Արձագանքում են տաքսու վարորդները

24/11/2006 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Քաղաքային իշխանությունների որոշումը, թե այսուհետ երթուղային տաքսիները եւ ավտոբուսները պետք է կայանեն միայն կանգառներում, տաքսու վարորդների մոտ լայն արձագանք է ստացել: Սա, թերեւս, այն բացառիկ դեպքերից է, երբ վարորդները գոհ են իշխանություններից եւ դրական են արտահայտվում այս որոշման վերաբերյալ:

Վարորդ Գուրգենն ասում է, թե` «Հայկական խասյաթ ա, չէ՞, որ պիտի դանակը ոսկորին հասնի, որ ֆայմի գործակիցն աշխատացնեն: Դուք մի հատ հաշվեք, թե էս վերջին մի քանի ամսվա մեջ քանի հոգի վթարի ենթարկվեց ու մահացավ: Մեր փողոցների խցանումներն ահավոր են, իսկ երթեւեկությունը` գժական: Հիմա երթուղայինները կանգառներում են կանգնում, ու ինչ-որ չափով կարգավորվել ա մայթերի վիճակը, թե չէ, ոնց որ կաշա լիներ, ավտոները հելնում էին մարդկանց վրա, մարդիկ էլ՝ ավտոների: Ամեն ինչ միանգամից չի լինում, մարդիկ դեռ չեն վարժվել կանգառներում կանգնելուն, բայց եթե ոստիկանությունը հետեւողականորեն հսկի՝ կսովորեն: Էդ կուլտուրան մենք կորցրել էինք էն մութ ու ցուրտ տարիներից սկսած, երբ մարդիկ մայթերին շարվում էին ու մի ավտոբուս, տրոլեյբուս կամ երթուղային տեսնելով` քցվում էին մեջը: Հիմա ժամանակ ա պետք, որ մարդկանց գիտակցության մեջ էդ ամեն ինչը մտնի: Վա՜յ, էդ տարիները որ հիշում եմ` մարմնովս դող ա անցնում:- շարունակում է վարորդ Գուրգենը,- Ուրեմն` աղջիկս ուսանող էր, տանում էի կանգառ, որ ճանապարհեի դասի: Եթե հիշում ես` էդ տարիներին սաղ տղամարդիկ անգործ էին ու պարապությունից իրանց պատեպատ էին ծեփում: Ժամերով սպասում էինք տրանսպորտին: Երեխեն մի քանի ժամ ուշանում էր, ու, որ տեսնում էինք էլ ճար չկա` մի կերպ խցկում էի ավտոբուսի մեջ: Մի հատ ավտոբուս էր գալիս, մարդիկ իրար տշելով վազում էին, որ նստեն: Երեխեն դուրսն էր մնում, մի կերպ դռնից կախված տեղավորվում էր, ես էլ հրում էի, որ էդ բաց դռնից չկախվի, գոնե մի քիչ առաջ կախվի: Որ հիշում եմ, թե աղջիկ երեխա հալով ինչ գնով էր գնում դասի՝ սարսափում եմ: Հիշում եմ, մի անգամ կանգառում էդ ցրտին ժամերով կանգնած էինք, մի հատ ավտոբուս եկավ, սաղ վազելով, իրար վրայով անցնելով` թռան ավտոբուսի մեջ: Երեւի միանգամից մի 50 հոգի նստում էին մի ավտոբուսի մեջ: Որ տենց իրար հրելով ժողովուրդը վազեց` մի հատ ծեր կնոջ բրթեցին, գցեցին ու առանց օգնելու, առանց իրան գետնից բարձրացնելու` վրայով անցնելով սաղ վազեցին դեպի ավտոբուս: Էդ կնոջ ձեռքի վրայով անցել էին ու ձեռքը լխճել էին, ջարդվել էր: Պատկերացրու, որ ծեր կինը գետնին ընկած ցավից ղժում էր, օգնություն էր խնդրում, բայց մարդիկ իրար շալակ թռնելով` ավտոբուսում տեղավորվում էին: Ժողովրդի սիրտը քարացել էր»,- պատմում է Գուրգենն ու ժողովրդին խորհուրդ տալիս գնահատել այսօրվա ազատությունը: Գուրգենի ասելով, մարդիկ հիմա էլ են շատ «լացում», բայց այսօր, ըստ նրա, մենք շատ լավ ենք ապրում: Ասում է, որ ժողովուրդը միշտ էլ դժգոհ է, բայց բավական է հետադարձ հայացք գցես անցյալին` հասկանալու համար, որ մեր կյանքը դեպի լավն է փոխվել: «Էսօր շատ-շատերը կարողանում են տաքսի նստել, առոք-փառոք հասնել տուն»,- փաստում է վարորդ Գուրգենը:

«Պահը բաց չեն թողնում լեւի գիծ մտնելու համար»

