Պիոներական պալատներն ու ճամբարները, ակումբներն ու մշակութային տները խորհրդային տարիներին պետական սեփականություն էին։ Սեփականություն էլ մնալով, պիոներական պալատներից շատերը 90-ականների սկզբում աննկատ ավարտեցին իրենց գոյությունը կամ էլ, մի քանի խմբակ պահպանելով, փորձեցին գոյատեւել։ Փող չկար պահպանելու համար։ Նախկինում պիոներ պալատներ կոչվող կառույցները՝ զրկվելով սոցիալիստական գաղափարախոսությունից եւ պետական սուղ դոտացիա ստանալով, փակեցին իրենց խմբակները եւ ընդհանրապես՝ դռները։ Ցուրտ էր, մութ էր, հիշում ենք բոլորս։ Ժամանակը չէր ըստ հետաքրքրությունների եւ նախասիրությունների խմբակներ պահել՝ նույնիսկ դպրոցը կարգին չէր աշխատում։ Այժմ պիոներ պալատներն ավելի կոնկրետ տերեր ունեն: Մի քանիսը պատկանում են տեղական ինքնակառավարման մարմիններին՝ թաղապետարաններին, որոնք ըստ իրենց կարողությունների եւ հնարավորությունների՝ անում են այն, ինչ անհրաժեշտ են գտնում։ Բոլորն էլ աշխատում են պահպանել երտասարդներին զբաղմունք տալու եւ փողոցից կտրելու սկզբունքը։
Շենքը նորոգվել է, բայց հաստիք չկա
1922 թ. կառուցված կենտրոնական Պիոներ պալատը վերանվանվեց Երեւանի Մանկապատանեկան ստեղծագործության քաղաքային կենտրոն, վերանորոգվեց Լինսի հիմնադրամի գումարներով եւ հանձնվեց Երեւանի քաղաքապետարանի Մշակույթի վարչությանը: Կենտրոնի տնօրեն Լաուրա Ավետիսյանի ասելով՝ իրենք ոչ մի օր չեն դադարեցրել աշխատանքը: «Վառարան ենք դրել ու պարապել ենք: Պիոներիա հասկացությունը վերացավ, բայց երեխաների հոսքը շարունակվեց»,- ասաց նա: Այժմ կենտրոն է հաճախում մոտ 700 երեխա: Տնօրենն ափսոսանքով հիշում է, որ սովետական տարիներին 5000-ից ավելի երեխա ունեին: Այսօր խմբակ բացելու համար առնվազն 7 երեխա է պետք: Եթե այդ երեխաները հավաքվում են, մասնագետ է հրավիրվում, եւ պարապմունքները սկսվում են: Այժմ կենտրոնում 22 տիպի 58 խմբակ է գործում, շատերն անվճար են՝ վոկալի, ժողգործիքների, ասեղնագործության եւ այլն, միայն պարային խմբերն են աշխատում՝ 2000-5000 դրամ ամսական վճարով: Սակայն պալատ-կենտրոնը շատ ծանրաբեռնված չի աշխատում: «Նոր ուսուցիչ ընդունելու հնարավորություն չունենք, այնքան ցածր է աշխատավարձը՝ մեկ դրույքը 15.000-18.000 դրամ է, եւ այնքան շատ են կրճատումները, որ չենք կարող մասնագետներ պահել: Ըստ հաստիքացուցակի՝ մենք չենք կարող նվագակցող ունենալ, հիմա ստիպված մեզ մոտ աշխատող երկու նվագակցողի պետք է կրճատեմ: Բուժքրոջն արդեն կրճատել ենք: Երբ նոր էի աշխատում՝ 1982 թվականին, 200 աշխատող կար, հիմա 13 հաստիքային աշխատող ունենք: Քաղաքապետարանը կարծես միայն կրճատելով է զբաղված: Շատ դժգոհ եմ քաղաքապետարանի բյուջեից: 3-4 ամիս աշխատավարձ չէինք ստանում, բայց մեզանից կենսաթոշակների ֆոնդ վճար պահանջեցին եւ դեռ տույժ գրեցին: Ձեւական կարգախոսներ են ասում՝ ամեն ինչ երեխաների համար: Իրականում ոչ մի բան էլ երեխաների համար չի արվում: Վերանորոգումից հետո պետք է ավելի շատ երեխա գար, բայց հակառակը եղավ,- ասաց Լ. Ավետիսյանը: -Եթե Լինսի մշակութային ծրագրի մեջ չընդգրկվեինք, քաղաքապետարանը դժվար թե ինչ-որ բան աներ»:
Երեւանի պիոներ պալատներից երեքը՝ Արաբկիր, Նորք եւ Մալաթիա համայնքների, այժմ պատկանում են Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան թեմին: Դրանք 1993թ. հանձնվեցին եկեղեցուն եւ անվանակոչվեցին «Հայորդաց տներ»: «Փլուզված շենքեր էին, ջարդված ու թալանված: Լրիվ վերանորոգվել են եւ հիմա տարբեր խմբակներ են գործում՝ սպորտի, երաժշտության, քանդակի,- ասաց Արաբկիրի «Հայորդաց տան» տնօրեն Հակոբ Տխրունին։ -Մեզ մոտ գալիս են անապահով երեխաները, խուլերի դպրոցի աշակերտները՝ մոտ 750 սան ունենք»: Երեք «Հայորդաց տներն» էլ գործում են նույն կարգավիճակով, նույն աշխատավարձով եւ ունեն հոգեւոր խորհուրդ եւ հոգեւոր տեսուչներ՝ տեր հայրեր: Եթե խորհրդային տարիներին պիոներ կոչվելը եւ կոմունիստական գաղափարախոսությանը գիտակ լինելը պարտադիր էր, ապա այսօր, եթե երեխան ցանկություն ունի որեւէ խմբակում զբաղված լինել, պետք է տեղյակ լինի կրոնի պատմությունից: «Հայ եկեղեցու դասերը պարտադիր չեն, բայց բոլոր երեխաները հաճույքով են հաճախում այդ դասերին,- ասաց Հ. Տխրունին: -Հայ եկեղեցու պատմությունը բոլորն էլ պետք է իմանան»: Շենքում տաք է, լուսավոր, 7-10 տարեկան երեխաներն այստեղ արժանանում են ուշադրության եւ որոշակի մասնագիտական հմտություններ ձեռք բերում: Տնօրենը հպարտ է, որ իրենց սաներից երեքը «Հայորդաց տանը» ստացած գիտելիքներով այս տարի բուհ ընդունվեցին: Արաբկիրի շրջանում նոր եկեղեցի է կառուցվում, որտեղ մանկական հոգեւոր երգչախումբը պիտի պատարագներ երգի: Եկեղեցին, կրթելու եւ դաստիարակելու գործ անելուց բացի, միշտ ունեցել է սատարողի եւ աջակցի դեր: «Հայորդաց տներում» կան բարեգործական ճաշարաններ, որտեղ Արաբկիրի եւ Քանաքեռի շրջանների ծերերը եւ անապահով ընտանիքների անդամները ամեն օր մեկ անգամ սնվում են ըստ ամեն ամիս թարմացվող եւ վերանայվող ցուցակների: Ճաշարանի տնօրեն Միշա Կարապետյանի ասելով, իրենք օրական 200 մարդ են կերակրում: Պատին փակցված ճաշացանկից կարելի է տեղեկանալ՝ ինչ եւ ինչքան են ուտելու: Մեկ հոգանոց ճաշը՝ բաղկացած սովետական շրջանից մեզ ծանոթ առաջին, երկրորդ եւ երրորդ անվանումներից, արժի 400 դրամ։ Գոյություն ունեն ամառային եւ ձմեռային ճաշացանկեր, սննդամթերքը ճշգրիտ հաշվարկված է։ «Այս մենյուն հաստատել է Վեհափառը, որի ստորագրությունն էլ կա վրան։ Մենք իրավունք չունենք գրամ անգամ փոփոխել»,- ասաց Մ. Կարապետյանը։ Ասենք նաեւ, որ բարեգործական այս ճաշարանում «դոբավկա» չի կարելի ուզել: Երեք «Հայորդաց տների» ճաշարաններում էլ ամեն ինչ պետք է լինի այնպես, ինչպես որոշված է: Անցյալ տարի «Հայորդաց տներ» բացվեցին Վանաձորում եւ Էջմիածնում, իսկ այս տարի նման տներ կունենան Գյումրին, Աբովյանը եւ Արտաշատը: «Հայորդաց տները» հիմնականում քաղաքի ծայրամասերում են բացվում, այդպիսին է եկեղեցու քաղաքականությունը: Ամեն դեպքում, երեխաների ազատ ժամանակը ինչ-որ պիտանի զբաղմունքով լցնել կարելի է: Պիոներ պալատները գործում են՝ թեկուզ տարբեր անվանումներով, տարբեր մասնագիտական սկզբունքներով եւ տարբեր կազմակերպությունների հովանու ներքո: