Անցած շաբաթ քաղաքագետ Աղասի Ենոքյանն «Առավոտի» ընթերցողների հետ կիսել էր իր մտահոգությունն առ այն, թե Ռոբերտ Քոչարյանը՝ սահմանադրությունը խախտելով, կարող է երրորդ անգամ առաջադրվել, եւ, ներսում լուրջ հակազդեցության բացակայության դեպքում, դուրսը կընդունի նրա առաջադրումն էլ, ապագա հաղթանակն էլ եւ մեծ հաշվով թքած կունենա ընտրությունների ընթացքում տեղ գտած կեղծիքների վրա։
Ես բացառում եմ այդ տարբերակը, բայց եթե Աղասի Ենոքյանի կանխատեսումը ճիշտ լինի, դրանով ոչ թե կմտահոգվեմ, այլ շատ ուրախ կլինեմ։ Մինչեւ ուրախությանս պատճառը բացահայտելն ասեմ, թե ինչո՞ւ եմ բացառում առաջադրվելու տարբերակը։
Ոչ, ոչ թե այն պատճառով, որ Ռոբերտ Քոչարյանը շատ է հարգում իր ղեկավարած երկրի սահմանադրությունն ու չի գնա նման քայլի, այլ որովհետեւ նա էլ մեզ նման մարդ է եւ ուզում է հանգստանալ։ Զարմանալի ոչինչ չկա։ Թեեւ բավական երիտասարդ է, թեեւ թեթեւորեն դահուկ, սահնակ եւ սերֆինգ է քշում, բայց հանգստանալու ցանկությունը միայն ֆիզիկականի հետ չէ կապված, այլ նաեւ պատմական դերակատարության, այսինքն՝ Դեզդեմոնային նույն խանդով ու եռանդով խեղդելու պերմանենտ ունակության։
Մի անգամ առիթ ունեցել եմ գրելու, ավելորդ չեմ համարում եւս մեկ անգամ կրկնելը, թե Ռոբերտ Քոչարյանը կատարել է 1998-ին տված իր խոստումը՝ ունենալ ութ հազար քառակուսի կիլոմետր մակերեսով Լեռնային Ղարաբաղ եւ ոչ մի թիզ հող չզիջել հակառակորդին։ Եթե մեկն ասի, թե անցած ութ տարում Ղարաբաղի հսկողության տակ գտնվող մակերեսից մի սանտիմետր պակասել է, թող ցույց տա այդ սանտիմետրը։ Եթե մեկն ասի, թե Քոչարյանի իշխանության օրոք որեւէ զիջում արվել է Ադրբեջանին, թող հիմնավոր կերպով նկարագրի այդ զիջումը։ Չի եղել, եւ դա է պատճառը, որ հիանալի մարզավիճակում գտնվող մարդը պատրաստվում է անցնել վաստակած հանգստի։ Նա շատ լավ հասկանում է, որ չզիջելու ռեսուրսն ինքը սպառել է, իսկ զիջելը չի համարում իր գործը, քանի որ դա միակտղամարդու պատվից ցածր է։
Իսկ հիմա ասեմ, թե ինչու ուրախ կլինեմ, եթե Հայաստանի ներկա նախագահը կրկին առաջադրվի։ Առաջինը՝ պարզություն կմտնի մեր կյանքում, իսկ ես` որպես շարքային քաղաքացի, միշտ կողմ եմ պարզության։
Եթե Քոչարյանն առաջադրվի, ստիպված կլինի խախտել սահմանադրությունը։ Եթե խախտի սահմանադրությունը, կամա-ակամա եւս մեկ անգամ կխոստովանի, որ այն իր համար որեւէ արժեք չունի։ Սահմանադրության խախտմանը որեւէ կերպ չի արձագանքի ժողովուրդը՝ նույնպես կամա-ակամա խոստովանելով, որ իր համար էլ այն որեւէ արժեք չունի, քանի որ ինքը (ժողովուրդն) անցած տարի չի մասնակցել հանրաքվեին։ Եթե ինքն ընտրած լիներ, սահմանադրությունն անխախտելի արժեք կլիներ։ Այսպես վերջնական պարզություն կմտնի այս հարցում։
Եթե Քոչարյանն առաջադրվի, կհաստատի ու կվերահաստատի մեր՝ չուզողներիս, այն ենթադրությունը, որ առաջիկա ընտրությունները ոչ թե իշխանափոխության համար են, այլ՝ սահուն վերարտադրության։ Այսինքն՝ ինչ կարիք կա Սերժ Սարգսյանի, Վարդան Օսկանյանի կամ մի այլ թիմակցի դեմքով խաբել հարազատ ժողովրդին, թե կկուն երեք անգամ կանչել է, ու արդեն ժամանակն է… նոր սխրագործությունների։
Եթե Քոչարյանն առաջադրվի, կհաստատի ու կվերահաստատի մի ենթադրություն եւս, որ հաջորդ տասնամյակում (եթե ոչ հարյուրամյակում) Հայաստանում ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ չեն լինելու, քանի որ մեր երկրում ազատ կարող է լինել միայն ՔԿՀ-ում նստած մարդու միտքը, արդար՝ միայն Աստծո ոչ մոտալուտ դատաստանը, իսկ թափանցիկ՝ միայն քվեատուփը, որ հումանիտար օգնության կարգով ստացվում է Արեւմուտքից։
Հա, քիչ էր մնում մոռանայի, թափանցիկ լինում է նաեւ ակնարկը։ Այս դեպքում, ասենք՝ միապետության (սահմանադրական միապետության) ակնարկը, չէ, մի քիչ շատ եղավ, երեւի, մելիքության կամ էլ ծայր հարավային բդեշխության։
Եթե Քոչարյանն առաջադրվի, մենք կհասկանանք, որ ԲՀԿ-ն նույն ՀՀԿ-ն է, եւ երկուսը միասին շատ չեն տարբերվում ՀԿԿ-ից, որն ավելի քան յոթ տասնամյակ կրում էր բդեշխության ծանր լուծը, որպեսզի հնագույն քաղաքակրթության օրրան Հայաստանը գիտությունների ակադեմիա ունենա, որպեսզի համալսարաններ ու գիտահետազոտական ինստիտուտներ ունենա, որպեսզի Երեւանի «Արարատը» չեմպիոն ու գավաթակիր դառնա, եւ որպեսզի Հայաստանի լքված գյուղերն ինտենսիվորեն բնակեցվեն հարեւան ցեղի անքաղաքակիրթ մարդկանցով։
Որովհետեւ, ինչպես կիրակի երեկոյան «Հայլուրի» խոսնակն էր ասում (մեջ եմ բերում բառացի)` «Մեր ժողովրդի ինտելեկտի մասին աշխարհում լեգենդներ են շրջում»։ Այս փոքրիկ անոնսից հետո, կարծեցի, ցույց կտան Սերժ Սարգսյանին շախմատիստների հետ, բայց պարզվեց, որ Գերմանիայի համալսարաններում Ռոբերտ Քոչարյանի պաշտոնական այցի առիթով երեք հայ ուսանող է նկատվել։