Ռուսական եւս մի պրոյեկտ

22/11/2006

Վերջին շրջանում ստեղծվող քաղաքական ընդդիմադիր եւ իշխանամետ տարաբնույթ ֆորմատներում, իր տարօրինակ կազմով առանձնանում է «Քաղաքացիական անհնազանդություն» անունը կրող շարժումը: Այստեղ միավորված քաղաքական եւ քաղաքականամերձ գործիչները հաճախ ծայրահեղորեն տարբերվում են իրենց աշխարհընկալումով, աշխարհաքաղաքական դավանանքով, անցած հասարակա-քաղաքական ուղիով եւ այլն: Իսկապես դժվար էր պատկերացնել, որ միեւնույն քաղաքական ֆորմատում, այն էլ` բավականին արմատական, կարող են հայտնվել արեւմտամետ համբավ ունեցող «արմատական» Ալեքսանդր Արզումանյանը, ծայրահեղ ռուսամետի համբավ ունեցող, իրեն չեկիստական թեւի ներկայացուցիչ համարող Գառնիկ Մարգարյանը, Ղարաբաղի ինքնապաշտպանության ուժերի նախկին հրամանատար Արկադի Կարապետյանը, նույն ինքը` Ագոն, նախկին քաղբանտարկյալ Վարդան Հարությունյանը եւ այլք: Ըստ լավատեղյակ աղբյուրների, այս տարօրինակ միավորման արմատները, ինչպես եւ «Հակակրիմինալ շարժման» հետքերը, նույնպես պետք է փնտրել Մոսկվայում: Մեր աղբյուրների հավաստմամբ` վերջին ժամանակերս Երեւանում հաճախակի են հանդիպում հասարակությանը ոչ անհայտ Աշոտ Մանուչարյանը եւ ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը, որը, ասում են, վերջերս հաճախ է լինում ՌԴ մայրաքաղաքում: Ըստ մեր աղբյուրների, նա այնտեղ, օգտագործելով իր կապերը, ի դեմս Ռուսաստանի որոշ աջ ուժերի, փորձել է շփումներ ունենալ ՌԴ վարչախմբի այսօրվա բարձր պաշտոնյաներից մեկի հետ: Այս փաստը հիմք է տալիս եզրակացնելու, որ Հայաստանում ընտրությունների նախաշեմին Ռուսաստանը որոշել է հանդես գալ քաղաքական ամբողջ սպեկտրով` սկսած ազգայնականներից, վերջացրած լիբերալներով: