«ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ նախօրեին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Յուրի Մերզլյակովը հայտարարել է, թե Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 28-ին Մինսկում՝ ԱՊՀ-ի գագաթաժողովի շրջանակներում: Ըստ նրա, նման համաձայնություն է ձեռք բերվել Բրյուսելում՝ 2 երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ: Մերզլյակովը համանախագահների անունից կոչ է արել 2 երկրների նախագահներին՝ օգտվել եզակի առիթից եւ համաձայնություն ձեռք բերել ԼՂՀ հակամարտության կարգավորման սկզբունքների շուրջ, քանզի հաջորդ տարի նման հնարավորություն չի ընձեռվելու: Ըստ նրա, 2007-2008թթ. ՀՀ-ում եւ Ադրբեջանում տեղի ունենալիք ընտրությունները բացասաբար կազդեն բանակցային գործընթացի վրա: «Բացի այդ, առանցքային քաղաքական դեմքերը, ովքեր հայկական կողմից վերջին 10 տարվա ընթացքում մասնակցել են բանակցություններին, հաջորդ տարի սկսելու են դուրս մնալ բանակցային գործընթացից»,- ասել է Մերզլյակովը: Վերջինիս այս խոսքերից կարելի է եզրակացնել, որ նա վստահ է, որ առաջիկա ընտրություններում ՀՀ իշխանությունները չեն վերարտադրվելու: