«Ամերիկյան փորձառության մեջ եզակին այն է, որ բոլոր ամերիկացիները կամ նրանց պապերն էմիգրանտներ են: Նրանք ազգային-աշխարհագրական պատկանելություն չունեն, ուստի նրանց համար դժվար է հասկանալ այն, ինչ տեղի ունեցավ Հարավսլավիայում: Ձեր եւ ադրբեջանցիների միջեւ առկա հակասությունները մեր փորձառություններից այնքան հեռու են, որ չենք կարողանում հասկանալ: Երբ մենք տեսնում ենք, որ ժողովուրդները պայքարում են մշակույթի, էթնիկ հարցերի, տարածքների եւ այլ բաների համար` չենք հասկանում: Մենք պայքարում ենք միայն ու միայն ռեժիմի դեմ. ռեժիմն ենք փոխում, դրա համար մեզ ասում են` հերոսներ: Իսկապես, ամերիկացիները չեն հասկանում, թե ինչ է կատարվում մուսուլմանական աշխարհում»:
Երեք շաբաթ` ԱՄՆ կառավարության հրավերով «Միջազգային այցելու ծրագրի» շրջանակներում ԱՄՆ-ում գտնվելու ընթացքում, նման կարծիք բազմիցս լսեցինք:
Վաշինգտոնում մեր ունեցած հանդիպումների ընթացքում այս տեսակետը պնդող անձերից մեկը (անունը հրապարակել չենք կարող, քանի որ այս ծրագիրը լուսաբանման նպատակով չէր: Հետեւաբար` լուսաբանելու դեպքում չպետք է կոնկրետ անուններ նշվեն: Սա «դեմոկրատական» ԱՄՆ-ի ցանկություն-պահանջն է:), իր կարծիքը հիմնավորելու համար, բերեց հետեւյալ դիտարկումը. «Օրինակ, Իրաքի դեմ ԱՄՆ պատերազմն ի՞նչ է: Ո՞վ կարող է հավատալ, որ սա նավթի փողերի դեմ պատերազմ է: Ոչ ոք: Մենք այս պատերազմով ավելի շատ գումար ենք ծախսում, քան կարող ենք Իրաքից 6-7 տարի նավթ քաղել: Այս երկրների պետական կառուցվածքը խիստ կայուն է. դա նման է եռանկյունու, որն ամուր հիմք ունի: Այնպես որ` որքան էլ ասեն, թե այս պատերազմը նավթի դեմ է` հիմնավոր չէ, եւ բոլորն էլ հավատացած են, որ Իրաքյան պատերազմն Իրաքի ռեժիմի դեմ էր, որը շատ ավելի ամուր էր, քան ԱՄՆ-ինը, եւ ուզում են թուլացնել»:
ԱՄՆ-ում շարքային քաղաքացին Իրաքյան պատերազմը համարում է նախագահ Բուշի քմահաճույքը, ով ցանկանում էր ընդամենն աշխարհին ցույց տալ, որ ինքն է աշխարհի ամենահզորը, եւ, որ ինքը կարող է որոշել, թե ով ինչ պետք է անի, ինչ` ոչ: Հենց միայն սրա համար բոլորը, կարելի է ասել, ատում էին Բուշին, նույնիսկ նրա կողմնակիցները, ովքեր ոչինչ չունեն հակադարձելու այն հարցին, թե ինչու Բուշը` առանց հաշվարկելու եւ կանխատեսելու քայլերի հաջորդականությունը, սկսեց պատերազմել Իրաքի դեմ: «Այսօր ոչ ոք չգիտի, թե որն է լինելու հաջորդ քայլը, թե ինչպես պետք է զորքերը դուրս բերել Իրաքից եւ այլն: Նման անորոշության առջեւ ԱՄՆ-ը երեւի երբեք չէր հայտնվել: Իսկ սա եղավ հենց Բուշի սխալ քաղաքականության հետեւանքով»: «Սխալ քաղաքականություն» արտահայտությունն ԱՄՆ-ում շատ քիչ էին օգտագործում, որովհետեւ վստահ չէին, թե այդ որոշման դեպքում քաղաքականություն, ռազմավարություն մշակվել է: Ժողովուրդը տեղյակ չէ, թե ինչու հանկարծ ԱՄՆ իշխանությունները որոշեցին, որ իրենք պետք է պատերազմեն Իրաքի դեմ: «Հանուն Բուշի ամբիցիաների» ամեն օր հարյուրավոր զոհեր ունենալ չենք կարող այլեւս, դրա համար պետք է ամեն ինչ անենք, որ դեմոկրատները գան իշխանության»,- ասում էին ԱՄՆ քաղաքացիները, ովքեր Բուշից դժգոհ էին միայն Իրաքյան պատերազմի համար: Մեր բազմաթիվ հարցերին` ուղղված տարբեր նահանգների քաղաքացիներին, թե ինչից են նրանք դժգոհ, պատասխանում էին` Իրաքի դեմ պատերազմից, առողջապահությունից, կենսաթոշակներից, երկակի ստանդարտներից եւ, ի վերջո, կոռուպցիայից:
Կոռուպցիան «ուտում» է Իլինոյը
Կոռուպցիան ցայտուն դրսեւորված էր Իլինոյ նահանգում: Իլինոյի Սփրինգֆիլդ քաղաքում, որտեղ երեք օր անցկացրինք, բոլոր հանդիպումների հիմնական թեման կոռուպցիան էր: «Կոռուպցիան ամենուր է», «նախկին նահանգապետը բանտի ճանապարհին է», «ամեն օր կարող ենք հանդիպել կոռուպցիայի դեպքերի»: Նման հայտարարություններ Իլինոյում շատերն են անում: Ասում էին, որ Իլինոյի գործող նահանգապետն էլ, որը դեմոկրատ է` կոռումպացված է, բայց փաստեր չունեն` ապացուցելու համար: Ու քանի որ նահանգի դատախազն էլ է դեմոկրատ` ապացուցելն էլ ավելի դժվար է: Նահանգում միակ հանրապետական պաշտոնյան կին գանձապետն էր, այսինքն` ֆինանսների նախարարը, ով իր թեկնածությունը դրել էր գործող նահանգապետի դեմ: Սակայն գործող նահանգապետը սեւ PR էր սկսել նրա դեմ ու նախընտրական իր հոլովակում այս կնոջը վարկաբեկում էր` ցույց տալով կադր մի խնջույքից, որտեղ կին գանձապետն ու նախկին նահանգապետը, ով «կոռուպցիայի համար բանտի ճանապարհին» էր, պարում էին: Միայն այդ պարի համար դեմոկրատները գանձապետին մեղադրում էին «նահանգապետի հետ անձնական կապերի մեջ լինելու համար»: «Այդ հոլովակը, որի վրա ծախսվել է 15 մլն դոլար, շատ բացասական ազդեցություն է ունեցել: Բոլոր թեկնածուները նախընտրել են կեղտոտ քարոզչությունը, ով ինչ կեղտ ունի` դուրս է թափում, ու դա կարող է անսպառ լինել: Մարդիկ զզվել են, դրա համար հեռուստադիտողը հենց նախընտրական գովազդ է տեսնում` ալիքը փոխում է: Ինչքա՞ն կարելի է կեղտոտ բաների մասին լսել»,- ասում էին Սփրինգֆիլդի աղբյուրները: Իսկ ի՞նչ է պատասխանում Իլինոյի դեմոկրատ նահանգապետի սեւ PR-ին հանրապետական կին թեկնածուն: Պարզվում է` ոչինչ: Հանրապետականները նույնպես զարմացած էին, թե ինչու որեւէ պատասխան չի լինում գանձապետ Ջուդիի կողմից: «Նա շատ պասիվ է, կարելի է ասել` ոչինչ չի անում: Եվ հենց այդ պասիվությունն էլ տարօրինակ է ժողովրդի համար: Նրանք անընդհատ սպասում են, որ ուր որ է` գանձապետը հակահարված կտա, բայց սխալվում են. նա լռում է»,- ասում էր հանրապետականներից մեկը: Հանրապետականներն իրենց ի սկզբանե համարում էին պարտված, քանի որ իրենց թեկնածուն քարոզչության համար ուներ 15 մլն դոլար, իսկ դեմոկրատ նահանգապետը` 45 մլն դոլար: «Այո, դա շատ կարեւոր է: Շատ կարեւոր է նաեւ, թե ինչպես են օգտագործվում դրամահավաքից ստացված գումարները: Այսօր գաղափարախոսությունը, լավ ծրագրերը ոչինչ չեն նշանակում: Կարեւորը, թե որքան փող ես հավաքել: Հիմա մենք համոզված ենք, որ պարտվելու ենք: Բոլորն էլ գիտեն, որ այդ գումարների դեմ հնարավոր չէ պայքարել,- ասում էին հանրապետականները,- Ոչ մի թեկնածու իր նախընտրական հանդիպումների ժամանակ չի ասում, որ եթե ընտրվի այս կամ այն ծրագիրը, գաղափարը կամ օրինագիծն, առաջ է տանելու, կամ պահանջելու է, որ ԱՄՆ-ը իր զորքերն Իրաքից հանի: Ոչ, դեմոկրատներն էլ նման բաներ չեն հայտարարում: Հավատացեք, որեւէ մեկը չի էլ լինելու նման ծրագրով ու հայտարարությամբ: Այստեղ գաղափարախոսության տարբերություն չկա: Փողը դարձել է հիմնական որոշիչ գործոնը: Դա մեր դեմոկրատիայի մասն է, բայց դա անընդունելի է, որովհետեւ գաղափարախոսությունն այդպիսով դառնում է անկարեւոր»: Այնտեղ պատմում էին, թե ինչպես Չիկագոյի նահանգներից մեկի նահանգապետ դարձավ 19-ամյա մի երիտասարդ, միայն այն բանի համար, որ նրա հայրը բանկի սեփականատեր էր ու իր որդուն 29 մլն դոլար տվեց` քարոզչություն իրականացնելու համար. «Փաստը մնում է փաստ, որ փողը որոշեց, թե ով պետք է ընտրվի: Եվ այս դեպքում մտահոգիչ է այն, որ հարուստներն են դառնում երկրի տերերը, թեկուզ` անգաղափար, իսկ գաղափարական մարդիկ պարտվում են»,- ասում էին զեկուցողները` ընդգծելով, որ հենց դա էլ կոչվում է դեմոկրատիա:
Իլինոյում լրատվամիջոցներից մեկում հետաքրքրվեցինք, թե ԱՄՆ իշխանությունները, ովքեր Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի համար ծրագրեր են ներկայացնում, ֆինանսական աջակցություն ցուցաբերում, կոնկրետ Սփրինգֆիլդում, որտեղ ամենուր կոռուպցիայի վատ դրսեւորումներից են խոսում, որեւէ ծրագիր ներկայացրե՞լ են` կոռուպցիան կանխելու համար, պատասխանեցին. «Շատ ճիշտ նկատեցիք, բայց նման բան չկա, ու մենք էլ չգիտենք, թե ինչու ԱՄՆ իշխանությունները նման ծրագիր չեն բերում Իլինոյ»: Ընտրվելու հենց առաջին իսկ օրվանից նրանք սկսում են փող հավաքել հաջորդ ընտրությունների համար: «Այդպես է կյանքը: Պետք է պատրաստվել հաջորդին, որովհետեւ հաջորդ անգամ քեզ այլեւս փող չի տա, որ դու ընտրվես»,- ասում էին մեր այցելած 5 նահանգներում:
ԱՄՆ քաղաքացիները շատ անտարբեր են
ԱՄՆ-ում մարդիկ միշտ շտապում են, որովհետեւ աշխատանքից ուշանում են: Շտապում են նաեւ թափառաշրջիկները, նույն պատճառով: Նրանք էլ վախենում են, որ այն պահին, երբ իրենք «տեղում չեն», կարող է հանկարծ մի զբոսաշրջիկ բաց թողնեն: ԱՄՆ-ում հիմնականում սեւամորթներն էին զբաղվում մուրացկանությամբ, ու նրանք փողոցներում մոտենում էին հիմնականում սպիտակամորթներին: Մի քանի անգամ փորձեցինք խաբել նրանց, թե չենք հասկանում` ինչ են ուզում, բայց նրանք սկսեցին բացատրել. «Գիտե՞ք, ԱՄՆ-ում կան անտուններ, ովքեր տուն չունեն ապրելու համար: Չունեն նաեւ փող, աշխատանք: Նրանց ասում են` անտուններ, ու մարդիկ, ովքեր ունեն եւ տուն, եւ աշխատանք, օգնում են մեր նմաններին»: Երբ լսում էին մեր պատասխանը, որ մենք էլ ենք ԱՄՆ-ում` անտուն, անաշխատանք, ասում էին` դե փող տվեք, որովհետեւ չէինք ասել, որ փող չունենք: Իսկ եթե հրաժարվում էիր փող տալ, միեւնույն է` նրանք չէին հեռանում, այնուամենայնիվ, մի բան պիտի պոկեին: «Դե ուրեմն սիգարետ տվեք»,- ասում էին նրանք:
Վաշինգտոնում ասում էին, որ երիտասարդները բավական անտարբեր են տեղի ունեցող իրադարձությունների, հատկապես` ընտրությունների նկատմամբ, որովհետեւ նրանց ոչինչ չի հետաքրքրում: Մեր հարցին, թե ի՞նչը կարող է ոտքի հանել երիտասարդությանը, պատասխանում էին. «Նրանք անտարբեր են, նրանց ոչինչ չի հետաքրքրում: Կարող է նման բան լինել, եթե, օրինակ, բենզինի գները բարձրանան կամ գործազրկությունն ավելանա: Առողջապահության համակարգը մեզ մոտ ահավոր է, բայց ոչ ոք ոտքի չի կանգնում դրա համար, նույնիսկ` մեծահասակները: Դե, երիտասարդներին դա ընդհանրապես չի հետաքրքրում: Երեւի դա նրանից է, որ իրենք ամեն ինչ պատրաստ վիճակում են գտնում այստեղ»: Ասում են, որ նախագահներից միայն Քենեդուն ու Ռեյգանին է հաջողվել համախմբել ու ոտքի հանել երիտասարդներին: Մեզ նաեւ տեղեկացրին, որ ԱՄՆ-ում երիտասարդության մոտ 25 տոկոսն է մասնակցում ընտրություններին, ինչից մտահոգված` դպրոցներում արդեն սկսել են ընտրությունների մասին դասաժամեր անցկացնել ու բացատրել, թե դա ինչ է, ինչի համար է եւ ինչպես է կատարվում:
Իսկ եթե ԱՄՆ-ում` կապ չունի, թե որ նահանգում, ուզում ես հանրահավաք կամ երթ կազմակերպել, ապա պետք է ստանաս տվյալ նահանգի քաղաքապետարանի թույլտվությունը, որպեսզի քաղաքապետարանը կազմակերպի ու ապահովի երթեւեկությունը: «Մենք չենք արգելում, բայց պետք է իմանանք, որպեսզի ապահովենք անվտանգությունն ու ճանապարհային երթեւեկությունը: Մենք պետք է իմանանք, թե որքան մարդ է լինելու, ինչ տարածք է զբաղեցնելու, երթը դեպի որ մասերն են լինելու, որպեսզի երթեւեկությունը կանոնակարգենք»,- ասում էին Օհայոյում: Նրանց ասելով` իրենց համար միեւնույն է, թե ովքեր են հանրահավաքի կազմակերպիչները. միայն թե պետք է իրենք այդ մասին իմանան:
Ստրատեգիական նշանակության տարածքներ, որտեղ չի կարելի հանրահավաքներ ու երթեր անել, ըստ նրանց, Սեպտեմբերի 11-ից հետո են առաջացել: «Սեպտեմբերի 11-ից հետո բավական խստացել է այդ կարգը, եւ, որոշ հիմնարկների մոտ, օրինակ, Կապիտոլեն, արգելվում է»: Դժվարանում էին հիշել դեպք, երբ քաղաքապետարանը ստիպված է եղել ցրել հանրահավաքները: Բայց չէին կարողանում հիշել նաեւ, թե երբ է եղել վերջին հանրահավաքը, որովհետեւ, ինչպես արդեն նշեցինք, այնտեղ մարդիկ շատ անտարբեր են կատարվող իրադարձությունների նկատմամբ: «Եթե մարդիկ ժամերով կամ օրերով փակեն ձեր նահանգի կենտրոնական փողոցներից մեկը` պահանջելով նախագահի, նահանգապետի հրաժարականը` ի՞նչ կանեք»` մեր հարցին ի պատասխան, նրանք պատասխանեցին. «Իրենց կթողնենք, որ ինչքան ուզում են, մնան: Իսկ մեր քաղաքապետն էլ կգնար ու կտեսներ, թե նրանք ի՞նչ են ուզում»: Հետո հիշեցին, որ շատ տարիներ առաջ մարդիկ դժգոհ են եղել ոստիկանության աշխատանքից, ու մի քանի ժամ պիկետ էին արել քաղաքապետարանի մոտ. «Մենք թողեցինք, որ նրանք մի քանի ժամ գոռան-բղավեն: Մի քանի ժամ գոռացին-բղավեցին ու թողեցին-գնացին»,- ասում էին նրանք: