Առանց խղճի խայթի

24/11/2006 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Հրավիրում է ներս: Սոսկալի գարշահոտում է: Մեկն անշարժ պառկած է, հանգուցյալին հատուկ սփրթնած գույն ունի: Տպավորությունս այնպիսին է, թե այդ մարդը մահացած է: Հարցնում եմ՝ «Ո՞վ է այս տղամարդը, մահացե՞լ է»: Ալինան ասում է՝ «Պապաս ա, մահացած չի, բայց…», բայց մահամերձ է: Նրանց սենյակում մարդկային ոչինչ չկա: Ալինան 33 տարեկան է, ապրում է ծնողների հետ: Հայրը՝ Ռոման Սամսոնովիչը Բաքվից ընտանիքի հետ Հայաստան գալուց հետո կաթված է ստացել: «Ինքը շատ աշխատող մարդ էր, մեզ շատ լավ էր պահում: Երբ եկանք Հայաստան` աշխատանք չէր ճարում, սովամահ էինք լինում, օրերով հաց չէինք ուտում: Ինքը շատ էր նեղսրտում, չդիմացավ, ինսուլտ խփեց»,- պատմում է Ալինան, ով այժմ հոգեմետ դեղեր է ընդունում: Ալինան ուզում է պատմել հոր մասին. «Ռոման Սամսոնովիչը լավ աշխատանք ուներ ու …»,- սկսում է պատմել Ալինան, սակայն նրա խոսքերն ընդհատվում են Ռոման Սամսոնովիչի ճիչով: Անշարժ պառկած հիվանդն աղջկա շուրթերից իր մասին խոսքերը լսելուն պես սկսում է բարձրաձայն լաց լինել ու երկու ձեռքերով գլուխը բռնելով` խփում է պատերին: Քարացած նայում եմ Ռոման Սամսոնովիչին: Ալինան փորձում է հանգստացնել ինձ. «Մի՛ վախեցեք, ուղղակի վատ ա զգում, լաց ա լինում, մի քիչ հանգստանում ա, հիվանդ մարդ ա: Եթե վախենում եք՝ կարող եք դուրս գալ, մենք սովոր ենք, չենք վիրավորվի: Ինքը չի կարող կանգնել, նենց որ, վնաս չի տա»: Հարցնում եմ՝ «Ինչպե՞ս եք խնամում նման ծանր հիվանդին, հիվանդանոց տարե՞լ եք…»: Ալինան ուզում է ինչ-որ կերպ պատասխանել այդ հարցին, բայց սկսում է կմկմալ, ասես չի գտնում այն բառերը, որոնց միջոցով կարող է ճիշտ պատասխանել: Սարսափելի ծանր վիճակում գտնվող այս ընտանիքը գոյատեւում է ընդամենը 22.000 դրամով, որը երեք հոգու ստացած թոշակի եւ ընտանեկան նպաստի ընդհանուր գումարն է: Ալինան ասում է՝ «Մենք 1988 թվից էս սենյակում ենք ապրում: 5 րոպե չկա, ինչ եկել եք, բայց ուզում եք վայրկյան առաջ փախնել այստեղից: Վատ է մեր վիճակը, հերթով խելագարվում ենք, չենք դիմանում էս դժվարություններին»: Ասում է, որ փախստականների մասին «հոգ» տանող Փախստականների կոմիտեն եւ բազմաթիվ բարեգործական կազմակերպությունները երբեւէ չեն եկել եւ չեն հետաքրքրվել իրենցով: Հարցնում եմ՝ «Ինչո՞վ եք սնվում»: Ալինան պատասխանում է՝ «Մամա Աննան գնում ա բարեգործական ճաշարան, հաց ա ուտում ու պապայի համար էլ հետը բերում ա: Հիվանդ ա, պիտի դիետիկ հաց ուտի, բայց դե՝ ինչ կարում ա, բերում ա, որ ուտի, սովից չմեռնի, չի դիմանում արդեն»: Սենյակի դուռը բացվում է ու հերթով ներս են մտնում նույն շենքի բնակիչները: «Փա՜ռք Աստծո, որ մեկն էս մարդկանցով հետաքրքրվել ա: Սենց բան տեսե՞լ էիր, աղջիկ ջան, որ մարդիկ էս պայմաններում ապրեն: Բա կարելի ա՞ մարդու հետ սենց վարվել, ասա՛, բերել անտեր-անտիրական գցել ու թողել են, որ սովից ու ցրտից մեռնեն: Հասկացանք, որ փախստականներ են, բայց ռեստորաններում օրումեջ 1000 դոլար ծախսող ղեկավարները չե՞ն մտածում, որ մարդկանց սպանելը մեղք ա: Սրանք մեղավո՞ր են, որ տնից-տեղից կտրվեցին ու էս օրն ընկան: 33 տարեկան աղջիկ ա, բայց չդիմացավ էս կյանքին, հոգեկան հիվանդություն ստացավ, հերն ինսուլտ տարավ, անկողնային դարձավ: Էս ի՞նչ դաժանություն ա, կարելի՞ ա մարդկանց ճակատագրերի հետ սենց խաղալ»,- ասում են հարեւաններն ու ամոթանք տալիս իշխանություններին: Ալինայենց հարեւանները վկայում են, որ նրա մայրը՝ տիկին Աննան, ոտքի վրա մահանում է: «Դու որ տեսնես էդ կնոջը՝ խղճահարությունից լաց կլինես, ափսոս, որ հիմա վերնիսաժում ա, աչքովդ կտեսնեիր իրա վիճակը: Խեղճ կինն էլ ձեւ չի գտնում սրանց պահելու համար»: Հարցնում եմ՝ «Աննան վերնիսաժում ի՞նչ է անում»: Պատասխանում են՝ «Ամեն օր փողոցների զիբիլանոցներն ա քրքրում: Հաց, մաց ա գտնում, բերում ա, ուտում են: Հին շորեր, քրջեր ա գտնում, բերում, լվանում, իրանք են հագնում, որ ցրտից չմեռնեն: Մեկ-մեկ էդ հին ապրանքների միջից պիտանի բան-ման ա գտնում, լվանում-մաքրում ա, տանում ա, վերնիսաժում 100-200 դրամով ծախում ա»: Ալինան չարությամբ նայում է հարեւաններին, չի ուզում, որ մոր մասին շատ բան պատմեն, որովհետեւ ինքը 33 տարեկան է, սակայն ոչնչով չի կարողանում մորն օգնել: Իրեն մեղավոր է զգում: Հորն է խնամում, մինչդեռ նրանց տանը բոլորն էլ խնամքի կարիք ունեն: Հարեւաններն անդադար բողոքում են այս ընտանիքի ծանր վիճակից, բայց այլեւս չեմ կարողանում լսել նրանց, սենյակի գարշահոտից շնչահեղձ եմ լինում: «Սիրտդ խառնո՞ւմ ա, աղջիկ ջան, արի դուրս, արի, պադյեզդում խոսանք, դու սրանց վիճակը չես պատկերացնում…»,- ինձ միջանցք հրավիրելով` կրկին վրա են տալիս նրանք ու ավելի դաժան բաներ պատմում Ռոման Սամսոնովիչի ընտանիքի մասին: Գլուխս պտտվում է, անխոս հեռանում եմ, չեմ ուզում լսել նրանց, որովհետեւ գուցե մեր ղեկավարները ճիշտ են անում, որ չեն այցելում Ռոման Սամսոնովիչի տուն: Այդպես ապրելը հեշտ է, այդպես առանց խղճի խայթի կարելի է ռեստորաններում 1000-ավոր դոլարներ ծախսել ու տեղյակ չլինել, որ քո հանրապետությունում մարդիկ սովից ու ցրտից խելագարվում են: Ռոման Սամսոնովիչի լացի ձայնն անընդհատ ականջներիդ մեջ լսելը ծանր է, իսկ մեր ղեկավարներին հանգիստ է պետք, որ կենտրոնանան, աղքատության հաղթահարման ռազմավարական դատարկ ծրագրերի մասին մտորեն, ճառեր ասեն, փայլուն մտքեր արտասանեն, բայց գործնականում ոչինչ չանեն: