Ո՞ւր ենք շտապում եւ ինչո՞ւ

24/11/2006 Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Կ. Աթայանը տեղեկացրեց, որ Ղարաբաղում գործող համույթներն ու անհատ կատարողները համերգներով հանդես են եկել ոչ միայն Երեւանում, այլեւ մի քանի այլ քաղաքներում՝ Աբովյան, Արտաշատ, Աշտարակ, Գյումրի…

Ղարաբաղի կամերային եւ «Մռակած» երգչախմբերին, Պարի պետական, «Մենք ենք, մեր սարերը», «Արցախի բալիկներ» համույթներին եւ անհատ կատարողներին համերգների ժամանակ միացել են նաեւ Հայաստանում արդեն հայտնի` ծնունդով ղարաբաղցի երգիչներ Արսեն Սաֆարյանը, Տիգրան Պետրոսյանը, Ռազմիկ Ամյանը, ինչպես նաեւ՝ Վարդան Բադալյանն ու Տիգրան Կարապետյանը: Նախարարի հավաստմամբ, Հայաստանի հանդիսատեսը շատ ջերմ է ընդունել Ղարաբաղի համույթներին, «ինչի մասին խոսում էին նաեւ համերգների ընթացքում հանդիսատեսի բուռն եւ երկարատեւ ծափողջույնները»:

Այսպիսի մեծամասշտաբ եւ մեծ հեղինակություն ունեցող կատարողների կազմով Արցախի օրերն առաջինն են, չնայած միջոցառումը երկրորդ անգամ է կազմակերպվում: Նախարարը, խոսելով կազմակերպչական աշխատանքների մասին, իր շնորհակալությունը հայտնեց ՀՀ եւ ԼՂՀ իշխանություններին՝ աջակցություն ցուցաբերելու համար: Նա գոհունակությամբ նշեց, որ պետբյուջեում կարողացան ամրագրել 10 մլն դրամը, որն էլ ծախսվել է վերոնշյալ միջոցառման անցկացման համար:

«Մշակութային օրերը մեր համույթների համար լուրջ ստուգատես-քննություն էին, որն էլ, կարծում եմ, կարողացան անցնել Արցախի համույթներն ու անհատ կատարողները»,- ասաց նախարարը, որը միջոցառման դրական կողմ է համարում նաեւ այն, որ համույթների անդամներին հնարավորություն է ընձեռվել ոչ միայն շփվել միմյանց հետ, այլեւ ստեղծել աշխատանքային կապեր: Իսկ որպես թերություն` Կամո Աթայանը նշեց գովազդը. «Մենք սահմանափակվել ենք միայն հեռուստատեսային եւ լրագրային գովազդով, սակայն բոլորին էլ հայտնի է, որ կան գովազդի այլ տարբերակներ, որոնք մեր կողմից չեն օգտագործվել՝ ֆինանսական հնարավորությունների սահմանափակ լինելու պատճառով»,- փաստեց նախարարը` ավելացնելով, որ համույթների երգացանկերը համալրելու կարիք նույնպես կա:

Կ. Աթայանը վերջում պատասխանեց նաեւ այլ հարցերի: Լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե ե՞րբ եւ ինչպե՞ս են լուծվելու Ստեփանակերտում գործող «Մենք ենք, մեր սարերը» համույթի շենքային պայմանները: Ի պատասխան` Կ.Աթայանը նշեց, որ արդեն մարզամշակութային կենտրոնի նորակառույց առաջին մասնաշենք են տեղափոխվել 5 մշակութային օջախներ, իսկ մյուսների, այդ թվում՝ «Մենք ենք, մեր սարերը» համույթի տեղափոխումը նախատեսվում է երկրորդ մասնաշենքի շահագործման հանձնելուց հետո, ինչը, նախարարի խոսքերով, կլինի մոտ մեկ տարի հետո:

Խոսվեց նաեւ կենտրոնացված քննությունների մասին, որոնց անցկացման կարգը դեռ չի մշակվել, քանի որ «չճշտված հարցեր կան»: Բացի այդ, Ղարաբաղում դեռ ստեղծված չէ Գնահատման կենտրոնը, որն էլ պետք է կազմակերպի այդ քննությունները: Իսկ այդ քննություններին մի քանի ամիս է մնացել, եւ այսօրվա 10-րդ դասարանցին դեռ չգիտի, թե իրեն ինչ է սպասվում եւ ինչպես պետք է քննություն հանձնի:

Չգիտես ինչու, այս ոլորտում շտապողականություն է նկատվում: Ղարաբաղում այդպիսի շտապողականությամբ անցան 12-ամյա կրթության. օգոստոսի վերջերին «Կրթության մասին» օրենքում կատարեցին համապատասխան փոփոխությունները, իսկ սեպտեմբերին արդեն անցան նոր կրթակարգին: Հիմա էլ ուզում են նույնը քննությունների հարցո՞ւմ անել…