Թվայնացման ճանապարհով

24/11/2006 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Այս ուղղությամբ արվում են առաջին քայլերը՝ մշակվել է նախագիծ, որի հիմնական նպատակն անալոգային (ներկայումս գործող) հեռարձակումներից թվայինին անցնելն է։ Փոխնախարարի խոսքերով, դրա համար կպահանջվի 50-60 մլն դոլար, որի մի մասը կտրամադրի պետությունը։

Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանցի գլխավոր տնօրեն Աշոտ Սիմոնյանն էլ նշեց, որ, քանի որ առաջին քայլերը Հայաստանը ուշ է սկսել (Հեռարձակման միջազգային միությունը միայն այս տարվա սկզբին է Հայաստանին տրամադրել վերգետնյա թվային հաճախականությունների ցանկը), ապա փորձ է արվել այս ծրագրով հայեցակարգային մոտեցումների հետ մեկտեղ` առաջարկել անալոգայինից թվային հեռարձակման անցման մոդելը։ Այսինքն, ուշադրության են արժանացել օրենսդրական, տեխնիկական եւ այլ խնդիրներ։ Հաշվի են առնվել Հայաստանի պայմանները՝ փոքր եւ խիտ բնակեցված տարածքը, լեռնային բնույթը եւ սեփական արբանյակ չունենալու փաստը։

Հայաստանի հեռարձակման ցանցը ներկայումս ներառում է Հանրային հեռարձակողին եւ 50 մասնավոր հեռարձակողների։ Ծածկույթի առումով, առաջին տեղում Հայաստանի հանրային հեռուստատեսությունն է՝ 99.8%, երկրորդը՝ Հայաստանի երկրորդ հեռուստաալիքը՝ ավելի քան 93%։ Մեծ ծածկույթ ունեն նաեւ ռուսական PՁՀ եւ OՁՀ ալիքները։

Պրն Սիմոնյանը նշեց, որ մալուխային (կաբելային) հեռարձակումը Հայաստանում թույլ է զարգացած՝ ընդամենը 1.3%, իսկ արբանյակայինը՝ 0.5%։ Այդուհանդերձ, Ա. Սիմոնյանը գտնում է, որ մեր հեռարձակման ցանցը շատ լավ վիճակում է եւ անհամեմատելի է ԱՊՀ շատ այլ երկրների հետ։ Եվ թվայնացման անցնելու համար կարելի է օգտագործել գոյություն ունեցող վերգետնյա ենթակառուցվածքները։

Ցանցի տնօրենը նաեւ տեղեկացրեց, որ ԱՊՀ երկրներից դեռ ոչ մեկում նման փաստաթուղթ ընդունված չէ։ Միայն Ռուսաստանում է 4 տարի առաջ նման հայեցակարգ մշակվել, սակայն այն դեռ չի հաստատվել։

Նշվեց նաեւ, որ թվային հեռուստատեսության դեպքում հեռուստադիտողները պետք է ունենան կամ նոր թվային հեռուստացույցներ, կամ էլ համապատասխան կցորդներ։ Ընդ որում, նախատեսվում է դրանք արտադրել Հայաստանում։

Իսկ անալոգային հեռուստատեսությանը հրաժեշտ կտանք այն ժամանակ, երբ բնակչության 85-90%-ն ապահովված կլինի այդ սարքավորումներով։

Ծրագիրը ներկայացվել է մասնագետների ուշադրությանը, եւ երեկ կազմակերպված քննարկմանն իր դիտարկումները ներկայացրեց փորձագետ Դր. Քեթրին Նայման Մետկալֆը։ Նա նշեց, որ ծրագիրն իրեն բավական տպավորել է։ Այնուամենայնիվ, կան ուշադրության արժանի որոշ խնդիրներ։ Տկն Մետկալֆի խոսքերով, եվրոպական երկրների փորձն ուսումնասիրելը անհրաժեշտ է, սակայն այս ոլորտում ընդհանուր քաղաքականություն չկա անգամ եվրոպական երկրների համար։

Թվային հեռուստատեսությունն իրենից ներկայացնելու է մի քանի փաթեթներ, որոնցից մեկը պետք է լինի անվճար եւ հասանելի բնակչության բոլոր շերտերին։ Փորձագետի կարծիքով, այդ փաթեթում պետք է անպայման ներառված լինի հանրային հեռարձակողը։ Մյուս փաթեթները կլինեն վճարովի։ Նա ուշադրության արժանացրեց նաեւ փաթեթի ընտրության հեշտությունը. «Մարդիկ պետք է կարողանան մի փաթեթից մյուսին անցնել հեշտությամբ՝ առանց նոր սարքավորումներ ձեռք բերելու»։

Թվայնացման նախնական ներդրումային ծախսերը բավական մեծ են։ Այդ տեսակետից տիկին Մետկալֆը դրական համարեց, որ ծրագրում պետական որոշ ֆինանսավորում է նախատեսված։ Սակայն պետք է լինի զգուշավոր հավասարակշռություն, որպեսզի որոշ ընկերությունների անտեղի նախապատվություն չտրվի։ «Զգույշ չլինելու դեպքում կարող եք հայտնվել մի իրավիճակում, երբ հեռուստատեսությամբ կունենաք շատ նոր ալիքներ, սակայն բազմակարծություն չի լինի»,- նշեց Ք. Մետկալֆը։

Թվայնացման համար պահանջվող ներդրումները, բացի խոշոր լինելուց, նաեւ երկար ժամանակ են պահանջում՝ գումարները ետ բերելու համար։ Այդ իսկ պատճառով ներդնողը պետք է լինի պաշտպանված։ Ներդրումները խթանելու համար, ըստ տիկին Մետկալֆի, անհրաժեշտ է պետական աջակցություն։ Իսկ մեծ ծախսերը վտանգավոր են նաեւ նրանով, որ կարող են այս ոլորտում ստեղծել մոնոպոլ վիճակ, քանի որ ոչ բոլորը կարող են իրենց թույլ տալ խոշոր գումարներ ծախսել թվայնացման վրա։

Քննարկմանը ներկա էր եւ իր դիտարկումները ներկայացրեց նաեւ միջազգային կապերի մասնագետ Ռիչարդ Գիրագոսյանը, ինչը զարմացրեց լրագրողներին։ Սակայն պրն Գիրագոսյանը պարզաբանեց, որ ԱՄՆ Կոնգրեսում աշխատելու տարիներին ինքը զբաղվել է թվային կապուղիների խնդիրներով։

Իսկ ամենահետաքրքիրը, թերեւս, Տեղեկատվական իրավունքի եւ քաղաքականության կենտրոնի (ՏԻԿՔ) տնօրեն Դավիթ Սանդուխչյանի ելույթն էր։ Պրն Սանդուխչյանն իր դիտարկումները սկսեց հենց ծրագրի անվանումից. «Ես այս ծրագիրը կկոչեի «Հայաստանի հեռարձակման ցանց» ընկերության վերազինման ծրագիր, քանի որ այն շատ փոքր մասով է անդրադառնում մասնավոր ընկերություններին։ Ծրագիրն ավելի շատ առնչվում է ցանցի վերազինմանն ու կապուղիների թվայնացմանը»։

Դ. Սանդուխչյանն անընդունելի համարեց նաեւ այն, որ ծրագրերի փաթեթը հաստատվելու է կառավարության կողմից, «քանի որ կառավարությունը, լինելով քաղաքական մարմին, չի կարող կողմնակալ չլինել»։

Ըստ պրն Սանդուխչյանի, նախատեսված 3 փաթեթը ենթադրում է, լավագույն դեպքում, 18 հեռուստաալիք, ինչն այսօր գործող ալիքների քանակից զգալիորեն քիչ է։ Այսպիսով, փաթեթում չընդգրկված ընկերությունները հայտնվում են դժվարին կացության մեջ։ «Հայաստանը, ի տարբերություն եվրոպական երկրների, չունի զարգացած մալուխային ցանց, որպեսզի փաթեթում չընդգրկված ընկերությունները հեռարձակվեն մասնավոր մալուխային ցանցերով», – նկատեց ՏԻԿՔ տնօրենը։

Նա նաեւ անընդունելի համարեց, որ բնակչության 85-90%-ին համապատասխան թվային կցորդներով ապահովելուց հետո անալոգային հեռարձակումը պետք է դադարեցնել։ «Եթե կցորդներ կան, իսկ եթեր չկա՞։ Կցորդը չի կարող լինել չափանիշ»,- գտնում է պրն Սանդուխչյանը։

Վերջինս անդրադարձավ նաեւ մի շարք այլ հարցերի՝ ակնկալելով դրանց պատասխանը ՏԿ նախարարության ներկայացուցիչներից։ Սակայն սպասելիքներն արդարացան մասամբ. ՏԿ փոխնախարար Վ. Առաքելյանն ընդմիջումից հետո գնացել էր՝ ողջ ծանրությունը թողնելով Աշոտ Սիմոնյանի ուսերին, որը դրա համար այնքան էլ ուրախ չէր։ «Չգիտեմ, թե ես՝ լինելով միայն տեխնիկական մասնագետ, ինչո՞ւ պետք է պատասխանեմ մի ողջ նախարարության ուղղված հարցերին», – սրտնեղեց պրն Սիմոնյանը՝ ավելացնելով, որ ավելի լավ կլիներ, եթե Դ. Սանդուխչյանը հարցեր տալու փոխարեն ներկայացներ կոնկրետ առաջարկություններ։

Հ.Գ. Իսկ հեռուստաընկերությունները, որոնց այս նախագիծը վերաբերում է առաջին հերթին, լսելով մեկ-երկու կարծիք եւ «խոսեցնելով» մի երկու հոգու՝ իրենց գործն ավարտած համարելով՝ հեռացան։ Այսինքն, մեկ անգամ եւս ապացուցվեց, թե որքան անձնազոհ են աշխատում մեր հեռուստաընկերությունները։ Այդ մարդկանց, փաստորեն, սեփական ճակատագիրն ավելի քիչ է հետաքրքրում, քան, ասենք, մի քանի հոգու՝ ժապավեն կտրելու հույժ կարեւոր գործը, որի համար կարող են սպասել մի քանի ժամ եւ հեռուստատեսային կեսժամանոց սյուժե պատրաստել։