Վարորդ Սարգիսն էլ է քաղաքային իշխանությունների այս որոշումը դրական գնահատում, բայց նաեւ դժգոհում է, որ երթեւեկությունը հսկող ոստիկանները պահը բաց չեն թողնում «լեւի» գիծ մտնելու համար: «Դե՛, կանգառից դուրս կանգնողներին կամ չնախատեսված վայրերում կայանած մեքենաները կանգնեցնում են, բայց արձանագրություն չեն կազմում, գումարի հարցում բարիշում ես, ու բաց են թողնում: Մի կողմից` շատ լավ ա, որ բոլոր վարորդներն իրանց տեղերը կիմանան, բայց մյուս կողմից էլ` հերթական ռեկետի ձեւ ա իրանց համար: Չնայած ասեմ ձեզ, որ մի քանի օր առաջ վերահսկելի էր երթեւեկությունը, բայց երեկ, էսօր փողոցներն էլի բարձիթողի վիճակում են: Կամ կենտրոնական փողոցներում են հսկում, կամ էլ` ընդհանրապես չեն հսկում: Ինձ մի բան ա հետաքրքրում. էդ որ ուզում են հարկային դաշտից դուրս գործող տաքսիներին բերել օրինական դաշտ, չե՞ն մտածում, որ էդ մարդիկ էնքան չեն աշխատում, որ մի հատ էլ հարկ վճարեն: Պտտվում-պտտվում, գալիս կանգնում են խեղճուկրակ մարդկանց վրա: Էն միլիոնավոր հարկերից խուսափողներին հարկային դաշտ չեն բերում, որովհետեւ իրանց ձեռք չի տալիս, իսկ էն 2 կոպեկի համար առավոտից իրիկուն կանգնող տաքսիների հերը հիմա կանիծեն: Ոնց ֆռում են, գալիս են էն ամենաանճար խավի վրա: Է հա, հիմա էլ թող դա արգելեն ու աղքատների թիվը մի քանի հազարով ավելացնեն, տեսնենք` ո՞ւր կհասնեն»,- վրդովված ասում է Սարգիսն ու իշխանություններին հորդորում աշխատատեղեր բացել, որպեսզի մարդիկ չդիմեն անօրինական քայլերի:

«Հաբռգած ու անբան ուղեւորի վրա ո՞վ կարա»

Բարսեղն, ով մի քանի տարի առաջ երթուղային տաքսու վարորդ է աշխատել, սեփական փորձից ելնելով` վստահեցնում է, որ ուղեւորները վարորդներին հասցնում են կատաղության. «Էսօր, եթե վարորդին տուգանում են, ուրեմն ուղեւորի մեղքով են տուգանում: Ժողովուրդն անբան ա դարձել, չի ուզում մի 3 մետր քայլի: Էն դժվար տարիներին մարդիկ Բանգլադեշից քայլում էին մինչեւ Շրջանային, իսկ հիմա ալարում են երկու ոտք տեղ քայլել: Ես որ մարշրուտկա էի քշում` էլ ներվերս չէր դիմանում: Ջահել կանայք կամ երիտասարդ տղաները կանգառից 5 մետր առաջ պահանջում են, որ կանգնես: Ասում եմ՝ ա՛յ տիկին ջան, հես ա կանգառը, ստեղ կկանգնեմ, կիջնես: Նենց կռիվ են տալիս, նենց են ստորացնում, ոնց որ իրանց անձնական վարորդն ես: Մի անգամ նենց դեպք եղավ, որ քիչ էր մնում տայի մի տղու սպանեի, բայց էդ հաբռգածների վրա ո՞վ կարա: Ասում ա` ստեղ պահի, մի մոմենտ իջնեմ, ընկերոջս բան տամ, գամ: Ասում եմ՝ տղա ջան, 10-12 հոգի մեքենայի մեջ մարդ կա, աշխատանքի գնալու ժամ ա, մարդիկ ուշանում են, ես ո՞նց սպասեմ: Չորով դրեց, թե` պիտի կանգնես, թե չէ` վատ կլինի: Մարշրուտկի ժողովուրդը վրա տվեց սրան, թե` քո պատճառով հո չե՞նք սպասելու բան ու գործներս թողած: Իրա ուզած տեղում չկանգնեցի, մի 10-հարկանի քֆուր կապեց, էդ ժողովրդի մոտ ինձ ստորացրեց, որ էդ ժողովուրդն ինձ պադերժկա չաներ, երեւի դանակը փորս կկոխեր: Ուզում եմ ասել, որ վարորդների գործը շատ ներվային գործ ա: Հիմա տաքսի եմ քշում ու մի հոգու նազ եմ քաշում, բայց մարշրուտկեքինն ահավոր ա: Հիմա որ կանգառներում կանգնելու էդ արգելքը դրել են, ուրեմն թող հեռուստատեսությամբ քարոզեն, ժողովրդին ասեն, որ չի կարելի վարորդից պահանջել չթույլատրված վայրերում կանգնել»,- խորհուրդ է տալիս Բարսեղը ու վստահեցնում, որ փողոցների սոդոմ-գոմորի իրենց բաժին մեղքն ունեն նաեւ քաղաքային տրանսպորտից օգտվող մեր քաղաքացիները:

«Հիմա դուք նայեք էս կանգառը («Այրարատ» կինոթատրոնի դիմացի.-Լ.Ս.), 50 մետրանոց կանգառ ա: Ախր ստեղ էլ հո կանգառասրահ կա, բայց մարդիկ ամբողջ փողոցը զավթել են: Էս էլ հո քաղաքացիների մեղքն ա, ոչ թե Ռոբերտ Քոչարյանի կամ Երվանդ Զախարյանի: Նայե՛ք, Մանկավարժականի ուսանողությունը ստեղ ա, բայց անշնորհք երեխեք են, կանգառը թողած հասել են մինչեւ Տաշիր: Էս էլ հո տարրական կուլտուրա ա, որ էդքան ասելուց հետո մարդկանց ուղեղի մեջ չի մտնում: Մարշրուտկեն եկավ, հիմա որտե՞ղ կանգնի, որ չխախտի, սաղ փողոցը կանդալել, կանգնել են, բայց հո կարգը տենց չի՞, այ մարդ: Ջահել երեխեք են, էդքան զգուշացնելուց հետո էլի բերանները բացել, փողոցներում շարված տժում են»,- ասում է նյարդայնացած վարորդ Գուրգենն ու մատնացույց անելով փողոցներում շարված մարդկանց` ասում է. «Ուրեմն էլ խոսալու տեղ չունենք, մենք՝ հայերս սովոր ենք միշտ ուրիշներին մեղադրել, փոխարեն ինքներս մեր սխալներն ուղղենք»:

Իսկ, օրինակ, վարորդ Արթուրը վստահեցնում է, որ երթեւեկությունը չի փոխվել, հետեւաբար այդ որոշումը հերթական «թոզ փչոցին էր»: «Փորձի համար մի քանի րոպե կանգնեք ու հետեւեք երթուղայիններին: Եթե երթուղայինը երրորդ գծով գնում ա, բայց կանգառում կանգնած մարդը ձեռքը տնկում ա, երթուղայինը խախտում անելով երրորդ գծից գալիս, կանգնում ա: 100 դրամի համար ամբողջ երթեւեկությունը տակնուվրա են անում: Ինչքան գիտեմ` ահագին մեքենաներ տարել էին պլաշչադկա, բայց փողերը վերցրին, նորից բաց թողեցին: Իշխանությունները հայտարարում են, թե օրինական դաշտում գործող 6000 տաքսի կա, բայց թող ստուգեն նրանց վարորդական իրավունքները: Թող ստուգեն վարորդների վարորդական իրավունքների կարգերը: Էսօր սիրողական վարորդական իրավունք ունեցողներն ավտոբուսներ են քշում, երթուղային են քշում, գնացե՛ք, փորձի համար պահանջեք` թող ցույց տան: Այսինքն՝ ամենակարեւոր բանը հաշվի չեն առնում, եթե վարորդն էդ վարպետությունը չունի, ուրեմն՝ խախտումներով կքշի: Օրինակ՝ իմը 3-րդ կարգի ա, ես իրավունք ունեմ եւ՛ տաքսի քշել, եւ՛ բեռնատար մեքենա: Հիմա, երբ մեծ թվով ավտոբուսներ բերեն, ո՞վ պիտի քշի էդ մեքենաները, պիտի 1-ին կարգի վարորդներ գտնեն: Նման կարգ ունեցողներն էլ էն հին վարորդներն են, իսկ եթե նրանք չաշխատեն, ուրեմն` կբերեն ում պատահի: Էսօր ավտոբուսների ղեկին նստած 20-25 տարեկան ջահել տղաները մագնիտոֆոնը մինչեւ վերջ զլում ու կատաղած քշում են, դու հլը փորձի մի հատ նկատողություն արա…»,- դժգոհում է Արթուրն՝ ասելով, որ քաղաքային տրանսպորտը սպասարկող վարորդների մեծ մասն անփորձ երիտասարդներ են:

«Ուզում էի միլիցուն բռնեի, ճակատը պաչեի»

60-ամյա Գեւորգը կարծում է, որ քաղաքացիների մոտ վստահություն ձեռք բերելու համար մեր իշխանությունները նման որոշումներ պետք է հաճախակի ընդունեն. «Ա՛յ, էս տղամարդու գործ ա, եթե իհարկե մինչեւ վերջ իրանց ասածի տերը լինեն: Էսքան տարվա մեջ մեր քաղաքապետի կողմից հազիվ մի հատ կտրուկ բան տեսանք, թե չէ լացում են, հա լացում են: Երթեւեկությունը կանոնակարգելու էս ռեժիմն իրա նպատակին կծառայի, եթե ուտողները մի կողմ քաշվեն ու տուգանեն խախտում անողին, ոչ թե մենակ խեղճերին: Ես աչքովս տեսել եմ, թե ոնց են կարեւոր դեմք ունեցող վարորդին մի կողմ քաշել ու իրա ֆիրմա ավտոն տարել պլաշչադկա: Ուզում էի էդ միլիցուն բռնեի, ճակատը պաչեի, թե չէ արդեն անգիր գիտենք` ում վրա են ակտ գրում, ում վրա՝ աչք փակում»,- ասում է Գեւորգը: