Ի գիտություն հարկային պետական ծառայության

24/11/2006 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Պարզվում է՝ ՀՀ Կենտրոնական բանկը զգալիորեն թեթեւացրել է հարկային մարմնի գործը։ Այսուհետ ՀՊԾ-ն կարող է իրեն նեղություն չտալ եւ ավելորդ ժամանակ չծախսել որոշ ձեռնարկություններում ստուգումներ անցկացնելու վրա։ Դրանք, ինչպես ասում են, մաքուր են, եւ դա երաշխավորում է ինքը՝ Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը։

Մենք դա իմացանք նոյեմբերի 21-ին, երբ ազգային դրամի ներդրման 13-ամյակի կապակցությամբ «Ուրբաթ» ակումբում իրենց հիշողություններն էին կիսում ԿԲ առաջին նախագահ Իսահակ Իսահակյանը, այն ժամանակվա ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Լեւոն Բարխուդարյանը եւ ԿԲ ներկայիս նախագահ Տիգրան Սարգսյանը։ Բնական է, որ հաճելի եւ տհաճ հիշողություններից բացի, պետք է խոսվեր նաեւ ներկա վիճակի, մասնավորապես, դրամի արժեւորման եւ դրա հետեւանքների մասին։ Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ պրն Բարխուդարյանն ասաց. «Դրամի արժեւորման այս ընթացքը եւ տեմպերը, իմ կարծիքով, ճիշտ հակառակ են Հայաստանի տնտեսական զարգացման գերակայություններին… Ազգային արժույթի արժեւորումը բերում է նրան, որ արտահանումը ապախթանվում է, եւ խրախուսվում է ներկրումը»։

Բնական է, որ Տ. Սարգսյանն այդ ձեւակերպումների հետ այնքան էլ համաձայն չէր, սակայն, ինչպես խոստովանեց՝ երջանիկ է, որ ստեղծվել է այնպիսի մթնոլորտ, որ Լ. Բարխուդարյանը՝ հանդիսանալով մասնավոր բանկի («Հայներարտբանկ») խորհրդի նախագահ, հրապարակավ անհամաձայնություն է հայտնում իշխանությունների որդեգրած ուղուն։ Թեեւ, հանուն ճշմարտության` պետք է նշել, որ դա իր մեջ պարունակում էր նաեւ «հաթաթայի» նրբերանգներ եւ հիշեցում՝ ով ում վերահսկողության տակ է գտնվում։

Ինչպես միշտ եւ ինչպես մյուս իշխանավորները, Տ. Սարգսյանն արտադրողներին մեկ անգամ եւս կոչ արեց վերազինվել եւ բարձրացնել արդյունավետությունը, եթե ցանկանում են մրցունակ մնալ։ Լրագրողներից մեկի այն դիտարկմանը, թե միայն խորհուրդ տալով հարցեր չեն լուծվում, ԿԲ նախագահը պատասխանեց՝ իրենք միայն խորհուրդներ չեն տալիս, այլ ունեն հստակ ռազմավարություն. այն ձեռնարկություններին, որոնք դուրս կգան ստվերից, կգործեն թափանցիկ եւ կունենան հստակ մենեջմենթ, ԿԲ-ն կօգնի ֆինանսական միջոցներ ներգրավելու հարցերում։

Ստացվում է` ԿԲ-ն գիտի՞՝ ով է ստվերում աշխատում, ով՝ ոչ։ «Ոչ, մենք չգիտենք` ովքեր են ստվերում։ Բայց մենք գիտենք՝ ովքեր ստվերում չեն», – նշեց Տ. Սարգսյանը։ Ըստ պրն Սարգսյանի, ստվերում չեն այն ձեռնարկությունները, որոնք վարկանիշ են ստացել, իսկ դրանց ցանկը տեղադրված է ԿԲ կայքէջում։ Այսինքն, ըստ ԿԲ նախագահի, դրանք օրինավոր հարկեր վճարող, թափանցիկ եւ հստակ մենեջմենթ ունեցող ընկերություններն են։ Ահա դրանք՝ իրենց վարկանիշներով հանդերձ։

Ի դեպ, այս ցանկին միանալու հայտ են ներկայացրել եւս 30 ձեռնարկություններ։

Այնպես որ, Հարկային տեսչության հարգելի աշխատակիցներ, եթե երբեւէ կասկածեք, որ այս ցանկում ընդգրկված այս ընկերություններից որեւէ մեկը թաքցնում է հարկերը, եւ որոշեք ստուգումներ անցկացնել, հիշեք՝ ԿԲ-ն նրանց հավատում է։ Միգուցե դուք էլ ԿԲ-ի՞ն հավատաք, ետ կանգնեք ձեր մտադրությունից՝ խնայելով ռեսուրսներն ու ժամանակը։ Վերջիվերջո, փոխվստահությունը նպաստում է առողջ գործարար մթնոլորտին։