Ամերիկան եւ Եվրոպան Հայաստանի ԱԺ-ի առաջիկա ընտրություններից մեծ սպասելիքներ ունեն եւ արդեն չունեն նախկին հանդուրժողականությունը մեր ընտրական գործընթացի հանդեպ: Շաբաթ օրն «Ուրբաթ» ակումբում նման կարծիք է հայտնել ամերիկահայ վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը: Նրա կարծիքով՝ ընտրությունը կեղծելը եւ Արեւմուտքի սպասելիքը չարդարացնելը հղի է կոնկրետ ֆինանսական հոսքերի դադարեցման վտանգով: Այդ իմաստով Հայաստանի կառավարության համար պահը համարելով վճռորոշ՝ Ռ. Կիրակոսյանը նշում է, որ «դրա համար էլ քննադատական վերաբերմունք ունի Հայաստանի ամբողջ քաղաքական համակարգի նկատմամբ»: Նա սա ընդգծում է՝ նշելով, թե այդքան էլ իրական չէ հայկական մամուլում իր հասցեին հնչող քննադատությունն այն բանի համար, որ ինքը նախապատվություն է տալիս Սերժ Սարգսյանին: «Այո, կարող եմ ասել, որ Ամերիկայի համար մի քիչ կայուն Հայաստանն ավելի լավ է, քան թե հեղափոխական Հայաստանը: Բայց ուզում եմ ճշտել, որ ես ասացի, որ էվոլյուցիոն փոփոխությունն ավելի մոտ է, քան հեղափոխական փոփոխությունը: Եվ մանավանդ, որովհետեւ ես կարծում եմ, որ Ամերիկան չի կարող Սահակաշվիլիի պես մեկին տեսնել Հայաստանում: Եվ այդ առումով ես քննադատական եմ ընդդիմության հարցով, որովհետեւ ես ասում եմ Դեմիրճյանին, մյուսներին, որ պետք է պլատֆորմ ունենաք, քան թե անձնական ինչ-որ բաներ: Ոչ թե միայն դեմքով, անունով: Դա բավական չէ: Այլընտրանք, բուն այլընտրանք: Եվ կամաց-կամաց կշնորհավորեմ այն տեսակ լուրջ մարդուն, որը այլընտրանք կստեղծի»,- ասել է Ռ. Կիրակոսյանը: Նրա կարծիքով` Հայաստանում այժմ ավելի շատ ուժեղ մարդու, քան պետական մարդու կերպարն է պահանջարկ վայելում, ինչը կարող է փոխվել միայն քաղաքական համակարգը բացելու շնորհիվ: Վերլուծաբանի գնահատմամբ՝ արտաքին ճնշումը ներքին փոփոխության համար շատ քիչ է, եւ անհրաժեշտ է էլիտայի գիտակցությունը: «Եթե իշխանությունը, վերնախավը չգիտակցի, որ նույն ձեւով շարունակելն այլեւս Արեւմուտքը չի ների, որեւէ փոփոխության սպասելն անիրական է»,- նշել է Ռ. Կիրակոսյանը՝ հավելելով, թե փոփոխության համար պետք է հույս դնել ներքին ռեսուրսի վրա, ոչ թե արտաքին աջակցություն ակնկալել՝ «այսպես ասած՝ Հիսուս Քրիստոս` Մոսկվայից, Լոնդոնից կամ Վաշինգտոնից»: Վերլուծաբանը ՀՀ ազգային անվտանգության համար ամենալուրջ սպառնալիք է համարում ոչ թե Ադրբեջանը կամ Թուրքիան, այլ կոռուպցիան՝ ներառյալ քաղաքական կոռուպցիան ու քաղաքական անկրթությունը: Անդրադառնալով նոյեմբերի 14-ին Բրյուսելում ստորագրված Եվրամիության հետ Հայաստանի անհատական գործակցության ծրագրին՝ Ռ. Կիրակոսյանը նշել է, թե այդ ծրագիրը հրամայական փաստաթուղթ չէ, այլ առաջնորդող մի բանաձեւ է: Ըստ նրա, Հարավային Կովկասի երկրների հետ Եվրամիության անհատական գործակցության ծրագրերն ունեն աշխարհաքաղաքական նշանակություն: «Այդպիսով Եվրամիությունը մի քայլ առաջ է անցնում Թուրքիայից եւ մեկ քայլ մոտենում է Իրանին»,- ասել է վերլուծաբանը: Վերջինիս գնահատմամբ՝ Վրաստանն այսօր Հարավային Կովկասում ամենից արագ դեպի ԵՄ գնացող երկիրն է: Ադրբեջանը, ըստ նրա, իր էներգետիկ ու ռազմական նշանակությամբ կարող է շահ ներկայացնել Եվրամիության համար եւ դա նույնպես նպաստի արագ մերձեցման: Այդ իրավիճակում, Ռ. Կիրակոսյանի գնահատմամբ՝ Հայաստանի մեկուսացումը դառնում է միանգամայն իրատեսական: Նա գտնում է, որ դրանից խուսափելու համար անհրաժեշտ է արդեն այսօր կատարել քայլեր, որոնք ուղղված կլինեն ներքին իրավիճակի բարեփոխմանը, եւ ոչ թե արտաքին ուժերի բավարարմանը: