Շուշիի կիրճում տեղակայված Քարին տակ գյուղ տանում է պարուրաձեւ, նեղ մի ճանապարհ: Ժայռը կախվել է գյուղի վրա, ասես պահապան լինի: Քարին տակը Շուշիին ամենամոտ գյուղն է: Միգուցե դա է պատճառը, որ այստեղ առաջին հայացքից չի նկատվում ղարաբաղյան շատ գյուղերին բնորոշ բացարձակ հուսալքության վիճակը:
Քարին տակն ապահովված է հեռախոսակապով եւ գազիֆիկացված է, ունի մանկապարտեզ, ուր հաճախում է 53 երեխա, դպրոց՝ 100 աշակերտով, մշակույթի տուն, երեք խանութ եւ երկու գրադարան: Ակումբում ծերերն ու երիտասարդները խաղում են նարդի, շախմատ ու հեռուստացույց են դիտում: Ռաջերի ու ռանիների ռոմանտիկ եւ գեղեցիկ սիրո պատմություններ շուրջօրյա ցուցադրող հնդկական ալիքն ամենասիրելին է այստեղ: Ամռանը ժամանակ առ ժամանակ գյուղ են գալիս զբոսաշրջիկներ՝ հիմնականում Շուշիում աշխատող սփյուռքահայեր: Երբեմն Շուշիից ներկայացումներով գալիս են թատերական խմբեր, լինում են համերգներ: Սակայն երկրի վրա բացարձակ դրախտի տպավորությունն անմիջապես ցրվում է, հենց գյուղացիները սկսում են իրենց կյանքի պատմությունները: Քարին տակում յուրաքանչյուր պատմություն սկսվում է պատերազմից: Նույնիսկ իմ փոքրիկ ուղեկցորդները՝ երեք քույրերը, ովքեր պտտվում են հետս ամբողջ գյուղով, առաջին հերթին ինձ տանում են Քարին տակի պաշտպանության ժամանակ զոհված 22 հերոսների հիշատակի հուշահամալիր: Գյուղացիները պատմում են, որ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ գյուղը շրջափակման մեջ է եղել 2.5 տարի, մինչեւ Շուշիի ազատագրումը: Ադրբեջանցիներն այն անվանում էին Դաշալտի՝ Քարին տակ: Ադրբեջանցիները երեք անգամ փորձել են գրավել Քարին տակը: Վճռական ճակատամարտը տեղի է ունեցել 1992 թվականի հունվարի 26-ին: Ադրբեջանցիները գրոհել են երկու գումարտակով, գյուղացիներն ունեցել են մի 40 ավտոմատ, ինքնաշեն նռնակներ եւ հրացաններ: Մարտը տեւել է մի քանի ժամ, որի ընթացքում սպանվել են 12 քարինտակցիներ եւ օգնության հասած 10 ազատամարտիկ: Ադրբեջանցիները կորցրել են 136 զինվոր: Կարինեի ամուսինը վիրավորվել է պաշտպանության ժամանակ. հակառակորդի գնդակը անցել է նրա ատամներով: «Ամուսինս երկրորդ կարգի հաշմանդամ է,- ասում է Կարինեն:- Բայց իրեն երրորդ կարգ տվեցին, որ քիչ վճարեն: Երկրորդ կարգի հաշմանդամության թոշակը կազմում է 30.000 դրամ, 4000 դրամ էլ յուրաքանչյուր երեխային՝ մինչեւ չափահաս դառնալը: Իսկ երրորդ կարգի համար տալիս են ընդամենը 27.000 դրամ, երեխաներին ոչինչ չի հասնում»: Կարինեի ընտանիքն ապրում է ամուսնու եղբոր ընտանիքի եւ սկեսրոջ հետ: Կարինեն ունի երեք երեխա, ամուսնու եղբայրը՝ երկու, այդպես, տասը հոգով, ապրում են փոքր տան մեջ: «Սա կյա՞նք է,- ուսերը թոթվում է Կարինեն:- Հինգ տարի առաջ գնեցինք այս տունը,- ցույց է տալիս խրճիթն այն տան կողքին, ուր հիմա ապրում է,- 600 դոլարով: Խոզեր մորթեցինք, որ վճարենք, բայց հիմա փող չկա, որ բնակելի տեսքի բերենք տունը: Տանիքն է պետք դնել, հատակը խփել, պատերը ներկել: Երեք տարի առաջ էլ` մայիսի 18-ին, այնքան ուժեղ էր անձրեւը, որ սելավը լցվեց տուն ու, ճանապարհին ամեն ինչ ավերելով` պատուհանից դուրս լցվեց: Ինչ հասցրել էինք խնայել, ծախսեցինք վերանորոգման վրա»: Կարինեի ընտանիքն ունի բանջարանոց, որտեղ աճեցնում են կարտոֆիլ, լոբի, կաղամբ: Եթե բերք է լինում, վաճառում են քաղաքում: Գյուղից Շուշի ամեն օր ավտոբուս է գնում: «Կիսուրս չար է»,- շշնջում է Կարինեն: «Չար» ասելով` այստեղ առավել հաճախ նկատի ունեն` «փնթփնթան»: «Երեխաները շատ են, կռիվ են անում: Չենք համբերում` երբ ենք տեղափոխվելու: Տարբեր տեղեր նամակներ ենք գրել՝ կառավարությունից օգնություն խնդրելով, բայց առայժմ ապարդյուն»,- ասում է Կարինեն: Երբ Կարինեն պատմում է, նրա աչքերում չկա չարություն, բայց նաեւ չի փայլում հույսի շող: Ոչ մի զգացմունք չի հայտնվում նրա դեմքին, միայն անվերջ հոգնածություն: Կարինեի ամուսնու եղբայրը՝ Վլադիմիրը, ով գյուղի ֆելդշերն է եւ բուժկետի վարիչը, նոր է վերադարձել հիվանդի մոտից: Վլադիմիրը հիշում է ավելի լավ ժամանակները, երբ բուժկետը պատկանում էր Շուշիի կենտրոնական հիվանդանոցին. այն ժամանակ հիվանդանոցը պարբերաբար տրամադրում էր անվճար դեղորայք, հաճախ էին շփվում բժիշկների հետ: «1999 թվականից ենթարկվում ենք գյուղապետարանին: Հիմա դեղորայքն էլ են հաճախ ուշացնում, աշխատավարձն էլ»,- ասում է Վլադիմիրը: Ֆելդշերի աշխատավարձը 25.000 դրամ է, բուժքրոջը՝ 20.000: Երկուսն էլ, արդեն 4 ամիս է, աշխատավարձ չեն ստացել:
Վլադիմիրը փոքր հողակտոր ունի հարեւան գյուղում. Քարին տակում վարելահողեր չկան: «Ինձ հող են տվել Սղնախում,- ասում է նա,- բայց ամեն օր չեմ կարող այնտեղ հասնել: Պայմանավորվել եմ մեկի հետ, նա մշակում է, եկամուտն էլ կիսում ենք»: Վլադիմիրը կարոտախտով է հիշում սովետական ժամանակները: «Այն ժամանակ Քարին տակում գործում էր Ստեփանակերտի էլեկտրատեխնիկական գործարանի մասնաճյուղը, մոտ 30 գյուղացի աշխատում էր այնտեղ: Կար Ստեփանակերտի մետաքսագործական կոմբինատի մասնաճյուղը՝ 70 բանվորով, կոլտնտեսություն կար: Իսկ հիմա…»: Հետո հպարտությամբ ավելացնում է. «Սակայն, չնայած դժվար կյանքին, ոչ ոք չի ձգտում հեռանալ գյուղից: 1988 թվականից միայն մեկ ընտանիք է լքել գյուղը: Նույնիսկ երիտասարդությունը, ի տարբերություն Արցախի մնացած գյուղերի, ձգտում է քաղաքում բարձրագույն կրթություն ստանալ ու վերադառնալ գյուղ: Այս տարի մեր գյուղից 15 շրջանավարտ սովորում է Ստեփանակերտում: Երիտասարդներից ոմանք աշխատում են Շուշիի գրասենյակներում, մյուսներն ապրուստը վաստակում են ցախ կոտրելով եւ վաճառելով»: Իմ ուղեկցորդուհիները ձանձրացան Վլադիմիրի համեստ կահավորված, կոկիկ աշխատասենյակում: Նրանց ավելի շատ դուր է գալիս ինձ ներկայացնել իրենց ընկերուհիներին ու ծանոթացնել գյուղի տեսարժան վայրերին: Օտարերկրացի զբոսաշրջիկներին գյուղի ցանկացած պատից բացվող համայնապատկերը խելքահան կաներ: Ճանապարհը թողած՝ մենք թռչկոտում ենք պատերի վրայով: «Էսպես ավելի ուրախ է ու արագ»,- բացատրում են քույրերը: Կրտսերը՝ Աննան, բռնել է ձեռքս, որ չընկնեմ. ինքն ընդամենը 2-3 տարեկան է: Իրենք ոչնչից չեն վախենում, միայն մեքենաներից: «Դու տեսե՞լ ես «Ծաղիկը փոշու մեջ»-ը»,- շուտասելուկի նման հարցնում են ավագները՝ Յանան ու Դիանան: Դա նրանց սիրելի հնդկական ֆիլմն է: Նրանք իրենք ծաղիկներ են փոշու մեջ, այնքա՜ն գեղեցիկ: Աղջիկները սիրում են իրենց գյուղը, բայց կարծում են, որ այստեղ ձանձրալի է ու անելու ոչինչ չկա: Նրանք երազում են մի օր տեղափոխվել Ստեփանակերտ՝ «հսկայական, սիրուն քաղաք», որտեղ Դիանան մոդել է լինելու: Մարտական տեսքով տատիկի մոտ, ով պնդում է, որ իր անունն իմանալը ինձ ոչինչ չի տա, ես շքախմբիս հրամայում եմ կանգ առնել: Տատիկը պատերազմում կորցրել է վեց հարազատի, այդ թվում՝ որդուն եւ դստերը, ապրում է զոհված որդու կնոջ ու թոռան հետ: Մյուս տղան երկրորդ կարգի հաշմանդամ է, իսկ դուստրն ամուսնացած է Ստեփանակերտում: «Տղաս «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշան է ստացել,- հպարտությամբ պատմում է նա:- Երեք անգամ ծանր վիրավորվել է, բայց փրկվել է: Իսկ չորրորդ անգամ անիծված գնդակը խփել է: Երեսունմեկ տարեկան էր, գյուղում ոչինչ չկար` ո՛չ դեղեր, ո՛չ բժիշկներ, ո՛չ ոք չէր կարող օգնություն ցույց տալ»: Իսկ դուստրն ուտելիք է տարել զինվորականներին: Ընդամենը տասնութ տարեկան էր, երբ զոհվել է: Տատիկը նաեւ հիշում է հերոս-շանը, որ «Պրիմա» ծխախոտ է հասցրել շրջափակված մարտիկներին: «Ամուսինս մահացավ հունիսին, պարտք արեցինք, որ թաղենք, էն էլ էս տարի բերք չեղավ, միայն լոբի կարողացանք վաճառել, չգիտեմ՝ ո՞նց պիտի փողը ետ տանք: Մեզ հող են տվել, բայց աշխատող ձեռքեր չունենք: Մեծ թոռս Ստեփանակերտում սովորում է, հարսս երկու անգամ կեսարյան հատումով ծննդաբերել է, իրեն ծանր աշխատանք չի կարելի: Հարսս աշխատում է գրադարանում, դրա համար իրեն զոհված ամուսնու համար փող չի հասնում: Ես նպաստ եմ ստանում տղայիս համար` ամսական 16.000 դրամ, ու ծերության թոշակ՝ 9000 դրամ: Իհարկե, չի հերիքում: Մի կերպ ծայրը ծայրին ենք հասցնում, երանի տալիս էս կյանքից ամեն գնացողին»,- հոգոց է հանում տատը:
www.hetq.am