Հայկական կողմը համաձայնել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպմանը, որը հավանաբար կկայանա նոյեմբերի 28-ին՝ Մինսկում: Այս մասին երեկ Երեւանում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը: «Ազատության» փոխանցմամբ՝ համանախագահների հանդիպումները ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ Յու. Մերզլյակովը որակել է «բովանդակալից եւ արդյունավետ»: «Մենք դեռ այսօր Բաքվում պետք է ստանանք հանդիպման վերաբերյալ ադրբեջանական կողմի համաձայնությունը, թեեւ ավելի վաղ Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովն այս կապակցությամբ համապատասխան հայտարարություն արել է»,- ասել է ռուսաստանցի համանախագահը: Նա նաեւ տեղեկացրել է, որ ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան առաջիկա օրերին պետք է հանդիպի ԼՂ նախագահ Արկադի Ղուկասյանի հետ, ով այս օրերին գտնվում է ԱՄՆ-ում: «Ընդհանուր առմամբ, մենք կարծում ենք, որ տարին ավարտվում է բավական լավատեսական նոտայի վրա,- ասել է Մերզլյակովը՝ հավելելով,- Եթե մեզ հաջողվի պահպանել կողմերի այս տրամադրությունը, իսկ մենք հույս ունենք, որ դա կհաջողվի, ապա 2007 թվական մենք կմտնենք բավական լավ հեռանկարներով»: Իսկ ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն էլ գտնում է, թե «այսպիսի հակամարտություն կարգավորելը նման է խաղաղության պատ կառուցելուն»: «Ամեն անգամ մենք փորձում ենք օգնել կողմերին` դնել եւս մեկ-երկու աղյուս այդ պատում, եւ եթե մենք շարունակում ենք ավելացնել աղյուսները՝ դա լավ է»,- ասել է Ֆասիեն՝ ավելացնելով, թե առայժմ այդ պատը դեռ բավական ամուր չէ, որպեսզի թույլ տա արդեն գրել վերջնական կարգավորման համաձայնագիրը: Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններին վերաբերող հարցին ի պատասխան՝ Յու. Մերզլյակովը կարծիք է հայտնել, թե վերջին շրջանում նման հայտարարությունները նվազել են: «Մենք միշտ ենթադրում ենք, որ նման «կրակոտ» հռետորաբանությունը խանգարում է գործընթացին, առավել եւս, երբ այդ հայտարարությունները արվում են ինչ-որ կարեւոր հանդիպումների նախաշեմին կամ պատասխանատու պահերին»,- ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահը՝ հավելելով, թե վերջին շրջանում նման հայտարարություններն ավելի քիչ էին հնչում: «Համենայն դեպս, մենք չենք զգացել, որ դա զգալիորեն խանգարի այն հիմնական առաջադրանքին, որ մենք տեսնում էինք 2006-ը նախագահների երրորդ հանդիպումով ավարտելու համար»,- նշել է նա: Իսկ Բ. Ֆասիեն էլ ասել է, թե այս առումով համանախագահները մի դիրքորոշում ունեն. պատերազմն այս հակամարտությունը կարգավորելու իրական հնարավորություն չի կարող լինել: