Ինչպե՞ս կարելի է պահպանել դեմքը կործանիչ ազդեցությունից։ Ով իր առջեւ այդպիսի դժվարին խնդիր ունի, պետք է իմանա, որ դրան կարելի է հասնել միայն համառ եւ երկարատեւ ջանքերով եւ ոչ թե «հրաշագործ» կոսմետիկական միջոցներով։ Դեմքի եւ մարմնի մաշկի առաձգականությունը երիտասարդ տարիներին կախված է մի շարք գործոններից եւ, ամենից առաջ, օրգանիզմում տեղի ունեցող ֆունկցիաների համաչափությունից։ Մաքուր օդը, կանոնավոր մարմնամարզությունը, ճիշտ սնումը, սիստեմատիկ կոսմետիկան` ահա անսպառ երիտասարդության ամենակարճ ճանապարհը։ Որպեսզի որքան հնարավոր է երկարաձգվի մաշկի թառամելու ժամկետը, հարկավոր է նախ պարզել դրա պատճառը։ Այդ գործում էական նշանակություն ունի ենթամաշկային ճարպագեղձերի «վերաբաշխումը»։ Տարիքի հետ աչքերի շրջանում ճարպային կուտակումները պակասում են, եւ աչքերը, կարծես, փոս են ընկնում, դրանց տակ հայտնվում են մութ շրջանակներ։ Ընդհակառակը, դեմքի ներքեւի մասում ճարպագեղձերի թիվն ավելանում է, որի հետեւանքով այտերը կախ են ընկնում, առաջանում է կրկնակզակ եւ դեմքը քառակուսու տեսք է ընդունում։ Մյուս կողմից միակցվող հյուսվածքների եւ դեմքի մկանների առաձգականությունը նվազում է, վատանում է մաշկի արյան շրջանառությունը, հաստանում է եղջերային մասը։ Դեմքի շրջագիծը փոխվում է, մաշկը ստանում է դեղնամոխրավուն երանգ, կոշտանում է, ծածկվում է կնճիռներով, առանձնապես ճակատի մասում, աչքերի շուրջը եւ շուրթերի միջեւ ընկած մասում եւ պարանոցին։ Պետք չէ սպասել մինչեւ դրանք խորանան։ Մաշկի նկատմամբ պետք է հոգ տանել դեռեւս երիտասարդ տարիքում։ Ամենից առաջ պետք է հոգ տանել առողջական վիճակի մասին։ Ցանկացած, նույնիսկ առաջին հայացքից անմեղ թվացող բոլոր տեսակի նյարդային խանգարումները, ներքին սեկրեցիայի, աղեստամոքսային սիստեմի, կանացի հիվանդություններն իրենց ազդեցությունն են թողնում մաշկի վրա։ Հարկավոր է մաշկը քսուքներով պաշտպանել արեւի, քամու, ցրտի, ծովափնյա` աղային պարունակությամբ, օդի վնասակար ազդեցություններից։ Մաշկի առաձգականությունը տուժում է նաեւ քաշի արագ ավելացումից կամ ընդհակառակը։ Ահա ինչու է կանոնավոր կառուցվածքի համար պայքարելիս խորհուրդ տրվում օգտվել մարմնամարզությունից, սպորտից եւ տուրիզմից, եւ ոչ թե հյուծող դիետաներից։
Բարձր բարձի վրա քնելը եւ անկանոն դիմախաղն արագացնում են կնճիռների հայտնվելը։ Դրան է հասցնում նաեւ կոսմետիկական միջոցների` հատկապես դիմափոշու, օճառի չարաշահումը եւ տաք ջուրը։