Վրաստանը սպառնում է Ռուսաստանին

22/11/2006

«Ինտերֆաքսը» տեղեկացնում է, որ նախօրեին Հանոյում Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը ստորագրել են երկկողմ արձանագրություն, որով սահմանվում են Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) Ռուսաստանի անդամակցության պայմանները: Այդ փաստաթուղթը ճանապարհ է հարթում ԱՀԿ-ին Ռուսաստանի անդամակցության համար: Վիետնամի մայրաքաղաքում ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթաժողովին մասնակցող` ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահներ Ջորջ Բուշը եւ Վլադիմիր Պուտինը գովեստով են խոսել համաձայնագրի ստորագրման մասին: Ռուսաստանը վերջին խոշոր տնտեսությունն է աշխարհում, որ դեռեւս չի անդամակցում միջազգային առեւտրի կանոնները սահմանող Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը: Միաժամանակ Վրաստանի տնտեսական եւ կառուցվածքային բարեփոխումների փոխնախարար Վախթանգ Լեժավան հայտարարել է, թե առանց Վրաստանի համաձայնության Ռուսաստանը չի կարող միանալ ԱՀԿ-ին: «Վրաստանը հավանություն կտա Ռուսաստանի անդամակցությանը միայն այն դեպքում, երբ Ռուսաստանը կատարի ստանձնած պարտավորությունները եւ առեւտուր իրականացնի միայն օրինական մաքսակետերի միջոցով եւ օրինականացնի սահմանի աբխազական ու հարավօսական հատվածների մաքսակետերը»,- ասել է Վ. Լեժավան: Վրաստանն ԱՀԿ-ի անդամ է եւ կարող է արգելափակել Ռուսաստանի մուտքն այդ կազմակերպություն: Վրաստանի խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեն սպառնացել է, որ իր երկիրը կարող է դիմել այդ քայլին, քանզի Ռուսաստանը՝ տնտեսական շրջափակման ենթարկելով Վրաստանը, խախտում է ազատ առեւտրի սկզբունքները: Հիշեցնենք, որ 2001 թվականից ԱՀԿ-ի անդամ է նաեւ Հայաստանը: