Մուլտիկի մակարդակով

24/11/2006 Արմեն ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Կենտրոնական բանկը վերջապես գտավ Հայաստանի ֆինանսական շուկան կարգավորելու եւ դաշտը ցնցումներից զերծ պահելու ձեւը։ Բանից պարզվում է` դրա համար ընդամենը պետք էր մուլտիկ նկարել, անունն էլ դնել «Գնաճի հրեշը»։ Շատ լավ մուլտիկ է. երկու երեխաներ ուզում են կարկանդակ գնել, բայց պարզվում է` կարկանդակը թանկացել է։ Վաճառողն էլ շատ սիրալիր բացատրում է, որ կյանքը լավացել է, կարկանդակ գնելու հնարավորություն ունեցողները շատացել են, բայց կարկանդակները չեն շատացել, դրա համար էլ գինը բարձրացել է։ Եվ վերջ։ Շատ չեն խորանում։ Եթե շատ խորանային` կհարցնեին. «բա եթե կարկանդակ ուզողները շատացել են, ինչո՞ւ շատ չեն արտադրում»։ Վաճառողն էլ երեւի գլուխը կքորեր (մուլտիկներում այդպես է ընդունված) ու ստիպված կլիներ բացատրել, որ Հայաստանի տնտեսությունը խիստ մոնոպոլիզացված է, մրցակցություն չկա, դրա համար էլ գործարարները գերադասում են իրար հետ պայմանավորվել ու ամեն ինչ թանկացնել, որպեսզի գերշահույթներ ստանան։ Բա՞, բալիկներ ջան։ Այնպես որ` իմացեք. կյանքը լավացել է, դրա համար էլ այսօրվանից «յոլա գնացեք» կես կարկանդակով։ Իսկ գնաճի փոքրիկ հրեշիկին կարելի է նաեւ զսպել։ Բայց` միայն մուլտիկում։ Իսկ ԿԲ նախագահը կարող է հանգիստ հայտարարել` «բայց ո՞վ ասաց, որ մենք պիտի արտահանողների շահերը պաշտպանենք»։ Նա նույնպես շատ չի խորանում։ Երեւի չգիտի, որ ինչ էլ անի` իրականում արտահանողների շահերն է պաշտպանում։ Պարզապես մի դեպքում կարող է պաշտպանել տեղացիների, մյուս դեպքում` օտարերկրյա արտահանողների շահերը։ Այս դեպքում նա ընտրել է երկրորդ տարբերակը։

Ընդհանրապես, շատ չխորանալն այսօր մոդայիկ է բոլոր ոլորտներում։ Օրինակ` ղարաբաղյան խնդրի կարգավորման ասպարեզում այսօր քննարկվող թիվ մեկ խնդիրն այն է, թե կհանդիպե՞ն արդյոք Քոչարյանն ու Ալիեւը, թե՞ ոչ։ Համանախագահներն այդ հանդիպումը գլուխ բերելու համար ջանք ու եռանդ չեն խնայում։ Համանախագահները շտապում են, խոսում են «հնարավորությունների պատուհանի» մասին, ժամկետներ են դնում` մինչեւ տարեվերջ, եւ այլն։ Իսկ ինչո՞ւ։ Որովհետեւ 2007-ը եւ 2008-ը նախընտրական տարիներ են։ Շատ չեն խորանում. նախընտրական տարիներ են, հետեւաբար փաստաթղթի ստորագրման հավանականությունը չնչին է։ Իսկ մենք փորձենք հասկանալ համանախագահների տրամաբանությունը։

Ցանկացած երկրում էլ ընտրություններից առաջ իշխանությունները փորձում են լավ-լավ գործեր անել։ Այցելում են զորամասեր եւ ձեռքով թփթփացնում զինվորների ուսերին, ձեռնարկություններ են բացում, ժապավեններ կտրում, նույնիսկ կոռուպցիայի մի քանի (որպես կանոն` աննշան) դեպքեր են բացահայտում եւ արդարացի զայրույթով լի ճառեր արտասանում… Մի խոսքով` ընտրություններից առաջ իշխանությունները սկսում են մտածել ժողովրդի մասին։ Ընդ որում, երկար մտածում են, թե հատկապես ինչը դուր կգա ժողովրդին, եւ ամենաշատը հենց դա են անում։ Իսկ ոչ պոպուլյար քայլերից, հակառակը, ամեն կերպ փորձում են խուսափել։

Եվ ահա ստացվում է, որ իշխանությունների կարծիքով, ղարաբաղյան խնդրի կարգավորումը (որեւէ փաստաթղթի ստորագրումը) շատ վատ բան է։ Այնքան վատ, որ ոչ մի իշխանություն նախընտրական շրջանում նման քայլի չի գնա։ Բայց արդյո՞ք դա այդպես է։ Ակնհայտ է, որ ղարաբաղյան խնդրի չկարգավորված լինելը բազմաթիվ պրոբլեմներ է ստեղծում եւ՛ Հայաստանի, եւ՛ Ադրբեջանի համար, եւ այդ պրոբլեմներն առաջին հերթին իր մաշկի վրա է զգում հենց ժողովուրդը։ Հետեւաբար, տրամաբանական կլիներ, եթե նախընտրական շրջանում իշխանությունները եռապատկեին իրենց ջանքերը ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում։ Ակնհայտորեն, դա լավագույն նախընտրական քարոզչական ակցիան կլիներ` շատ ավելի արդյունավետ, քան աջուձախ ժապավեններ կտրելը կամ թոշակները մի երկու դրամով ավելացնելը։ Հակառակ դեպքում` տարօրինակ բան է ստացվում. ստացվում է, որ երկիրը գտնվում է փաստացի պատերազմական վիճակում եւ այդ իսկ պատճառով լուրջ պրոբլեմներ ունի, բայց այդ պատերազմական վիճակին որեւէ մեկը չի ցանկանում վերջ տալ` պատճառաբանելով, թե ժողովրդին դա դուր չի գա։

Հասկանալի է, որ եւ՛ Հայաստանի, եւ՛ Ադրբեջանի իշխանություններն առանձնապես չեն շտապում կարգավորել խնդիրը, եւ հենց այդ դիրքորոշումը բացատրում են «նախընտրական խնդիրներով»։ Բայց տարօրինակ է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին այս բացատրությունը բավարարում է` նույնիսկ այն աստիճան, որ իրենք են ժամանակ առ ժամանակ ներկայացնում այդ փաստարկը։ Սա կարող է նշանակել միայն մի բան` միջազգային հանրությունը շատ վատ կարծիքի է մեր հասարակության մասին եւ գտնում է, որ մեր ժողովուրդը չմտածող զանգված է` անընդունակ զանազանելու իր շահերը։ Ընդ որում, ժամանակին այս թեզը գրեթե պաշտոնական ձեւակերպում է ստացել։ Հիշո՞ւմ եք. «Երկու երկրների իշխանությունները թերեւս պատրաստ են համաձայնագրի ստորագրմանը, բայց հասարակությունները պատրաստ չեն»։ Վստա՞հ եք, որ պատրաստ չեն։ 1997-ին Հայաստանն ու Ադրբեջանը սկզբունքային համաձայնություն ձեռք բերեցին կարգավորման սկզբունքների մասին, Երեւանում կամ Բաքվում քանի՞ մարդ դուրս եկավ փողոց։ Եվ հետո` կարծես թե Սերբիայի հասարակությունն էլ առանձնապես պատրաստ չէր Կոսովոյի անկախությանը, բայց դա միջազգային հանրությանը որեւէ կերպ չխանգարեց։

Այնպես որ` խնդիրն այնքան էլ հասարակությունների պատրաստ լինելը չէ։ Միջազգային հանրությունը պիտի պատրաստ լինի։ Իսկ փաստացի պատերազմական վիճակում ապրել ոչ մեկը չի ուզում։ Ոչ Հայաստանում, ոչ Ադրբեջանում, ոչ Ղարաբաղում։