«Շուկայական փայտարվեստը ծուռ հայելի է»

07/05/2005 Զրուցեց Լիլիկ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ

– Շուրջ երեք տասնամյակ գոյություն ունի Փայտարվեստի թանգարանը։
– Թանգարանը ստեղծվեց 1977թ. Ալբերտ Ստեփանյանի (այն ժամանակ՝ Փայտարդյունաբերության նախարար) եւ նկարիչ Վանիկ Շարամբեյանի նախաձեռնությամբ։ Նախաձեռնությանը հետո միացան ակադեմիկոս Գրիգոր Խանջյանը եւ նկարիչ Վարդան Օհանյանը, որը սեւ մետաղով էր աշխատում։ Հիմա իրենցից միայն Վարդանը կա, նա էլ Նահանգներում է։ Սկզբում ցուցանմուշների թիվը 50 միավորից չէր անցնում, այսօր 2000 միավորից ավելի է։ Մեր թանգարանի հնագույն բաժնի հիմքը դարձավ Վանիկ Շարամբեյանի անձնական հավաքածուն։ Այնտեղ փայտե մի հին երկմասանի աղաման կար։ Վանիկն իմ առաջ խնդիր դրեց վերականգնել այն։ Թվում էր, թե պարզ է, բայց ոչ ոք ձեւը չէր գտնում եւ, ինչպես հեքիաթներում է լինում, երազիս տեսա, թե դա ինչպես է եղել… Բացի այդ, ազգագրության հատորները քրքրելիս կովկասյան ժողովուրդների մասին հատվածում մի շատ փոքրիկ, ծուռտիկ-մուռտիկ գծանկար գտա, որը մեզ հուշեց, թե ինչ պետք է արվի։
– Սկզբում հիմնականում զբաղվում էիք հավաքչակա՞ն աշխատանքով։
– Թանգարանի հիմնական խնդիրը հենց դա է. հավաքել եւ պահպանել, նոր հետո ցուցադրել եւ տարածել։ Բարդությունը նրանում է, որ հնուց պահպանված փայտե նմուշներ միշտ շատ քիչ են եղել, հիմա էլ գնալով ավելի դժվար է հայթայթել, բացի այդ՝ փայտի փորագրությամբ քչերն են զբաղվել։ Մեր թանգարանը խթանեց այդ արվեստը, առաջին հերթին՝ շնորհիվ Վանիկ Շարամբեյանի։ Հետո մենք բոլորս միացանք այդ աշխատանքին, ստեղծվեց փորագրողների մի ստվար բանակ, որոնց շառավիղներին այսօր կարելի է տեսնել շուկաներում, Վերնիսաժում, բայց դա արդեն երրորդ կամ չորրորդ ծուռ հայելին է։ Այնքա՜ն է դեֆորմացված գաղափարը, որ դառնում է ոչ ցանկալի։
– Բայց, կարծեք, Հայաստանում այսօր ծաղկում են ժողովրդական արհեստները։
– Չէի ասի, որովհետեւ ժողովրդական արվեստը սոցիումի պահանջ է, ինչպես ցանկացած արվեստ։ Մեր սոցիումի վիճակը ողբալի է եւ գործը ժողարվեստին չի հասնում։ Այն, ինչ շուկայում կա՝ ուղղակի շուկայական մակարդակ է, որը պայմանականորե՛ն կարելի է վերագրել ժողարվեստին, դա ավելի շուտ ինքնուսուցություն է, որը բավարարում է ցածրաճաշակ գնորդին։ Երբ դառնա ծաղկուն երկիր՝ այդ ժամանակ էլ ամեն ինչ կփոխվի։ Կոմերիտական ժամանակներում թանգարանը պետության ուշադրության եթե ոչ կենտրոնում էր, ապա ուշադրության շառավիղի մեջ էր գտնվում, հիմա ցավոք այդպես չէ։
– Գիտեմ, որ թանգարանն ունի եզակի ցուցանմուշներ, կներկայացնե՞ք։
– Այն, ինչ կա թանգարանում, ուրիշ ոչ մի տեղ չեք տեսնի, դրանց մեջ կան ունիկալ ցուցանմուշներ, որ ուրիշ ոչ մի թանգարան չունի։ Մի դեպք պատմեմ. մի օր թանգարանի առաջ ավտոբուս կանգնեց եւ մի կին արագ-արագ ներս մտավ ու արեւմտահայերեն հարցրեց՝ փայտարվեստի թանգարանը սա՞ է, ձեզ նվեր եմ բերել։ Պարզվեց, ռադիոյով լսել է թանգարանի մասին եւ Կեսարիայից Արգենտինա հասցրած իրենց պապական գաթանախշը գրկել, բերել է նվեր։ Հինգ րոպեով մտավ, գաթանախշը թողեց-գնաց։ Ես միշտ կհիշեմ դա… Մենք վերականգնեցինք ժանյակագործական փայտե մաքոքները, որոնց մասին միայն լսել էինք։ Հետո մորս պատմածով վերականգնեցինք սանրաձեւ գաթանախշերը, որոնց նմուշները չէին պահպանվել, ոչ մի ուրիշ թանգարանում չկան։ Մենք ունենք շատ հետաքրքիր հավաք խմորի ստուգման փայտիկների, որոնք իրենց ձեւի մեջ նորույթ են մեր կիրառական արվեստում։ Իմ կարծիքով, դրանք մանր պլաստիկայի գլուխգործոցներ են։ Բացի գդալների հավաքածուից, շերեփների հետաքրքիր հավաքածու ունենք, որոնք ստեղծված են Հաղարծնի կաթսայի չափսին համապատասխան։ Ժամանակին սերտորեն համագործակցում էինք հնությունների պահպանման կոմիտեի հետ, եւ իրենց պատվերով մեր վարպետները ստեղծեցին մի շարք դռներ եկեղեցիների համար։ Մի քանիսը դրվեցին, օրինակ՝ Կարմրավորինը, Սիսավանինը, մի քանիսն էլ պահեստավորված են Կոմիտեում, այդ թվում՝ Հայրավանքի համար իմ ստեղծած դռները։
– Դուք, որպես տնօրեն, ի՞նչ խնդիրներ եք Ձեր առաջ դնում։
– Կարեւորագույնը մեր թանգարանի նորոգման խնդիրն է։ Խնդիր ունենք ցուցադրության փոփոխության, լիարժեք գործունեության… Հիմա մեր ցուցասրահում ջերմաստիճանը զրոյից ցածր է, էլ ի՜նչ ասեմ… Բայց, իհարկե, շարունակում ենք աշխատել։ Ավարտել եմ մի շատ հետաքրքիր ցուցափեղկ, որի ստեղծման վրա աշխատել եմ 20-23 տարի։ Սա նորույթ է, առավելությունն այն է, որ հերմետիկ է, մոդուլային է, այսինքն՝ տարրերը կարելի է ցանկացած ձեւով տեղաշարժել, մոբիլ է՝ մասերն անջատվում են եւ դրվում իր պատվանդանի մեջ։ Թույլ հույս ունեմ, որ վերադասը գումար կտրամադրի, որպեսզի դրանք բազմացնենք թանգարանում օգտագործելու համար։ Ցուցափեղկի այս սկզբունքը կարող է օգտագործվել նաեւ ուրիշ թանգարաններում։
– Մի՞թե խնդիրը միայն ֆինանսական դժվարություններն են։
– Ոչ, ես անընդհատ մշակութային կորուստներ եմ տեսնում, մենք բարոյական խոր անկում ենք ապրում։ Ժամանակին «Նամեդնի» հեռուստածրագրի վարողը Պետրոս Մեծին բնութագրելիս ասաց, որ նա բարոյապես անկիրթ մարդ էր։ Նույնը վերաբերում է մեր իրականությանը, հանձինս կառավարական ձեւերին ասեմ, առանձին անձանց, թե մեծամասնությանը՝ բարոյապես անկիրթ մարդիկ են, մշակութապե՛ս անկիրթ եւ իմ խոսքի ապացույցը կառույցների մեջ կարող եք տեսնել՝ ի՜նչ նոր բաներ են կառուցում եւ ինչպե՜ս են վերաբերվում ճարտարապետական հուշարձաններին… Ասում են, Ջուղայի խաչքարերը ոչնչացնում են։ Ցավում եմ, բայց դա անում է մեր գենետիկական թշնամին։ Արդյո՞ք մենք նույն կերպ չվարվեցինք այլ ազգերի հուշակոթողների հետ մեզ մոտ՝ քանի՞ մզկիթ ոչնչացվեց, քանի՞ պարսկական բաղնիք… Սա՝ մեկ։ Երկրորդ՝ այսօր հայերն են իրենց խաչքարերը ոչնչացնում՝ քարի կտոր են վերցնում եւ այնքա՜ն են քսում խաչքարին, մինչեւ կպչի, որ իրենց մուրազը կատարվի։ Կոմերիտական ժամանակներից է դա գալիս, բայց հիմա ահավոր մասշտաբների է հասել։ Եկեղեցու վրա այնպիսի փոսեր են առաջացրել, որ կարծես քլունգով ջարդած լինեն… Հիմա դրանք հա՞յ են, չգիտեմ… Սեւանի կղզու եկեղեցու մոտի խաչքարերից բան չի մնացել, 10-12-րդ դարերի հրաշք խաչքարեր էին, լավ է, լուսանկարները կան… Ահավոր է… Հիմա, որ այդ խաչքարերը ոչնչանում են՝ դա ոչինչ, բայց որ Ջուղայի խաչքարերը թշնամին ոչնչացնում է՝ պետք է բողոքենք։ Քյավառի ցանկացած մենատան հիմքում ջարդած խաչքար է դրված, որ երջանկություն բերի իրենց… Ես դեմ եմ մշակույթ բնաջնջելուն, ցանկացած ազգի, ցանկացած ժամանակի մշակույթը պե՛տք է պահպանվի։ Իմ դիտակետը սա է։