Այս տարի արտադրական ծավալների անկում է գրանցվել նաեւ ակնագործության եւ ոսկեգործության ոլորտներում: Անցած 10 ամիսներին, 2005թ. նույն ժամանակաշրջանի համեմատ, այս ճյուղերում նկատվել է համապատասխանաբար 19,7 եւ 17,6 տոկոսի անկում: Ծավալների հետ զուգահեռ` 300-ով կրճատվել է նաեւ ոլորտում աշխատուժի քանակը: Առեւտրի եւ տնտեսական նախարարության ակնագործության եւ ոսկերչության բաժնի վարիչ Գագիկ Մկրտչյանի ասելով` արձանագրված անկումը հիմնականում պայմանավորված է ոսկերչական միջազգային շուկայում ստեղծված ճգնաժամով, որն, արդեն 2 տարի է, կա: Անկման մյուս պատճառն էլ դոլարի արժեզրկումն է: «Դա հանգեցրել է արտադրանքի ինքնարժեքի մեծացմանը, որի հետեւանքով նվազել են մրցունակության հնարավորությունները եւ այս բնագավառում ներգրավված մասնագետների վարձատրության չափը»,- ասում է նա: Իսկ այս հանգամանքը բերում է նրան, որ հայ մասնագետներն ադամանդ մշակելու համար մեկնում են այլ երկրներ, օրինակ, Նամիբիա կամ Կանադա: Մկրտչյանի խոսքերով` ոլորտում տեղի ունեցող անկումը հետեւանք է նաեւ ՌԴ-ից ալմաստի ներկրման կտրուկ կրճատմանը: Ճիշտ է` ՀՀ-ն ՌԴ-ի հետ ադամանդ ներկրելու Միջկառավարական համաձայնագիր ունի, բայց այս տարի գրեթե չի ներկրել: Պատճառն այն է, որ ՌԴ-ն ազատականացրել է իր ալմաստի գները, որի հետեւանքով տեղի է ունեցել թանկացում: ՀՀ ներկրվող հումքի 54,6 տոկոսը ստացվել է Իսրայելից, 41 տոկոսը` Բելգիայից: ՌԴ-ին բաժին է ընկնում 0,3 տոկոսը: Մնացած 3 տոկոսը ներկրել են այլ երկրներից: Գ. Մկրտչյանի ասելով` նոյեմբերի վերջին սպասվում է վարչապետ Անդրանիկ Մարգարյանի այցը ՌԴ, որտեղ քննարկվելու են այս ոլորտի հայկական եւ ռուսական ընկերությունների համագործակցության ակտիվացման հարցերը: Ի տարբերություն այս ճյուղերի` առաջընթաց է նկատվում հանքարդյունաբերության ոլորտում: Այս մասին էլ վկայեց նախարարության մեկ այլ պաշտոնյա՝ Հանքարդյունաբերության վարչության պետ Արթուր Աշուղյանը: Օրինակ, շինանյութ հանդիսացող հանքային ապարների արդյունահանման ոլորտում գրանցվել է 10 տոկոս աճ: Բայց այս թիվը չի համընկնում այս տարի շինարարության 40 % աճի հետ: Ա. Աշյուղյանը համաձայն չէ, որ շինարարական հանքարդյունաբերության մյուս 30 տոկոսը գտնվում է ստվերում: Լավ վիճակում է նաեւ ֆերոմոլիբդենի արդյունահանումն ու արտահանումը: