Խելագարված ամբոխները կարթնանա՞ն

22/11/2006 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

2007թ. խորհրդարանական ընտրություններին մասնակցելու պատրաստակամություն հայտնած քաղաքական ուժերից ոչ ոք դեռեւս չգիտի, թե որ քաղաքական ուժի հետ է դաշինք կամ միավորում կազմելու: Բայց հաստատ գիտեն, որ կազմելու են, որովհետեւ գիտեն, որ իրենցից յուրաքանչյուրն առանձին վերցրած գրեթե ոչինչ չի նշանակում, ու չեն էլ կասկածում, որ խորհրդարանում աթոռներ ունենալու համար իրենցից շատ քչերը կարող են առանձին մասնակցելու դեպքում հաղթահարել 5 տոկոսանոց պատնեշը:

Օրինակ, ՀՅԴ-ում վստահեցնում են, որ իրենք առանձին են գնալու ընտրությունների, որեւէ ուժի հետ չեն միանալու, բայց չգիտեն` առանձին մասնակցելու դեպքում կկարողանա՞ն այնքան տեղ ունենալ ԱԺ-ում, որքան այսօր ունեն: Իսկ ՀՀԿ-ում երբեք էլ չեն բացառել, որ որեւէ «պատեհ» պահի իրենք կարող են միավորվել որեւէ ուժի հետ: Վիճակը նույնն է նաեւ նորաստեղծ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում. դեռեւս ամիսներ առաջ մեր թերթին տված հարցազրույցում կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն ասել է, որ չի բացառում այս կամ այն ուժի հետ համագործակցությունը:

«Օրինաց երկիրը» մշտապես փնտրտուքների մեջ է: Մեզ հետ զրույցում կուսակցության անդամներից մեկը նշեց, որ ՕԵԿ-ն այսօր այլեւս այն ուժը չէ, որ կարողանա միայնակ մասնակցել ու ինչ-որ արդյունքի հասնել: Մեր զրուցակիցը խոստովանեց, որ այս տարիների ընթացքում ՕԵԿ-ը շատ է վարկաբեկվել, քանի որ` լինելով իշխանության մեջ, Արթուր Բաղդասարյանն իրեն ճիշտ չի դրսեւորել. «Ոչ մի տեղ չի թողել բանակցելու, ով լսում է` ՕԵԿ-ն ուզում է իր հետ բանակցել ընտրությունների թեմայով, ասում են` վստահելի չեք»,- ասում էր մեր զրուցակիցը` վստահեցնելով, որ բոլորն Արթուր Բաղդասարյանին, այնուամենայնիվ, համարում են «իշխանությունների մարդը», որին իշխանությունները դիտավորյալ հեռացրին իրենց շարքերից, որպեսզի ընդդիմության շարքերը մտնի ու նրանց քայլերը վերահսկի:

Քաղաքագետ պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանն, օրինակ, հավատացած է, որ մինչեւ հունվար քաղաքական դաշտում որեւէ հստակեցում չի լինելու: Նման զարգացումների, ըստ նրա, պետք է սպասել ամանորյա տոներից հետո: «Քանի որ մեր իրականության մեջ զարգացումներն ապաքաղաքական եւ ապագաղափարական են, հնարավորություն է տալիս կանխատեսելու ցանկացած տեղաշարժ: Նույնիսկ նախընտրական ամենաէկզոտիկ, ամենատարաշխարհիկ միավորումների, դաշինքների ստեղծում»,- ասում է Հմայակ Հովհաննիսյանը:

Մեր հարցին, թե առաջիկա ընտրություններում առավել առաջնայինն ու կանխորոշիչը նախընտրական ծրագրերն ու գաղափարախոսություննե՞րն են լինելու, թե՞ փողը, եւ քաղաքական ուժերի համար հաղթանակ ապահովելու համար որի՞ կիրառումն է ավելի ձեռնտու լինելու, Հ. Հովհաննիսյանը պատասխանեց. «Պարզ երեւում է, որ մրցակցելու են ոչ այնքան գաղափարները, հրապարակային քաղաքական գործիչները, որքան կազմակերպչական եւ նյութական կարողությունները: Իսկ քանի որ մեզանում այսօր կազմակերպչական ցանկացած ձեռնարկ չի կարող հաջողություն ունենալ, եթե ապահովված չէ լուրջ ֆինանսական ներդրումներով, ուստի կարելի է կանխատեսել, որ հիմնական գործոնը կարող է հանդիսանալ հենց փողը, եթե չլինեն ֆորս-մաժորային հանգամանքներ, եւ չստեղծվի մի իրավիճակ, երբ կայուն գործընթացներն իրենց տեղը կզիջեն խելագարված ամբոխների գործողություններին»:

Իսկ «խելագարված ամբոխների» գործողություններն, ըստ քաղաքագետ Հովհաննիսյանի, կարող են ի հայտ գալ ժողովրդի ակտիվացման շնորհիվ միայն, եւ միայն այդ խելագարված ամբոխների ակցիաների շնորհիվ կարող է փողը դադարել իր վճռորոշ դերակատարումից: Այսինքն` կարժեզրկվի:

