Բյուրոկրատիա՝ հանուն անվտանգության

07/05/2005 Մարիամ ՎԱՐՈՍՅԱՆ

Մարդն օգտվում է կյանքի բարիքներից եւ անշուշտ ակնկալում է, որ այն ստեղծողն ու ներկայացնողը ոչ միայն գեղեցիկ փաթեթավորված կամ ձեւավորված կլինի, այլեւ՝ որակյալ, անվտանգ եւ առողջ: Դժվար թե մեզանից մեկը հանդուրժեր, եթե իմանար, որ իր բուտերբրոդը համեմված է բորբոսնած թթվասերով, իսկ գեղեցկադեմ աղջիկը, որը մատուցեց այն, վեներական հիվանդություն ունի: Թող չնեղանան նույն մատուցողուհիները, բարմենները, վաճառողները, խոհարարները, բժիշկները, վարորդներն ու այլ բնագավառի աշխատողները, ովքեր իրենց վրա վստահ լինելով՝ ժխտում են նման դեպքերի հավանականությունը: Անցած տարվանից ՀՀ Արտաքին գործերի նախարարությունում աշխատանքի ընդունվելու պարտադիր պայմանների թվում էր ՄԻԱՎ վարակակիր չլինելու մասին բժշկական եզրակացության առկայությունը: Սա հաստատեց Երեւանի թիվ 4 պոլիկլինիկայի գլխավոր բժիշկ Ռուբեն Վարդանյանը, քանի որ ԱԳՆ մոտ 90 աշխատակիցներ այսպես կոչված` պրոֆհետազոտությունները անցել են հենց այստեղ: Տեղեկացանք նաեւ, որ որոշ արտասահմանյան երկրներ մեկնելու համար դեսպանատուն նույնպես նման փաստաթուղթ է պահանջվում ներկայացնել: Ի դեպ, մեկ տարի առաջ դեկտեմբերի 1-ին՝ ՁԻԱՀ-ի միաջազգային օրվա կապակցությամբ հեռուստաընկերություններից մեկի եթերում հետաքրքրաշարժ թոք-շոու էր կազմակերպվել, որի ժամանակ քննարկվում էին ՄԻԱՎ վարակակիրների իրավունքները, մասնավորապես այն հարցը, թե արդյո՞ք ՄԻԱՎ վարակակիր լինելու փաստը խոչընդոտում է աշխատանքի տեղավորման հարցում եւ արդյո՞ք դա մարդու իրավունքների ոտնահարում չէ: Թոք-շոուի ժամանակ հանդիսատեսը եւ հյուրերը քվեարկեցին, եւ պարզվեց, որ եթե դահլիճի մեծամասնությունը գործատու լիներ, ապա աշխատանքի չէր ընդունի ՄԻԱՎ վարակակրի:
Մարդու առողջական վիճակի մասին ինչպիսի՞ փաստաթղթեր են հարկավոր տարբեր մասնագիտության տեր մարդկանց: Սկսենք սննդի ոլորտից, որտեղ ամենախիստ ու կանոնավոր հսկողությունը պետք է տարվի: Ըստ թիվ 4 պոլիկլինիկայի գլխավոր բժշկի տեղակալ Սուսաննա Միրաքյանի, սննդարտադրության եւ վաճառքի կետերում աշխատողները, այսինքն՝ սննդի տեխնոլոգները, մթերային խանութի վաճառողները, խոհարարները, մատուցողները, բարմենները եւ այլն, պետք է հետազոտվեն տարին մեկ անգամ: Ֆլյուորոգրաֆիան, թերապեւտիկ, մաշկա-վեներական, ինֆեկցիոն այլ հիվանդությունների, բակտերիոլոգիական եւ ատամնաբուժական հետազոտությունները նրանց համար պարտադիր են: Երբ փորձեցինք իմանալ, արդյոք հետեւո՞ւմ են այս պահանջներին «օբյեկտների» տերերը, որոնք աշխատանքի ընդունելիս պետք է պահանջեն առողջության մասին տեղեկանքը, պարզվեց, որ այս հարցը շատերի մոտ ծիծաղ է առաջացնում: Մի փորձառու մատուցողուհի, որն աշխատել է Երեւանի տասնյակից ավելի բար-սրճարաններում, փաստեց, որ ոչ մի անգամ գործի ընդունվելուց իրենից չեն պահանջել բժշկի տեղեկանք: «Որքանով ես եմ տեղյակ, խոհարարների համար շեֆերը գնում-«հանում» են էդ թղթերը: Բայց մատուցողի համար ի՞նչ անպայման է»: Այս տեսակետից պարտաճանաչ են «Կոկա-կոլայի» աշխատողները, որոնք, տիկին Միրաքյանի խոսքերով, ժամանակ առ ժամանակ այցելում են իրենց: Այժմ այստեղ հետազոտվում են «ԱրմենՏելի» աշխատակիցները: Հեռախոսավարուհիները պետք է անցնեն աուդիոմետրիա, այսինքն՝ լսողության ստուգում, ֆլյուորոգրաֆիա, թերապեւտի, քիթ-կոկորդ-ականջի, ակնաբույժի, նյարդաբանի հետազոտություն: Կաբելագործների համար պարտադիր է արյան քննությունը, քանի որ նրանց արյան մեջ հաճախ հայտնաբերվում են ծանր մետաղներ:
Առողջապահական ոլորտի մասնագետների վերաբերյալ եւս կան պահանջներ: Կա բժիշկների այնպիսի խումբ, որոնք պարտադիր պետք է ստուգվեն: Դրանք ծննդատների բժիշկներն են, գինեկոլոգները, քիթ-կոկորդ-ականջի մասնագետները եւ ատամնաբույժները: Օրինակ, ատամնաբույժին այցելող քաղաքացին կարող է բժշկից պահանջել նրա առողջականի մասին տեղեկանք, որը թարմացվում է կես տարին մեկ: Խոսքը վերաբերում է նաեւ բուժքույրերին ու սանիտարներին: Դեղատների աշխատակիցները հետազոտվում են մաշկաբանի մոտ 6 ամիսը մեկ:
Ոստիկանությանը եւ Ազգային անվտանգության ծառայության աշխատակազմին ստուգում են հենց Ներքին գործերի նախարարության համապատասխան բաժնում, բայց Ոստիկանությունում աշխատելու համար հարկավոր է ներկայացնել հոգեբուժարանում հաշվառման մեջ չգտնվելու մասին տեղեկանք: Վարորդներն առաջին հերթին անցնում են ակնաբուժական հետազոտություն, ապա՝ արյան, թերապեւտիկ, վիրաբուժական, քիթ-կոկորդ-ականջի, մաշկային քննություն:
Վարսավիրները, հյուրանոցների եւ լվացքատների աշխատողները, ուսուցիչները, դաստիարակները, մանկատան ու ծերանոցի աշխատողները… Այս անվերջանալի ցուցակում չկային միայն երկու կատեգորիաներ՝ մարմնավաճառներն ու քաղաքական գործիչները: «Իսկ լրագրողնե՞րը»,- կհարցնեք: ԶԼՄ-ները մեր երկրում մասնավոր բիզնեսի ներկայացուցիչներ են: Գործատուն կարող է պահանջել կամ չպահանջել լրագրողից առողջության տեղեկանք: Բայց իրականում, յուրաքանչյուր թղթաբանական հարցի շուրջ կարելի է երկար ու բարակ խոսել ու գրեթե միշտ այդ խոսակցություններին «ականջ դնող» չկա: Որովհետեւ ոչ մի խոհարար, վարսավիր ու առավելեւս՝ ուսուցիչ կամ դայակ տարեկան 50 դոլար չի ծախսի՝ բժիշկների դռներն անտեղի թակելով: Եթե այդպես լիներ, պոլիկլինիկայի բժիշկները երանության մեջ կլինեին: