Վրաստանը պետք է լուրջ քայլեր անի

24/11/2006

Միջազգային ճգնաժամային խմբի վերջին` «Վրաստանի հայ եւ ազերի փոքրամասնությունները» զեկույցն ուսումնասիրել է այս երկու համայնքների դժգոհությունը: Ըստ այդ զեկույցի, Վրաստանը մեծ առաջընթաց չի արձանագրել` իր բնակչության 12%-ը կազմող այս փոքրամասնություններին ինտեգրելու ուղղությամբ: Հայերը եւ ադրբեջանցիները լավ ներկայացված չեն հանրային կյանքի որեւէ բնագավառում, հատկապես` կառավարությունում, իսկ նրանց եւ Թբիլիսիի միջեւ երկխոսության պակասն էլ ավելի է սաստկացնում խտրականության եւ օտարացման ընկալումները: «Թբիլիսին պետք է շատ ավելին անի, որ վստահություն կառուցի եւ խրախուսի փոքրամասնություններին` լուծելու իրենց խնդիրները պետական կառույցների եւ ոչ թե փողոցի միջոցով»,- ասել է Միջազգային ճգնաժամային խմբի կովկասյան բաժանմունքի տնօրեն Սաբինա Ֆրայզերը: Ըստ ուսումնասիրության, թեեւ կառավարությունը ժխտում է, որ կա անհավասարություն, փոքրամասնություններից շատերը պնդում են, որ իրենց հետ վարվում են` ինչպես երկրորդ կարգի քաղաքացիների հետ: Փոքրամասնությունների կյանքը բարելավելու համար Վրաստանի կատարած որոշ քայլերից եւ ոչ մեկը չի կարող ցրել փոքրամասնությունների քաղաքական դժգոհությունները, եթե չկիրառվի այնպիսի քաղաքականություն, որը կբարձրացնի նրանց ներգրավվածությունն ու մասնակցությունը: «Վրաստանի կառավարությունը պետք է լուրջ քայլեր ձեռնարկի երկրի էթնիկապես հայկական եւ ադրբեջանական տարածքներում հակամարտությունից խուսափելու համար»,- նշված է զեկույցում: