Փայլուն մտքեր

22/11/2006

Արա Աբրահամյանը երեկ հայտարարել է, թե դեռեւս չի կողմնորոշվել` ՀՀ ԱԺ ընտրությունների ժամանակ քաղաքական ո՞ր ուժին է պաշտպանելու: Հիշեցնենք, որ նախկինում նա աջակցում էր ՀՌԱԿ-ին, Արթուր Բաղդասարյանին, ՀՅԴ-ին, ՀՀ գործող իշխանություններին, Վազգեն Մանուկյանին… Իսկ Արա Աբրահամյանի դեպքում «աջակցել» բառը նշանակում է` գումար տալ: «Մենք իրավունք էլ չունենք չմասնակցենք, մեր խոսքը չասենք, որովհետեւ այսօր Ռուսաստանում ապրում են Հայաստանի 500.000 քաղաքացիներ: Մենք հիմա հետեւում ենք ՀՀ քաղաքական դաշտին՝ տեսնենք, թե ով՝ ի՞նչ ծրագրեր է ներկայացնում, ի՞նչ քաղաքական հայացքներ ունի»,- երեկ ասել է նա: Ինչեւէ, ՀՀ ներքաղաքական հարցում նա թեեւ դեռ չի կողմնորոշվել, բայց աշխարհաքաղաքական հարցերում էլ հո կողմնորոշվե՞լ է: Եվ ահա թե

նա ինչ է խորհուրդ տալիս. եթե ռուս-վրացական հարաբերություններն ազդում են Հայաստանի տնտեսական քաղաքականության վրա, ապա ՀՀ-ն պետք է քննադատի Վրաստանին: Ինչպիսի փայլուն միտք, ո՞նց գլխի չէինք ընկել: Նա, փաստորեն, ասում է, որ Հայաստանը պետք է կողմնորոշվի ում հետ է` Ռուսաստանի՞, թե՞ Վրաստանի: Իսկ գուցե Հայաստանն ինքնուրույն, առանց ՌԴ կամ ԱՄՆ միջամտությա՞ն պետք է որոշի` ինչպես է ուզում ապրել` հաշվի առնելով բացառապես ՀՀ ազգային շահը: Ա. Աբրահամյանը, երեւի, այս մասին չէր մտածել: Իսկ երեկ արտահայտած իր խոսքերն իրականում գրեթե չեն տարբերվում Կ. Զատուլինի` վերջերս արած հայտարարություններից, որը Հայաստանի` բոլորի հետ հաշտ ու խաղաղ ապրելու կեցվածքը համեմատում էր Լեոպոլդ կատվի հետ: Այստեղ, իհարկե, ՀՀ իշխանությունների մեղքը մեծ է, քանի որ թույլ են տվել այստեղ «ոտքեր սրբել»:

Իսկ ՌԴ-ում հայերի դեմ կատարվող բռնություններն ու սպանությունները Ռուսաստանի հայերի միության նախագահը հակահայկական արշավ չի որակում, եւ Պուտինի վարած քաղաքականությունն արդարացնելով, ասում է, թե ՌԴ-ում այսօր ավելի շատ ադրբեջանցի է սպանվում, քան հայ: Իսկ ի՞նչ կապ ունի` հա՞յ է սպանվում, ադրբեջանցի՞, անգլիացի՞, թե՞…

Կարդացեք Եւս մեկ Զատուլին