Ընդդիմության ինքնաոչնչացման էֆեկտը

22/11/2006 Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

2007թ. խորհրդարանական ընտրություններից առաջ երկրում ստեղծվել է քաղաքական դաշտի համար բավականին արտառոց մի իրավիճակ։ Երբեւէ, որեւէ ընտրությունից առաջ, Հայաստանում չի եղել իրադրություն, երբ իշխանությունը չունենա լուրջ ընդդիմախոս եւ, ըստ էության, ընդդիմության օգտակար գործողության գործակիցը՝ որպես ընդդիմություն, հավասար լինի զրոյի։

Նման իրավիճակը, ըստ քաղաքագետների, իսկապես աննախադեպ է եւ չի ենթարկվում քաղաքագիտական որեւէ տրամաբանության։ Որովհետեւ դժվար է ձեւակերպել մի իրավիճակ, երբ ընդդիմությունն այնքան անգործունակ է, որ ի վիճակի չէ գլխավորել անգամ բողոքական զանգվածի ամենաթեթեւ պրոտեստը ու, այդ պատճառով, արդեն տեւական ժամանակ է, ինչ դա իրենց վրա են վերցրել հասարակական կազմակերպությունները։ Այլապես, որեւէ ընդդիմություն չէր կորցնի շանսը՝ գլխավորելու «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» նախագծի շուրջ սկսված հասարակական բողոքի ալիքը։ Մինչդեռ, այդ շարժման գլխին կանգնած էին տարբեր ծագման ու տարբեր ֆինանսավորման հասարակական կազմակերպություններ: Իսկ մեկ-երկու ընդդիմադիր պատգամավորներ էլ հայտնվել էին ընդամենը կողքից՝ «փայ փախցնողի» տխուր կարգավիճակում։ Արմատական հռչակված ընդդիմության մարտավարությունը վերլուծելիս, արդյունքում ստացվում է մի իրավիճակ, երբ որքան երկար այս ընդդիմությունը մնա քաղաքական օրակարգում, այնքան բարձրանալու է գործող վարչակարգի վարկանիշն, ու այնքան այս իշխանությունը շանս ունի առանց ավելորդ ճիգերի վերարտադրվելու։ Ի դեպ, վերջին շրջանում արված տարբեր սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ ընդդիմության երբեմնի փրկիչները հայտնվել են հարցման աղյուսակների վերջին հորիզոնականներում, եւ գնալով աճում է չկողմնորոշված էլեկտորատի տոկոսային հարաբերակցությունը։ Առկա 35-40 տոկոս չկողմնորոշված էլեկտորատը բավական լուրջ ռեսուրս է այն քաղաքական ուժերի համար, որոնք իշխանություն վերցնելու հայտ են ներկայացնում։ Եվ եթե հաշվի ենք առնում, որ այդ չկողմնորոշվածների զգալի հատվածը ընդդիմության բազմաթիվ փրկիչներից հիասթափվածներն են, ապա իշխանության պայքարը իշխանության համար այսօր շատ ավելի հեշտ ու առանց պրոբլեմների է լինելու, քան 2003-ին էր։ Ու եթե 2003-ին եղավ մի պահ, որ ընդդիմությունը պարզապես ալարելու պատճառով չվերցրեց իշխանությունը, ապա գալիք ընտրություններում, եթե այս տեմպով շարունակվի ընդդիմության ազատ անկումը, իշխանությունն ուղղակի կպարզի իր ձեռքը՝ իր մյուս ձեռքից վերցնելով իշխանությունը։ Եվ այս անգամ արդեն որեւէ մեկը չի կարողանա ասել, թե «յառով»-ներին ընտրատեղամաս էին տարել կոնյակի գործարանի պադվալներից։ Այսինքն, այսօր ստեղծվել է քաղաքական մի իրավիճակ, երբ ընդդիմությունն ամեն ինչ անում է՝ գործող իշխանության համար սահուն եւ անցնցում վերարտադրություն ապահովելու համար։ Դժվար է մտածել, թե ընդդիմությունը դա դիտավորյա՞լ է անում, քանզի միակ նպատակը, որ անփոփոփ է մնացել մեր ընդդիմադիր լիդերների մոտ՝ դա նախագահ դառնալն է։ Մտածել, թե բոլոր ընդդիմադիրները ծախված են, նույնպես ճիշտ չի լինի, որովհետեւ նրանց շարքերում կան գործիչներ, որոնք ազնիվ են, եւ կան այնպիսիները, որոնք վաղուց արդեն կորցրել են իրենց ապրանքային տեսքը եւ վաճառքի ենթակա չեն։ Ուստիեւ, հանգում ենք այն պարզ իրողությանը, որ արմատական հռչակված ընդդիմությունը, որի արմատականության չափման միավորը իշխանություններին հայհոյելն է, ինչպես ասվում է հայտնի մուլտֆիլմում՝ «հՈՎ րպոպ ընդդիմություն է», որի ծրագրերն ու գաղափարները ճոճվում են բավականին մեծ ամպլիտուդով։ Ամպլիտուդն էլ կախված է նրանից, թե այդ օրն ընդդիմադիրները ի՞նչ են կարդացել՝ «Նեզավիսիմայա գազետա՞», թե՞ Ստրատֆորդի համալսարանի հերթական վերլուծությունը։ Հիշում ենք, թե ինչպես ընդամենը օրերի ընթացքում արմատականներից ամենաարմատականի՝ «Ազգային Միաբանության» տնտեսական դոկտրինը փլուզվեց, ու մեզ ռուբլու գոտի հրող Արտաշես Գեղամյանը հաջորդ հանրահավաքին արդեն ժամանեց ԵՄ-ի դրոշներով։ Եվ սա ընդամենը շատ աննշան դրվագն է մեր ընդդիմադիրների գաղափարափոխությունից ու ծրագրափոխությունից, որը տեղի է ունենում կայուն պարբերականությամբ։ Այնպես որ, ամենահիմնական արգումենտներից մեկը, որ գործող իշխանությունը լուրջ շանսեր ունի հաղթելու սպասվող խորհրդարանական ու նաեւ՝ նախագահական ընտրություններում, դա նաեւ այս ընդդիմությունն է։ Կամ, եթե ձեւափոխելու լինենք հայտնի միտքը՝ «Եվս մի քանի նման ընդդիմություն, ու իշխանության հաղթանակն ապահովված է»։ Որովհետեւ, չնայած հռչակված դե յուրե այն կարգախոսին, թե ընդդիմությունը պայքարում է իշխանության դեմ կամ իշխանության համար, դեպքերն ու իրադարձությունները ցույց են տալիս, որ ընդդիմությունը դե ֆակտո պայքարում է ինքն իր տեսակի դեմ։

Ինչ վերաբերում է ընտրություններին նախապատրաստվելուն, ապա այս գործում եւս ընդդիմության տեսակը բացակայում է։ Եվ, դատելով տարբեր ընդդիմադիրների հետ կիսված մտքերից, նրանք ընտրություններին եւս պատրաստվում են նույնքան օրիգինալ, որքան իրենց ողջ գործունեությունն է։ Ընդդիմությունը, պարզվում է, սպասում է, որ մինչ ինչ-որ իքս պահի ՀՀԿ-ն ու «Բարգավաճ Հայաստանը» իրար մորթեն, այդ ընթացքում իշխանությունը աննկատ գլորվի մի անկյուն, ու իրենք այն վերցնեն։ Իհարկե, ընդդիմությանը մի թեթեւ մտահոգում է նաեւ այն, թե ո՞վ առաջինը կհասնի այդ անկյունը՝ անտեր մնացած իշխանությունը վերցնելու համար։ Ի վերջո, եթե հարցը հասնելու է ընդամենը մինչեւ անկյուն վազելուն, ապա հաղթելու է ամենաերկարաոտն ու ամենաթեթեւը։ Իսկ թե ո՞վ է ընդդիմության մեջ համապատասխանում 90-60-90 պարամետրերին, առայժմ ճշտվում է։

Եվ ահա տպավորություն է ստեղծվում, թե իր այս մուրազի ճանապարհին ընդդիմությունը որոշել է դիտավորյալ անգործության մատնվել, որպեսզի, իր հաշվարկներով, արագացնի իշխանության պայթյունը ներսից։ Իրականում, այս հաշվարկը ոչ միայն պրիմիտիվ է, այլեւ անլուրջ է, որովհետեւ, եթե ընդդիմության շարքերում կան մարդիկ, որոնք հասկացել են, որ երկու ուժերի բախումից շատ հաճախ շահում են կողքի կանգնածները, ապա դա հաստատ հասկանում են նաեւ Հանրապետական եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները։ Եվ որքան էլ այդ ուժերի միջեւ որոշակի հակասություններ լինեն, հասկանալի է, որ դրանք չեն բերելու ընդդիմության բաղձալի հաղթանակին։ Այնպես որ, մինչ այս պահը իր մարտավարությամբ, որը քաղաքագետներից մեկը բնորոշեց` որպես «թախտին պառկած զապոյնի հարբեցողի մարտավարություն», այս ընդդիմությունը դեռ շատ երկար է մնալու թախտին պառկած։ Եվ սա դեռ ընդդիմության ողջ ողբերգությունը չէ։ Ողբերգությունը, կամ, ավելի շուտ, տրագիկոմեդիան, այն է, որ ընդդիմության ողջ գործունեությունն այսօր միտված է գործող վարչակարգի համար բարենպաստ իմիջ ստեղծելուն, որը, ինչպես արդեն նշեցինք, բավականին հեշտացնելու է իշխանության վերարտադրությունը։ Չնայած, կա նաեւ տեսակետ, որ ընդդիմության ներքին մղումն իշխանության համար «բուքսիր» հանդիսանալն է, քանզի այսքան տարվա վաղեմության ընդդիմությանն արդեն սկսել է դուր գալ «ընդդիմություն» աշխատելը։ Պրակտիկան ցույց է տվել, որ «ընդդիմություն աշխատելը» եւս բավականին եկամտաբեր բիզնես է։ Բայց, սա արդեն բոլորովին ուրիշ պատմություն է։