Դեկտեմբերի 10-ին կկայանա ԼՂՀ Սահմանադրության հանրաքվեն: Ինչպես հավաստիացնում են ԼՂՀ իշխանությունները, Սահմանադրության նախագծի տեքստով բրոշյուրներն արդեն տարածվել են հանրապետության բոլոր շրջանների բնակավայրերում: Մարտակերտի շրջանի Հաթերք, Դրմբոն, Չլդրան եւ Մարտունու շրջանի Ջիվանի գյուղերի մեր աղբյուրները հայտնում են, որ բրոշյուրները հասել են նշված գյուղերի բնակիչներին, նույնիսկ նախատեսվում է քննարկումներ կազմակերպել գյուղաբնակների շրջանում, սակայն, մեր տվյալներով, Մարտակերտի շրջանի Հովտաշեն գյուղում, որտեղ բնակվում է 200-ից ավելի մարդ, մինչ օրս Սահմանադրության նախագիծը բնակիչները չեն ստացել:
Նոյեմբերի 20-ին տեղի ունեցած ԼՂՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկվեց եւ հաստատվեց քվեաթերթիկի նմուշը: Ստեղծվեց նաեւ ՀԿՀ ժամանակավոր, հասարակական հիմունքներով գործող մամլո կենտրոն, որի ղեկավար հաստատվեց ԼՂՀ ԱԺ մամլո ծառայության ղեկավար Միքայել Հաջյանը։ Սահմանադրության քարոզչությունն արդեն սկսել են նաեւ ԼՂՀ ԱԺ-ում ընդգրկված քաղաքական կուսակցությունները, որոնք նախատեսում են հանդիպումներ կազմակերպել՝ աշխատանքային կոլեկտիվներում, հիմնարկներում, ուսումնական հաստատություններում: Իսկ «Ազատ հայրենիք» կուսակցությունն արդեն հանդիպում է կազմակերպել Մարտունու շրջանի Քերթ գյուղում: Փաստորեն, ԼՂՀ կուսակցությունները հիմնականում կողմ են երկրի Սահմանադրության ընդունմանը, չնայած կան հարցեր, որոնց պատասխանները նախագծում չկան: ԼՂՀ ԱԺ Պաշտպանության, անվտանգության եւ օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռուդոլֆ Մարտիրոսյանի խոսքերով, ՀՀ եւ ԼՂՀ Սահմանադրություններն ընդհանրություններ շատ ունեն: ԼՂՀ-ն նույնպես անցնում է կառավարման կիսանախագահական մոդելի, ավելացվում են ԱԺ լիազորությունները: Ընդհանուր են վարչապետին եւ գլխավոր դատախազին նշանակելու կարգերը: ԱԺ կազմում գտնվող Վերահսկիչ պալատը հանրաքվեից հետո կդառնա անկախ մարմին, ինչպես ՀՀ-ում: Կան նաեւ առանձնահատկություններ. ԼՂՀ-ում, օրինակ, չի լինելու Սահմանադրական դատարան, փոխարենը` Գերագույն դատարանի կազմում գործելու է Սահմանադրական պալատ, որին կարող է դիմել ցանկացած քաղաքացի: Երկրի նախագահն ունենալու է օրենսդրական նախաձեռնության իրավունք: Պատգամավոր ԼՂՀ-ում կարող են դառնալ ոչ թե 25, այլ 23 տարին լրացածները: Տարբեր են կառավարությունը ձեւավորելու եւ դատարանների կազմավորման մեխանիզմները, Սահմանադրության կառուցվածքը եւ մարդու իրավունքներին վերաբերող գլուխը: ԼՂՀ-ում քաղաքացիության հարցերը կարգավորվելու են առանձին օրենքով. Սահմանադրությամբ պարզապես չի արգելվում երկքաղաքացիությունը: