Եւս մեկ Զատուլին

22/11/2006 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

«Մենք պետք է տեսնենք, թե Եվրախորհուրդը կամ Ամերիկան ու մյուսներն ի՞նչ են առաջարկում: Եթե այսօր արեւմուտքում կա այնպիսի քաղաքական մթնոլորտ, որ Հայաստանը Ռուսաստանից ետ քաշվի, մենք պետք է նայենք՝ դա մեր շահերից ելնո՞ւմ է, թե՞ ոչ… Հայաստանը Ռուսաստանի պարտնյորն է: Դա ես չեմ ասում, դա փաստ է: Կան պայմանագրեր»,- ասում է Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) նախագահ Արա Աբրահամյանը:

Ա. Աբրահամյանի ասելով՝ եթե ռուս-վրացական հարաբերություններն ազդում են Հայաստանի տնտեսական քաղաքականության վրա, ապա Հայաստանը պետք է քննադատի Վրաստանին: Սակայն Հայաստանը նախօրոք պետք է մշակի իր դիրքորոշումը թե՛ Ռուսաստանի, թե՛ Վրաստանի նկատմամբ: Հայաստանի իշխանությունները պետք է հստակեցնեն Վրաստանի նկատմամբ իրենց վարած քաղաքականությունը: Հայաստանը պետք է նաեւ իմանա, թե ի՞նչ դիրքորոշում է ունենալու, կամ՝ ի՞նչ է անելու, եթե հանկարծ Ռուսաստանի ու Վրաստանի միջեւ պատերազմ սկսվի:

«Բայց ես մի բան գիտեմ, որ Վրաստանի այս դեպքերը մեծ վնաս են հասցնում Հայաստանին,- ասում է Ռուսաստանի հայերի միության նախագահը: -Եթե ես 2,5 ժամի փոխարեն թռնում եմ 3,5 ժամ, եթե ես ավելի շատ փող եմ ծախսում, եթե գները բարձրանում են, սա մեզ համար բացասական է: Մեր իշխանությունները, ՄԻԴ-ը (նկատի ունի ՀՀ Արտգործնախարարությունը,- Ա.Ա.) պետք է զբաղվեն այս հարցերով՝ որ մի տեղ մի ծառ է ընկնում, հայ ժողովուրդը չպետք է տուժի»:

Ռուսաստանը զայրանում է, որ Հայաստանը ռուս-վրացական հարաբերությունների հարցում բռնել է չեզոք դիրք: Հայաստանի այս կեցվածքը որքան էլ ճիշտ լինի, միեւնույն է, Ռուսաստանին դուր չի գալիս: Ռուսաստանն իր տարբեր պաշտոնյաների միջոցով ժամանակ առ ժամանակ Հայաստանին ուղղակի կամ անուղղակի կերպով կոչ է անում կոպիտ քաղաքականություն վարել Վրաստանի նկատմամբ, այն պատճառով, որ իր հարաբերություններն այդ երկրի հետ սրված են: Հիշենք թեկուզ ՌԴ Պետդումայի փոխխոսնակ Վլադիմիր Ժիրինովսկու հայտարարությունները կամ վերջերս Հայաստան ժամանած պատգամավոր Կոնստանտին Զատուլինի ուղղակի պնդումը, թե Հայաստանը պետք է ճշտի իր դիրքորոշումը, թե ո՞ւմ հետ է ուզում հարաբերություններ ունենալ՝ Ռուսաստանի՞, թե՞ Վրաստանի: Եթե հիշում եք, ըստ Զատուլինի՝ Հայաստանն ընդունել է Լեոպոլդ կատվի նման բոլորի հետ հաշտ ու խաղաղ ապրելու կեցվածքը, որն, իր կարծիքով, ճիշտ չէ: Չի բացառվում, որ Ռուսաստանն իր այս պնդումը մի անգամ եւս տեղ է հասցնում Արա Աբրահամյանի միջոցով, որովհետեւ ՌՀՄ նախագահը երեկ Գրողների միությունում լրագրողների հետ հանդիպման ժամանակ այդ միտքը կրկնեց մի քանի անգամ եւ շատ խիստ տոնով: Ա. Աբրահամյանը ՀՀ իշխանություններին կոչ արեց հստակ քաղաքականություն ունենալ. «Հայաստանն իր հարցերը պետք է նախօրոք քննարկի Ռուսաստանի հետ եւ ասի, որ եթե դու Վրաստանին շրջափակում ես, ուրեմն ինձ ճանապարհ տուր: Ոչ թե՝ լինելուց հետո չիմանանք՝ ի՞նչ անենք: Ես այսօր բազմաթիվ հարցեր եմ լուծում կուտակված մեքենաների համար: Դա ինձ հաճելի չէ»,- ասում է Ա. Աբրահամյանը:

Ռուսաստանի քաղաքականագետ Անդրանիկ Միհրանյանը, որ Ա. Աբրահամյանին միշտ ուղեկցում ու խորհուրդներ է տալիս, նույնպես հայտնի է Վրաստանի նկատմամբ ունեցած իր կոշտ դիրքորոշումներով: Իսկ Վրաստանում Ա. Միհրանյանին ընդունում եւ ներկայացնում են ավելի շուտ որպես հայ ազգի ներկայացուցիչ: Ա. Միհրանյանն այդ կարծիքի հետ համաձայն չէ, եւ նրա մեկնաբանությունն ավելի քան պերճախոս էր: Ինքն իր մասին այսպես խոսեց. «Ես, առաջին հերթին, Ռուսաստանի տարածքում եւ ռուսական պետականության մեջ հայտնի քաղաքական գործիչներից եւ քաղաքագետներից մեկն եմ, Ռուսաստանի հասարակական պալատի ռազմավարության կոմիտեի նախագահն եմ՝ առաջին հերթին,- ասաց Ա. Միհրանյանը: -Եվ դրա համար իմ ձեւակերպած կարծիքները կապ ունեն այդ հզոր եւ հսկա պետության քաղաքականության հետ: Եվ 10-րդ դեպքում դրանք կարող են քննարկման առարկա դառնալ իմ էթնիկական կապի հետ: Ինձ Միացյալ Նահանգներում՝ Վաշինգտոնում ընդունում են որպես ռուսական մեծապետականության կարկառուն ներկայացուցիչներից մեկը»: Ա. Միհրանյանը` ավելացնելով, որ առայսօր որեւէ մեկն իրեն նույնիսկ չի ասել՝ «բա ինչպե՞ս ես դու Միացյալ Նահանգների դեմ այդպիսի մտքեր ձեւակերպում, գուցե սա մեծ պրոբլեմնե՞ր առաջացնի հայ էթնիկական տարրին ԱՄՆ տարածքում», այդ երեւույթը գավառականություն անվանեց՝ հայ մտավորականությանը եւ մամուլի աշխատողներին կոչ անելով «քաղաքական մոտեցումը տարբերել էթնիկական պատկանելիությունից»: «Ես այսօր երեւի Վրաստանի մամուլի կողմից ամենապահանջված մեկնաբանն եմ Մոսկվայում»,- վերջում ինքն իր անձն այսպես ներկայացրեց պահանջարկ ունեցող Ա. Միհրանյանը:

Հայ-վրացական հարաբերություններից խոսելուց ու մեր իշխանություններին կոչ անելուց հետո Մոսկվայից ժամանած հյուրերն անդրադարձան նաեւ Ռուսաստանում տեղի ունեցող բազմաթիվ հայերի սպանություններին: Նրանց կարծիքով` այդ սպանությունները ոչ միայն ուղղված չեն կոնկրետ հայերի դեմ, անգամ հրահրված չեն լուրջ ուժերի կողմից: Սպանում են ուղղակի սեւերին: Ավելին, նրանց ասելով` Ռուսաստանի նախագահ Պուտինն անձամբ է շահագրգռված, որ նման սպանություններ չլինեն: «Շատ-շատ եմ ժամանակ տրամադրում այդ հարցին, որովհետեւ, իրոք, սպանում են,- ասում է Ա. Աբրահամյանը: -Ռուսաստանը մեծ պետություն է, եւ այնտեղ սպանում են ոչ միայն հայերին, սպանում են նրանց գույնից ելնելով: Չկա մի միտումնավոր սպանություն, որ լինի հայկական: Եթե համեմատենք Ադրբեջանի, Վրաստանի կամ այլ ազգերի հետ, մենք ամենավերջին տեղն ենք գրավում: Դա, իհարկե, մեզ չի արդարացնում: Բայց քանի որ մենք ամենակազմակերպված կազմակերպությունն ենք, ես ուղիղ 5 րոպե հետո իմանում եմ այդ սպանության մասին: Մեր փաստաբաններն անմիջապես սկսում են զբաղվել այդ գործերով, ես կապվում եմ համապատասխան մարմինների հետ եւ գործը հսկողության տակ եմ վերցնում: Մենք մեծ միջոցառումներ ենք կազմակերպում, բուհեր ենք գնում, դասախոսություններ ենք կարդում, թե ովքե՞ր են հայերը, ե՞րբ են եկել Ռուսաստան եւ ի՞նչ դեր ու նշանակություն ունեն»:

Իհարկե, այսօր ՌԴ իշխանություններին եւ այդ ազգայնական խմբավորումներին առանձնապես չի էլ հետաքրքրում, թե ովքեր են հայերը, երբ են եկել Ռուսաստան եւ ինչ դեր ու նշանակություն են ունեցել Ռուսաստանի քաղաքական, տնտեսական, մշակութային կյանքում: Այլապես նրանք միտումնավոր սպանության հոդվածը չէին փոխի անզգույշ քաշքշուկի, ինչպես որ դա արեցին նոյեմբերի 11-ին Մոսկվայում սպանված 15-ամյա Նարեկ Քոչարյանին խեղդամահ անողների նկատմամբ: Ա. Աբրահամյանի խոսքով` ինքը Ռուսաստանում հայերի շահերը պաշտպանելիս այդ երկրի օրենքներից դուրս ոչինչ անել չի կարող: Բայց նրան զարմանալի է թվում Հայաստանի իշխանությունների պասիվ դիրքորոշումը նման երեւույթների նկատմամբ: Իսկ ի՞նչ է այդ ուղղությամբ անում ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը: Վերջերս Մուրմանսկում սպանվեց նաեւ ՌՀՄ տարածքային կառույցի ղեկավար Արթուր Հարությունյանը, որն ըստ Ա. Աբրահամյանի՝ խոշոր գործարար էր եւ մեծ ներդրում ուներ իրենց կառույցի կայացման գործում: ՌՀՄ նախագահի կարծիքով` այդ սպանությունն ազգային հողի վրա չի կատարվել, պարզապես շահերի բախում է տեղի ունեցել: Ա. Աբրահամյանն ասաց, որ ուշադիր հետեւում է այդ սպանության նախաքննությանը, հանդիպում է Դատախազության աշխատակիցների հետ, որոնք նրան տեղեկացնում են գործի մանրամասներին, եւ դեռ վաղ է այդ մասին խոսել: