Թորոսյանն` ընդդեմ Թորոսյանի

24/11/2006

«Մարդու իրավունքներ 96» կուսակցության նախագահ Ռուբեն Թորոսյանը դիմել է Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին` «ԱԺ նախագահի ենթադրյալ պաշտոնեական լիազորությունների անցման մասին» դիմումով: «Երեկվա իր ասուլիսում ԱԺ նախագահը, անդրադառնալով «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի 45 հոդվածի 1/զ կետով սահմանված իր պարտականությունները չկատարելու կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազին ներկայացրած 14.11.06թ. «ԱԺ նախագահի ենթադրյալ պաշտոնեական անփութության մասին» մեր հաղորդմանը, յուրովի մեկնաբանել է օրենքի այդ դրույթը, հայտարարելով հետեւյալը` «…այն, ինչի մասին ասվում է` պարտադիր չի կիրառման…»: Կից ներկայացնում ենք քաղվածք «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի 45 հոդվածից, որից ակնհայտորեն երեւում է, որ նրանում սահմանված բոլոր նորմերը ԱԺ նիստը վարողի ուղղակի պարտավորություններն են: Այսինքն, երեկվա ասուլիսում ԱԺ նախագահը, փաստորեն, դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից` յուրովի մեկնաբանելով իրավական ակտի դրույթները` էական վնաս պատճառելով հասարակության օրինական շահերին: Իսկ ինչ վերաբերվում է նրան, որ ԱԺ նախագահը չի կարողանում գտնել կարգազանց պատգամավորներին, դա սույն խնդրին չի առնչվում, չնայած, արժե եւ այդ խնդրին անդրադառնալ: Ելնելով վերոգրյալից եւ ղեկավարվելով ՀՀ քր.դատ.օր. 177 հոդվածի պահանջներով, ներկայացնում ենք սույն լրացում-հաղորդումը, այս անգամ` «ԱԺ նախագահի պաշտոնեական լիազորությունների անցման մասին»,- ասված է «ՄԻ-96» կուսակցության նախագահ Ռուբեն Թորոսյանի դիմումում: