Կապի ծառայություններ՝ նոր սակագներով

22/11/2006 Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Ղարաբաղում կապի միակ օպերատոր «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերությունն իր ծառայությունների սակագներում փոփոխություն է կատարել: Նոր սակագները կգործեն դեկտեմբերի 1-ից: Եթե նախկինում բաժանորդները դոլարով էին վճարում ծառայությունների դիմաց, ապա դեկտեմբերի 1-ից արդեն դրամով կվճարեն:

«Ղարաբաղ Տելեկոմ» ընկերությունն անցյալ տարվա հոկտեմբերին կտրուկ (3-6 անգամ) բարձրացրեց ինտերնետ ծառայությունների սակագները, ինչը մեծ բողոքի ալիք բարձրացրեց ինտերնետ բաժանորդների շրջանում: Հարցը բարձրացվեց նաեւ ԼՂՀ Ազգային ժողովի նիստերում, որից հետո ընկերությունը ստիպված եղավ կառավարության հետ վերանայել ծառայությունների սակագները:

Օրերս ընկերությունը հրապարակել է իր նոր սակագները, որոնք բավական հետաքրքրական են: Օրինակ, բջջային հեռախոսահամարից բջջայինին կամ հաստատուն գծերին զանգելու դեպքում 1 րոպեի համար վճարում էինք $ 0.096 (մոտ 36 դրամ), իսկ դեկտեմբերի 1-ից կվճարենք 44 դրամ: Բջջայինից ՀՀ-ի բջջայինին զանգելու դեպքում 1 րոպեի համար պետք է վճարեինք $ 0.269 (մոտ 101դրամ), այսուհետ կվճարենք 90 դրամ, իսկ բջջայինից ՀՀ-ի հաստատուն գծերին զանգելու դեպքում` $ 0.140 (մոտ 53 դրամ)-ի փոխարեն հիմա կվճարենք 60 դրամ: Բջջայինից բջջային՝ կարճ հաղորդագրության համար նախկինում վճարում էինք $ 0.05 (մոտ 19 դրամ), ՀՀ-ի բջջայինին` $ 0.06 (մոտ 23 դրամ), իսկ ԱՊՀ երկրներ եւ արտասահման հաղորդագրություն ուղարկելիս՝ $ 0.10 (մոտ 38 դրամ): Այսուհետ բոլոր հաղորդագրությունների համար կվճարենք 20 դրամ: Փոփոխության է ենթարկվել նաեւ ամսական բաժանորդավճարը` 1688 դրամից ($ 4.50) դառնալով 1500 դրամ, ինչպես նաեւ` բաժանորդային համարի միացման վարձը, որը 18.750 դրամից ($ 50) դարձել է 8000 դրամ:

Չգիտես ինչու, բարձրացվել է կանխիկ քարտերի ձեռքբերման վճարը. եթե նախկինում կանխիկ քարտ (120 միավոր, 25 օր+ 5 օր) ստանալու համար պետք է վճարեիր 11.250 դրամ ($ 30), իսկ վերալիցքավորման համար` $ 20 (7500 դրամ), կամ $ 15 (5625 դրամ), ապա դեկտեմբերի 1-ից կանխիկ քարտ ձեռք բերելու համար կվճարենք 13.300 դրամ, իսկ վերալիցքավորելու համար` համապատասխանաբար 8800 դրամ եւ 6650 դրամ:

Կանխիկ քարտերի տրամադրման բարձր գներից բողոքում են Ղարաբաղ այցելող զբոսաշրջիկները: Ինչպես հայտնի է, միայն այս տարվա ընթացքում Ղարաբաղ հազարավոր զբոսաշրջիկներ են այցելել` ՀՀ-ից եւ արտասահմանյան տարբեր երկրներից: Բարձր գների պատճառով նրանցից շատերը ստիպված են լինում «Վիվա Սելլ»-ի ռոումինգով քարտ ձեռք բերել: Վերջերս զբոսաշրջիկների մի մասը հենց այդպես էլ վարվում է:

Ի դեպ, բջջայինից ԼՂՀ, ՀՀ եւ արտասահման զանգահարելու համար բաժանորդը նախկինի պես պետք է կանխավճար մուծի: Դեկտեմբերի 1-ից բաժանորդը պետք է կանխավճար մուծի` 5000-15.000 դրամի չափով (կանխավճար այժմ էլ են մուծում), հակառակ դեպքում հնարավոր չէ զանգահարել նույնիսկ «Վիվա Սելլ»-ի հեռախոսահամարին:

Իսկ ՀՀ-ում նույն ընկերությունն ամենամատչելի ու ամենալավ պայմաններն է ստեղծում բաժանորդների համար. ցանկացած ժամանակ կարող ես տարբեր երկրներ զանգահարել (առանց որեւէ կանխավճարի). ընդամենը 1200 դրամով կարող ես կանխիկ քարտ ձեռք բերել, իսկ վերալիցքավորել ընդամենը 2000 դրամով:

Այս նոր սակագների մուտքը բացատրվում է նաեւ ՀՀ-ում կապի ոլորտում տեղի ունեցող փոփոխություններով, մրցակցությամբ, հատկապես՝ «ՎիմպելԿոմ» ռուսաստանյան ընկերության մուտքով: Իսկ թե Ղարաբաղում երբ կլինի երկրորդ օպերատոր, առայժմ հայտնի չէ: ԼՂՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների զարգացման նախարար Արմո Ծատուրյանի խոսքերով, երկրորդ օպերատորի հայտ դեռեւս չի ներկայացվել. «Չնայած, որ կառավարությունը մեծ ուրախությամբ կընդուներ այդ հայտը»:

Տեղեկացնենք նաեւ, որ «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերությունը վերանայել է նաեւ ֆիքսված հեռախոսակապի եւ ինտերնետ ծառայությունների սակագները: