Ինչպես կանխել դեմքի անժամանակ ծերացումը

27/11/2006

Կրկնակզակի դեպքում

Գլուխը ետ տանել, առաջ ձգել ներքին ծնոտը եւ վեր բարձրացնել այնպես, որ ներքին շուրթը ծածկի վերեւինը։ Դանդաղ գլուխը շրջել ձախ, ընդունել ելման դրություն։

Քթի եւ շուրթերի շրջանում կնճիռների դեպքում

Բերանը բացել «ա» արտասանելու եղանակով։ Չփակելով բերանը` դանդաղորեն ձգել վերին շուրթը, մինչեւ այն ծածկի ատամների ներքին շարքը։ Հաշվել մինչեւ տասը եւ ընդունել ելման դրություն։ Կրկնել 1-2 անգամ։

Աչքերի մոտի կնճիռների դեպքում

Միջին երեք մատներով ամուր սեղմել կնճիռների գիծը, թույլ չտալով, որ այն տեղաշարժվի։ Դանդաղորեն փակել կոպերը, ուժեղ կկոցել, եւ նորից դանդաղորեն բացել։ Վարժությունը կրկնել 2-3 անգամ։

Աչքերի շուրջը, այսպես կոչված, «սագի թաթերի» դեպքում

Ատամներն ամուր սեղմել, շուրթերը ձգել կողք եւ որքան հնարավոր է բարձրացնել հոնքերը։ Հաշվել մինչեւ տասը եւ ընդունել ելման դրություն։ Կատարել 1-2 անգամ։

Ճակատի հորիզոնական ծալքերի դեպքում

Երկու ձեռքերի մատներով ամուր բռնել ճակատը (հոնքերից վեր) եւ ուժով մկանները ձգել դեպի մազերը։ Ամուր կկոցել աչքերը։ Հաշվել մինչեւ տասը եւ ընդունել ելման դրություն։ Կրկնել վարժությունը 3-4 անգամ։

Հոնքերի միջեւ ուղղահայաց ծալքերի դեպքում

Չփոխելով շուրթերի եւ կրկնակզակի բնական դիրքը, քթի մաշկը ձգել վեր եւ հաշվել մինչեւ տասը։ Կրկնել 2-3 անգամ։ Այդ մարզանքի ժամանակ անհրաժեշտ է դեմքի ինքնամերսում։ Շարժումները պետք է շատ թեթեւ լինեն, որպեսզի մաշկը չձգվի։

Ճակատի մերսում

Երկու ձեռքերի մատները հպել ճակատի միջին մասին եւ կատարել երեք կամ չորս թեթեւ հարթեցնող շարժումներ քունքերի ուղղությամբ։

Աչքերի շրջանի մաշկի մերսում

Ձախ ձեռքի միջին մատով եւ մատնեմատով սեղմել ձախ քունքի մաշկը։

Աջ ձեռքի մատնեմատով կատարել հարթեցնող թեթեւակի շարժումներ ձախ աչքի արտաքին անկյունից` աչքի տակով մինչեւ ներքեւի անկյունը, եւ այդ մասից, աչքի վերեւի մասով, մինչեւ արտաքին անկյունը։ Նույնպիսի մերսում կատարել աջ աչքի հետ։