւով դրսում գիշերելով` ես խոր դեպրեսիա ունեցա, հոգեբուժարանում բուժվեցի, բայց հիմա էլի սարսափելի վիճակում եմ»: Նրա հավաստմամբ, երբ հյուրանոցի տնօրենին խնդրել է թույլ տալ գոնե ներս մտնել, փաստաթղթերը վերցնել, վերջինս կտրականապես արգելել է՝ աշխատակիցներին հրահանգելով կողպված դռները որեւէ մեկի առաջ չբացել: «Ստիպված գնացի Դատախազություն, էնտեղից ուղարկեցին Ոստիկանություն: Ոստիկանությունում ինձ ասեցին՝ գնա, քեզ կթողնեն ներս, բայց գնացի՝ նորից չթողեցին: Հետո, երբ նորից գնացի ոստիկանություն, ինձ ասացին, որ հյուրանոցի ներկայացուցիչների վարմունքի մեջ ոչ մի կրիմինալ բան չկա, ու ինձ չեն կարող օգնել»,- պատմում է թափառաշրջիկ դարձած փախստականը: Իսկ թե Ռ. Ստեփանյանն ինչո՞ւ է 8000 դոլարը վերցնելու փոխարեն նախընտրում փողոցներում ապրել, նա այսպես պատճառաբանեց. «Ախր հնարավոր չէ 8000-ով գոնե նկուղային հարկ գնել, իսկ եթե իրենք հնարավոր են համարում, ապա թող գումարի փոխարեն իրենք գնեն, ես գնամ ապրեմ»: Այն, որ «Էրեբունի» հյուրանոցը քաղաքի կենտրոնում արդեն քանի տարի անմխիթար վիճակում է եւ վերակառուցման խնդիր ունի՝ փաստ է: Բայց չէ՞ որ պետությունն իր քաղաքացիների մասին պետք է հոգ տանի՝ գնորդին պարտադրելով այդ մարդկանց կամ բնակարանով ապահովել, կամ շուկայական գներին համապատասխան գումար վճարել, որպեսզի այդ գումարով մարդիկ կարողանան բնակարան գնել: Ռ. Ստեփանյանի հարցադրումը ճիշտ է՝ եթե այսօր 8000 դոլարով նույնիսկ ծայրամասերում կարող են բնակարան գնել՝ թող գնեն, եւ ինքը կգնա-կապրի: