Հավատարմագրման խրթին պատմություն

22/11/2006 Նաիրա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հավատարմագրման գործընթացը Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի հրամանով հետաձգվել էր մինչեւ այս տարվա հոկտեմբեր ամիս: Արդեն նոյեմբերի վերջերն է, բայց ուսումնական հաստատությունները դեռեւս սպասում են նախարարության «հրամանին»: Հիշատակված բուհերից մեկի ռեկտորը մեզ հետ զրույցում նշեց, որ հրամանը կա, իսկ բացատրությունը` ոչ: Որոշ բուհերի ռեկտորներ հավատարմագրման ձգձգվող գործընթացն արագացնելու նպատակով նույնիսկ մտադրություն ունեն շրջանավարտների ծնողների հետ միասին բողոքի ակցիաներ կազմակերպել: Իսկ, օրինակ, Մոնթե Մելքոնյանի անվան համալսարանի ղեկավարությունն արդեն դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան: Այսօր տեղի կունենա դատական առաջին նիստը: Ի դեպ, վերջին 5 տարիների ընթացքում 10-ից ավելի բուհեր պետական հավատարմագրում ստացել են հենց դատարանների միջոցով: «ՄԱՆՑ» համալսարանի ռեկտոր Ռուբեն Ավագյանի կարծիքով, այս ամենը խայտառակություն է, մարդու իրավունքների խախտում: Նրա ասելով, առաջին փուլից մեկ տարի անց թերություններ են հայտնաբերվել եւ հետադարձ ուժ են տվել այս ամենին, ինչն օրենքի կոպիտ խախտում է: «Ուսումնական տարվա տեւողությունը 10 ամիս է, սակայն հունիս ամսից անցել է արդեն 5 ամիս, եւ 23 հոգի չեն կարողանում ստանալ իրենց դիպլոմները: Երեխաներն ի՞նչ մեղք ունեն, որ ժամանակին ինչ-որ տեղ խախտումներ են եղել: Եթե նախարարությունը չի կարողանում կազմակերպել երկրորդ փուլի քննությունները, մենք դրանք կհաստատենք դատական եղանակով: Ես կարծում եմ, դատարանը կստիպի, որ նախարարությունը հավատարմագրի: Մեզ մոտ գործում է ոչ թե օրենքի գերագույն ուժը, այլ` ուժի օրենքը: Եթե ներկա իշխանությունները նախկին նախարարի հետ են հարցեր լուծում, մենք դրանում ի՞նչ մեղք ունենք: Համալսարանը երկրորդ փուլի քննություններն անց է կացրել բարձրակարգ մասնագետներով կազմված հանձնաժողովի միջոցով, որի մեջ ընդգրկված են եղել 9 դոկտորներ: Այդ թվում` օմբուդսմեն Արմեն Հարությունյանը եւ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը: Մենք հրավիրել էինք նաեւ նախարարության ներկայացուցչին, որը չէր ներկայացել մեր քննություններին: Ո՞վ է այս ամենը կազմակերպում: Ես սրա իմաստն ու նպատակը չեմ հասկանում: Միգուցե քաղաքական հարցե՞ր են ուզում լուծել: Թող իրավապահները զբաղվեն թերություններով, այլ ոչ թե նախարարությունը: Նախարարը խոստացել էր մինչեւ հոկտեմբեր ամիսն ընթացք տալ, սակայն արդեն դեկտեմբերն է մոտենում: Ուսումնական տարին ավարտվել է հունիսին, 5 ամիս է անցել. երեխաները մոռացած կլինեն ստացած գիտելիքները: Լեւոն Մկրտչյանը ինչպե՞ս է համոզված, որ մեկ տարի անց էլ Սերգո Երիցյանը կասկածի տակ չի առնի իր տված լիցենզիաները: Սա մեզանում առաջին դեպքը չէ: Երեխան սրանում ինչո՞վ է մեղավոր»,- դժգոհում է Ռուբեն Ավագյանը:

Գործող կարգի համաձայն, որպեսզի բուհը կոչվի հավատարմագրված, նա իր մասնագիտությունների 75 տոկոսը պետք է հավատարմագրի: Հավատարմագրման կարգով նախատեսված փուլերն են` ինքնավերլուծությունն ու փորձաքննությունը, որոնց հիման վրա կազմակերպվում է տվյալ բուհի երկու տարիների անընդմեջ ատեստավորումը: Ըստ ԿԳՆ աշխատակազմի «Լիցենզավորման եւ հավատարմագրման ծառայություն» գործակալության պետ Մհեր Մակիչյանի, այս պահի դրությամբ հանրապետությունում կան 28 հավատարմագրված ոչ պետական բուհեր, եւ խոսքն այն բուհերի մասին է, որոնց հավատարմագրված մասնագիտություններն իրենց ընդհանուր մասնագիտությունների 70 տոկոսը չեն կազմում: Նրա ասելով, հավատարմագրման գործընթացը, որի պատասխանատու լիազոր մարմինը Հայաստանում ԿԳՆ-ն է, շարունակական գործընթաց է: Տեղի ունեցող հետաձգումները նա համարում է «նախարարի վերահսկողական լիազորությունների շրջանակներում»: «Հիմա, թե դրա հետ կապված ի՞նչ խնդիրներ են առաջացել գործընթացի երրորդ կողմ հանդիսացող ուսանողների շահերի տեսանկյունից, գործակալությունը չի կարող տեսակետ ունենալ: Դեռեւս ընթացքի մեջ են ուսումնական հաստատությունների հավատարմագրման փաթեթները, եւ նրանց նախազգուշացվել է, որ ավարտական քննությունների որոշումը կկայացվի ուսումնասիրությունների եզրակացությունից հետո, որն իրականացվում է հատուկ հանձնաժողովի կողմից: Առաջիկա օրերին կհրապարակվեն որոշման արդյունքները: Ստեղծվել է մի իրավիճակ, որ նախարարությունը վերահսկողական որոշակի քայլեր է ձեռնարկում»,- ասում է Մ. Մակիչյանը: Վերջինիս խոսքով, փաստորեն, կասկածի տակ են հավատարմագրման գործընթացի ամենակարեւոր փուլի` փորձաքննության արդյունքները, որոնք ընդհանուր ազատականացման սկզբունքից ելնելով, 2000 թվականից իրականացնում են անկախ աուդիտորական կազմակերպությունները: «Նախարարությունը ստիպված է լինում հիմք ընդունել այդ անկախ փորձագիտական ընկերությունների եզրակացությունները: Քննարկման առարկան ոչ թե ուսումնական հաստատությունների առաջին փուլի քննություններն են, այլ մինչ երկրորդ փուլ անցնելը հենց այդ փորձաքննությունների արդյունքները»,- եզրակացնում է գործակալության պետը:

Իսկ, թե ինչո՞ւ որոշ ոչ պետական բուհեր չեն սպասում այդ արդյունքների հրապարակմանը, եւ իրենց հավատարմագրման հարցը շտապում են վիճարկել դատարաններում, պարզ չէ: Հուսով ենք, դատավարության ընթացքում կպարզվի նաեւ այս հարցը: