«Էստետիսիանը», որն առողջապահական ոլորտի մասնագետ է, յուրաքանչյուր դիմողի պետք է կարողանա այնպիսի խորհուրդներ տալ, որոնց կիրառմամբ մաշկը կդառնա ավելի առողջ եւ գեղեցիկ։
Այս մասնագետը խորհրդակցության միջոցով պետք է կարողանա վերլուծել տվյալ մաշկի առանձնահատկությունները եւ ըստ դրա ծրագրել մաքրման, մաշկի հատուկ բուժումների եւ տնային խնամքի գործընթաց։
Մաշկի հիմնական կառուցվածքը բոլոր մարդկանց մոտ նույնն է։ Սակայն մաշկի ֆիզիոլոգիական գործունեությունը բոլորի մոտ տարբեր է: Այդ պատճառով մաշկի մի քանի տեսակներ կան:
Մաշկի խնամքով զբաղվելու առաջին եւ ամենակարեւոր քայլը մաշկը ճիշտ ճանաչելն ու տեսակը ճիշտ գնահատելն է։ Որեւէ բուժումից առաջ անպայման պետք է դա կատարել։
Մաշկի հիմնական տեսակներն են`
– նորմալ
– չոր
– յուղոտ
– կոմբինացված (խառը)
Նորմալ մաշկ
Նորմալ մաշկը նաեւ հավասարակշռված մաշկ է համարվում, քանի որ այն ոչ շատ չոր է եւ ոչ էլ շատ յուղոտ։ Այսպիսի մաշկ են ունենում հիմնականում մանուկները: Հասուն մարդկանց մոտ այդպիսի մաշկ ունենալը հազվադեպ երեւույթ է։
Նորմալ մաշկի առանձնահատկություններն են`
– ծակոտիները լայնացած չեն
– հյուսվածքը ոչ շատ նուրբ է եւ ոչ էլ կոպիտ
– գույնը պայծառ է
– առաձգական է
– հպվելիս մաշկը դիմակայուն է
– ընդհանրապես դեֆեկտներ չեն նշմարվում
– խոնավությունը եւ յուղային արտադրությունը բավարար են։
Չոր մաշկ
Չոր մաշկի մոտ պակասում են խոնավությունը կամ յուղայնությունը, երբեմն էլ` երկուսը միասին։ Քանի որ մաշկի յուղայնությունը չի թողնում, որ նրա խոնավությունը գոլորշիանա, հետեւաբար, այն մաշկը, որ բավարար յուղայնություն չունի՝ շուտ չորանում է։ Չոր մաշկը կարող է կոչվել նաեւ խոնավազուրկ մաշկ։
Չոր մաշկի առանձնահատկություններն են`
– ծակոտիները փոքր են ու նեղ
– խոնավությունը եւ յուղային արտադրությունը բավարար չեն
– մաշկը բարակ է ու նուրբ, երբեմն՝ թեփոտած
– այն հակված է զգայուն լինելու (երբեմն երեւում են լայնացած ու փխրուն մազանոթներ)
– կանխահաս կնճիռներ են նշմարվում չոր մաշկերի մոտ, հատկապես աչքերի ու բերանի շուրջ եւ պարանոցի վրա
– գույնը միատարր չէ, եւ հաճախ պեպեններ կան մաշկի վրա
– հաճախ աչքի շուրջ եւ այտերին երեւում են սպիտակ փոքրիկ ճարպագնդիկներ (միլիա)։
Մաշկի չորության պատճառ կարող են հանդիսանալ`
– ժառանգականությունը
– սթրեսը
– սեռային հորմոնները
– արեւը
– որոշ դեղամիջոցները
– տարիքը
– կլիմաքսը
– ձեռնահարումը։
Թեման կշարունակենք հաջորդ հինգշաբթի։
«Վիտակ» մաշկի խնամքի կենտրոնը
Ավելի քան երեք տարի աշխատում է Երեւանում, Պուշկինի 10/6 հասցեում։ Կենտրոնը մաշկի խնամքի ասպարեզում ունի 30 տարվա անցյալ ու փորձառություն։
«Վիտակը»` ունենալով մասնագիտական բարձր վկայականներ, աշխատում է ֆրանսիական «MARY COHR» եւ «MARIA GALLAND» մասնագիտացված ընկերությունների նյութերով եւ նույն կենտրոնների գիտական նոր մոտեցումներով։
«Վիտակում» խորհրդատվությունն անվճար է։
Այցելեք, որպեսզի մեր օգնությամբ ճանաչեք Ձեր մաշկի առանձնահատկությունները եւ այն ճիշտ խնամելու ձեւերը։
Հեռախոս՝ 56-63-59։
Մաշկի խնամքի մասին ձեզ հուզող հարցերով կարող եք դիմել նաեւ էլեկտրոնային [email protected] հասցեով: Պատասխանները կտրվեն էլ. փոստով կամ «168 Ժամ»-ի այս սյունակում՝ առանց նշելու դիմորդի իրական անունը։