Գյումրիից Երեւան եւ հակառակ ուղղությամբ մեկնող ուղեւորներին հուզող ամենամեծ խնդիրը ոչ միայն շարունակում է մնալ չլուծված, այլեւ օրեցօր ավելի սուր է դառնում: «168 Ժամն» անդրադարձել է Գյումրի-Երեւան-Գյումրի երթուղին սպասարկող «Գազել» մակնիշի մեքենաների պրոբլեմին, բայց դրանից հետո վիճակն ավելի է վատթարացել: Այդ երթուղային տաքսիները, որոնք սպասարկվում են «Տրանս-ակնթարթ» ՍՊԸ-ի կողմից եւ որոնք ՀՀ երկու խոշոր քաղաքների բնակիչների հիմնական տրանսպորտային միջոցն են, չեն բավարարում ուղեւորներին: Շաբաթվա տարբեր օրերին եւ տարբեր ժամերին Երեւանի «Այրարատ» կինոթատրոնին հարող տարածքում եւ Գյումրիի ավտոկայանում կարելի է հանդիպել մարդկանց հոծ բազմության, ովքեր սպասում են երթուղային տաքսիների: Երբ հեռվից նշվարվում է «Գազել» մակնիշի մի մեքենա, տասնյակ ուղեւորներ, իրար հրելով ու բառացիորեն ոտնատակ տալով, փորձում են «իրենց գցել» այդ մեքենայի մեջ, քանզի ոչ ոք չգիտի՝ հաջորդ մեքենան կժամանի՞, թե՞ ոչ: Իսկ Գյումրիում ավելի հետաքրքիր իրավիճակ է: «Տրանս-ակնթարթի» աշխատակիցներից մեկը դիմավորում է Երեւանից Գյումրի ժամանող «Գազելը» եւ ինքն է որոշում, թե սպասող մարդկանցից ովքեր են սկզբում տեղ զբաղեցնելու այդ մեքենայում: «Սկզբում երեխա ունեցողները թող գան»,- մեքենայից գոռում է աշխատակիցը:
Դիսպետչերներն այս քաոսը բացատրում են նրանով, որ եթե Գյումրիում է նման իրավիճակ ստեղծվել, ապա դա նշանակում է, որ Երեւանից ժամանող ուղեւորները քիչ են, եւ մեքենաները չեն լցվում: Սակայն, իրականում, ամեն ժամի էլ ուղեւորների նորմալ քանակն ապահովված է, պարզապես ընկերության մեքենաներն են սակավաթիվ: Այս ամենին գումարվում է այն, որ ընկերությունը սովորական տաքսիներին չի թույլատրում նման իրավիճակներում ուղեւորներին մոտենալ եւ առաջարկել իրենց ծառայությունները` «հարմար» գներով: Այս իրավիճակը շարունակվում է մոտ մեկ տարի, եւ համապատասխան կառույցները, կարծես, աչք են փակել սրա վրա: Մի՞թե չի կարելի մեկ այլ ընկերության եւս թույլ տալ զբաղվել այս ծառայությամբ: Մրցակցության դեպքում ուղեւորները հաստատ նման խնդիր չեն ունենա: ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությանը դժվար չի լինի եւս մեկ լիցենզիա տրամադրել որեւէ այլ ընկերության: Մնում է միայն «դաբրոյի» հարցը: