Երկուշաբթի հանդիպեցի իմ վաղեմի ծանոթին` Արամ Աբգարյանին, որը նոր էր վերադարձել Մոսկվայից: Նա այնտեղ եղել էր հայաստանյան մամուլում աղմուկ հանած «Փյունիկ»-«Նեֆթչի» խաղին եւ շատ վրդովված էր: Ա. Աբգարյանի համաձայնությամբ ձայնագրեցինք իր տպավորությունները խաղից եւ ներկայացնում ենք գրեթե առանց խմբագրման եւ առանց որեւէ մեկնաբանության:
«Մի շաբաթ իմ անձնական գործերով Մոսկվայում էի, նախավերջին օրը, հունվարի 19-ին ընկերս` Աշոտը (նա Մոսկվայի ամենահայտնի եւ հարուստ հայ դիզայներներից մեկն է), «Փյունիկ»-«Նեֆթչի» խաղի հրավիրատոմսեր բերեց: Ճիշտն ասած, ֆուտբոլից հեռու մարդ եմ, բայց հաճույքով համաձայնվեցի: Մեծ տոնի ակնկալիքներ ունեի, ինձ թվում էր՝ ամբողջ ստադիոնը հայերով լցված կլինի, մեր տղերքին կօգնենք, որ կրեն: Պարծենում ենք, չէ՞, որ Ռուսաստանի մայրաքաղաքում կես միլիոնից ավելի հայ է ապրում, հեղինակավոր մարդիկ կան, գործարարներ, բոլորը հայրենասեր են, աշխարհի հայերին էլ միավորող միություն կա Մոսկվայում: Էլ որտե՞ղ պիտի տեսնեմ բոլորին, եթե ոչ այսպիսի մարտի ժամանակ: Գնացինք: Ստադիոնում շատ զարմացա, որ ադրբեջանցի ֆուտբոլասերները մի երեք անգամ մեզանից շատ էին (երեւի, մի 6-7.000), եկել էին ազգային դրոշներով, կարգախոսներով, շատ կազմակերպված: Ու հագուկապից դատելով՝ հաստատ միայն շուկաների առեւտրականներ չէին: Ու ի՜նչ լավ էին «բալետ» անում: Մեր թիմի տղերքը այդ բոլորը տեսան ու, ինձ նույնիսկ թվաց, տխրեցին:
Կողքից էլ մերոնք փսփսում էին, ձեռքով ցույց տալի ադրբեջանական տրիբունաների կողմը, որ «Նեֆթչիին» ոգեւորելու Բաքվից կառավարության մի քանի անդամ են եկել, իրենց դեսպանն էր նստած (երեխայի պես ուրախանում էր ամեն մի լավ հարվածին): Հարցրեցի Աշոտին (ինքը բոլորին շատ լավ գիտի), մեր ղեկավարներից ո՞վ կա: Պարզվեց, ոչ մեկը` ոչ Հայաստանից, ոչ դեսպանությունից, ոչ էլ Մոսկվայի ճանաչված դեմքերից: Ասեց՝ դե, դեսպանը երաժիշտ է, սպորտից հեռու, մարզադաշտն էլ ո՛չ «Կրիստալ» կազինոն է, ո՛չ էլ «Բրիոնի» խանութը, որ մեր մինիստրներին հետաքրքրի:
Հիմար պիտի լինեիր, որ չհասկանայիր. Ադրբեջան պետությունը, կամ Մոսկվայի ադրբեջանցիները («Լուկօյլի» Ալեքպերովը պաշտոնական տվյալներով՝ 5-6 միլիարդ փող ունի) միայն խաղադաշտում չէ, որ աջակցում են թիմին: Մեր ջահելներին դաշտում ջարդում են` մրցավարի սուլոց չկա, մեր 100%-անոց գոլն էլ չհաշվեցին, ամեն ինչ պարզ էր: «Նեֆթչին» էլ միայն անունով էր ադրբեջանական. թիմի մեծ մասը լեգեոներներ են՝ վրացիներ, ռուսներ, Սերբիայից խաղացող կար, այլ երկրներից: Բայց մերոնք լավ խաղացին: Ափսոս էր:
Մի բանից էի վախում, էս խաղից հետո նոր պատերազմ չսկսվի հայերի ու թուրքերի միջեւ: Ոնց որ երկու վայրի ցեղախումբ որսի ժամանակ իրար «ռաստ գան»: Եթե «Փյունիկի» մարզիչը վճռական չլիներ, դաշտում ջարդոցը սկսվելու էր, անցներ տրիբունաներին (ադրբեջանցիք շատ էին, դրանով էլ ոգեւորված): Մեկ էլ մեր Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Հայրապետյանն էր` մեկ վազում դաշտ էր դուրս գալիս, մեկ տրիբունաներ էր վազում-բարձրանում՝ «տաք գլուխները» սառացնում: Հետո էլ ՕՄՕՆ-ի ջոկատ կանչեց: Խայտառակությունից պրծանք (չնայած, մյուս օրը խոսում էին, որ խաղից հետո մետրոյի մոտ արյունլվա կռիվներ եղան):
Մի բան ես հասկացա. «Փյունիկը» ոչ թե «Նեֆթչիի» հետ էր խաղում, այլ ամբողջ Ադրբեջանի հետ: Ու ես ներողություն եմ խնդրում մեր թիմից: Մեր թասիբն էլ էդքան էր, հա՞: Մենք էլ խոսալու տեղ ունենք, հա՞: Մտածում եմ՝ եթե սպորտում ենք էսքան անտարբեր, բա մյուս բնագավառնե՞րը, բա դիվանագիտությո՞ւնը, բա մեր համայնքնե՞րը: Թե՞ մեր միակ ուժն ու զենքը մեր ամպագոռգոռ ճառերն են ու կենացները: Էս ի՞նչ ենք անում, հայեր…»: