Համանախագահների գործունեությունը շոու է

22/11/2006

Հայաստանն այն պետությունը չէ, որն Ադրբեջանին դիմակայում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ: Իրականում այդ պետությունը Ռուսաստանն է, իսկ Հայաստանը միայն գործիք է նրա ձեռքին: Իսկ Ղարաբաղյան հարցի լուծումն ուղղակիորեն կախված է ՆԱՏՕ-ին Ադրբեջանի անդամակցությունից: Day.az-ին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով նախկին խորհրդական Վաֆա Գուլուզադեն: Վերջինս վստահ է, որ Ռուսաստանը ճնշում է գործադրում Ադրբեջանի նկատմամբ, քանզի Ադրբեջանը եվրոատլանտյան կառույցներին ինտեգրվելու բավական հաջող գործընթաց է զարգացնում: «Ռուսաստանը, որը զգուշանում է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ մեր մերձեցումից, ձգտում է օգտագործել ցանկացած տարբերակ՝ Ադրբեջանի նկատմամբ ճնշում գործադրելու համար»,- գտնում է Գուլուզադեն: Նա համոզմունք է հայտնել, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան ներկայացնող համանախագահները, «ոչ մի կապ չունենալով այդ երկրների ղեկավարության հետ, ուղղակի ինքնագործունեությամբ են զբաղվում»: Վ. Գուլուզադեն գտնում է, որ միջնորդները հիանալի հասկանում են ներկայիս պայմաններում «ԼՂ խնդրի կարգավորման անհեռանկարայնությունը»: Նա ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի վերջին բավական լավատեսական հայտարարությունները համարում է շահարկում: Գուլուզադեն վստահ է, որ համանախագահների գործունեությունն ընդամենը շոու է: Միաժամանակ Վ. Գուլուզադեն գտնում է, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորման հույսեր կան եւ այս հույսերը կապված են «դեպի Կովկաս ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնման եւ Ռուսական Կայսրության փլուզման հետ»: Իսկ այդ ժամանակները, ըստ նրա, սարերի ետեւում չեն: Նախկին խորհրդականը նաեւ վստահ է, որ մոտ ապագայում Ռուսաստանը կդառնա մուսուլմանական երկիր: