Նոր ալյանս՝ նոր տարում

07/05/2005

Վերլուծաբանների այն կանխատեսումները, թե 2005-ը կարող է բեկումնային տարի դառնալ հայաստանյան ներքաղաքական զարգացումների համար, գուցե շատերին անհիմն են թվում, սակայն, որ այս տարվա ընթացքում ներքաղաքական տարաբնույթ խմորումների արդյունքում կարող են ամենաանհավանական թվացող ալյանսներ ստեղծվել, կարծես այնքան էլ հեռու չէ ճշմարտությունից։ Նման հեռանկարների մասին են հուշում վերջին օրերին քաղաքական շրջանակներում շրջանառվող այն լուրերը, ըստ որոնց` Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Կառլոս Պետրոսյանի միջնորդական ջանքերի շնորհիվ արդեն մոտ ժամանակներս կարող է ի հայտ գալ, թվում էր, թե անհամատեղելի քաղաքական գործիչների մի նոր քաղաքական ալյանս՝ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի եւ «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի միջեւ։ Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ «168 Ժամն» արդեն անդրադարձել էր ամանորյա արձակուրդների ժամանակ Դուբայում Կառլոս Պետրոսյանի, Արթուր Բաղդասարյանի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի միջեւ կայացած խորհրդավոր մի հանդիպմանը, որն, ըստ էության, կայացել էր ՀՀ ղեկավարությունից գաղտնի: Ըստ լավատեղյակ աղբյուրների` այդ հանդիպման ժամանակ մանրամասնորեն քննարկվել են նաեւ Արթուր Բաղդասարյանի եւ Արամ Կարապետյանի միջեւ հնարավոր սերտ համագործակցության հնարավորությունները։ Միեւնույն ժամանակ, դեռ անցյալ տարվա վերջին մամուլում եւ քաղաքական շրջանակներում լուրեր տարածվեցին եւ քննարկման առարկա դարձան արդեն պաշտոնանկ եղած ՀՀ ԱԱԾ-ի տնօրեն Կառլոս Պետրոսյանի եւ «Նոր Ժամանակների» առաջնորդի ոչ ֆորմալ սերտ շփումները եւ նույնիսկ ինչ-ինչ համագործակցությունը։

Այնպես որ, քաղաքական այս հնարավոր ալյանսի մասին խոսակցություններն ամենեւին էլ հիմնազուրկ չեն։