Բայց Հ. Հովհաննիսյանը վստահ չէ. մեր ժողովուրդը փո՞ղ, թե՞ գաղափարախոսություն երկընտրանքի առջեւ հայտնվելու դեպքում նրանցից ո՞րը կընտրի: Ուստի դժվարացավ պատասխանել մեր հարցին, թե ո՞րն է այդ երկուսից նախընտրելի մեր ժողովրդի համար: «Դրա համար բյուջեի քննարկումների ժամանակ ես պնդում էի, որ բյուջեն պետք է ապահովի մարդու ֆիզիկական գոյության համար անհրաժեշտ զամբյուղը: Եթե այդպես լինի, ապա մեր ժողովուրդը փողն այդքան չի կարեւորի: Պետք է բոլոր հնարավոր միջոցներով նպաստել սոցիալական բեւեռացման նվազմանը` առանց որի հնարավոր չէ ակնկալել նորմալ ընտրություններ: Սոցիալական բեւեռացման պայմաններում ընտրակաշառքն անխուսափելիորեն դառնալու է ընտրությունների ընթացքում հաջողության հասնելու վճռորոշ, եթե ոչ միակ գործիքը: Մեզանում սոցիալական բեւեռացումն ընտրություններն ինքնըստինքյան վեր է ածում նախօրոք կանխորոշված արդյունքով կաշառք բաժանելու գործընթացի»,- ասում է Հ. Հովհաննիսյանը:

Մեր դիտարկմանը, թե այսօրվանից արդեն կարո՞ղ ենք կանխատեսել, որ ընդդիմությունը, որը չունի ֆինանսական ռեսուրսներ, արդեն իսկ դատապարտված է առաջիկա ընտրություններում, Հ. Հովհաննիսյանն ասաց. «Եթե ընդդիմությունը չկարողանա ընտրությունների առիթով ոտքի հանել ժողովրդին, ապա, այո, դատապարտված է լինելու պարտության: Որովհետեւ մեզանում փորձը ցույց է տալիս, որ ժողովուրդն ակտիվանում է հենց ընտրությունների առիթով: Մինչ այդ ժողովուրդը գործնականում չի կարողանում համախմբվել, հաղթահարել հուսահատվածությունը: Չի կարողանում ցուցաբերել սոցիալական համերաշխություն, երբ ինչ-որ պրոբլեմ է առաջ գալիս` Հյուսիսային պողոտա եւ այլն: Ընտրությունների ժամանակ սովորաբար բոլորին հուզող հարցերն ի մի են բերվում, ինչպես եղավ 1996թ.: Այդ ժամանակ բացարձակ անդորր էր տիրում երկրում, իսկ հետո միանգամից ալիք բարձրացավ, որի հետեւանքները բոլորիս հայտնի են»: Հ. Հովհաննիսյանը գտնում է, որ ընդդիմությունը պետք է հարմար առիթը որսա ու ժողովրդին ոտքի կանգնեցնի: Սակայն մտավախություն ունի, որ ընդդիմությունն, այնուամենայնիվ, դարձյալ բաց է թողնելու բոլոր հնարավոր առիթները, ինչպես դա արդեն բազմից արել է: «Շատ ցավոտ հարցեր կան, բայց այդ հարցերի արծարծումը որեւէ մեկը չի կարողանում իրականացնել: Ընդդիմադիր խմբերը, շերտերը չեն կարողանում այդ բոլոր կնճռոտ հարցերն ի մի բերել եւ` միաժամանակ ներկայացնելով համատեղել բոլորի ուժերը, հանդես գալ: Բայց ընտրությունների առիթով նրանք պետք է դա անեն: Իսկ այդպիսի իրավիճակի ստեղծողն ընդդիմությունը չէ. ընդդիմությունը պարզապես պետք է փորձի օգտվել այդ իրավիճակից: Այլ խոսքով` ընդդիմությունը երկու խնդիր ունի. նպաստել նման իրավիճակի ստեղծմանն ու օգտվել: Կհաջողվի՞ նրանց դա անել, թե՞ ոչ: Դա շատ անգամ պայմանավորված է նրանով, թե արդյոք ընդդիմությունը կկարողանա՞ ճիշտ կազմավորել իր շարքերն ու ճիշտ կազմակերպվել: Այո, բարձրացված հարցը շատ արդիական է, որի մասին ընդդիմությունը պետք է մտածի: Նույնը նաեւ վերաբերում է իշխանական ուժերին»,- ասում է Հ. Հովհաննիսյանը` ավելացնելով, որ ընդդիմադիրները պետք է հասկանան, որ իրենք պարտավոր են ունենալ իրենց համար նպաստավոր զարգացումների սցենար: «Պետք է հասկանան, որ իրենք պարտավոր են հաշվի առնել վերջին տարիների փորձը եւ, ի մի բերելով այդ փորձը, ընդունել համապատասխան վճիռ, թե ինչպես պետք է կազմակերպեն քաղաքական դաշտի այն հատվածը, որին իրենք պատկանում են, որպեսզի այդ հատվածում հնարավոր լինի իսկապես առաջ բերել լուրջ այլընտրանք»,- ասում է Հ. Հովհաննիսյանը` կասկածելով, թե ընդդիմությունը, որը պարտավոր է ունենալ այդ վերլուծությունը, երբեւէ նման քայլ կանի: