Դուրս եկան Կոնգրեսից

22/11/2006

Երեկ Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցությունը հայտարարել է, որ դուրս է գալիս Հայերի համաշխարհային կոնգրեսից: Հիշեցնենք, որ Հայերի համաշխարհային կոնգրեսը ստեղծվել է 2003թ. եւ ղեկավարվում է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի կողմից, իսկ ՀՌԱԿ-ը Կոնգրեսի հիմնադիր անդամ է: «Ինչպես մնացած հիմնադիր կազմակերպությունների ղեկավարները, այնպես էլ ՀՌԱԿ ղեկավարությունը մեծ ոգեւորությամբ ընդունեց նմանատիպ համահայկական կազմակերպության ստեղծման գործընթացը: Չնայած դեմ լինելով փաստին, որ համահայկական կառույցի գրանցումը իրականացնելու էր ՌԴ Արդարադատության նախարարությունը, այնուամենայնիվ համազգային կուտակված հարցերը լուծելու առաջնահերթությունը Հայ ազգի տվյալ հանգրվանին, պատմական զարգացման առումով շատ ավելի կարեւոր համարվեցին»,- ասված է ՀՌԱԿ-ի երեկվա հայտարարության մեջ: Հետագայում տեղի ունեցածը, ըստ ՀՌԱԿ-ի հանրապետական վարչության, հիասթափեցնող էր: Նրանք նշում են Հայերի համաշխարհային կոնգրեսի գործունեության անկազմակերպ, անգրաֆիկ եւ անպատասխանատու բնույթի մասին: «ՀՌԱԿ ղեկավարությունը բազմիցս դիմել է Հայերի համաշխարհային կոնգրեսի ղեկավարությանը՝ տարեկան կատարած աշխատանքների մասին հաշվետվություն ներկայացնելու կապակցությամբ, սակայն մինչ օրս չի ստացվել որեւիցե պատասխան»,- ասում է ՀՌԱԿ-ը: Այդ իրադրությունից ելնելով եւ հաշվի առնելով Հայերի համաշխարհային կոնգրեսի ղեկավարության ներկայիս գործելաոճը, որը, ըստ ՀՌԱԿ-ի, արդեն ձգվում է երեք տարի, ՀՌԱԿ-ը որոշում է կայացրել դուրս գալ Հայերի համաշխարհային կոնգրեսի հիմնադիր կազմից: Կուսակցությունը հայտարարում է, որ այսուհետ պատասխանատվություն չի կրում Կոնգրեսի գործունեության համար: