Լավատեսության համար քիչ հիմք կա

21/11/2006

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով երեկ ավարտել է իր աշխատանքային այցը Գերմանիա, Բեռլինում` Բերտելսման հիմնադրամում նախօրեին ունեցած ելույթում անդրադարձել է նաեւ ԼՂՀ խնդրին: «Մենք չենք հիշում մի ազգի օրինակ, որն ինքնակամ հրաժարվել է իր 15 տարվա անկախությունից: Ոչ ոք մտադիր չէ դա անել ԼՂ-ի պարագայում: Մենք խոսում ենք անշրջելի փոփոխությունների մասին, որոնք տեղի են ունեցել մարդկանց գիտակցության մեջ,- ասել է նա՝ հավելելով,- Մեր սկզբունքային դիրքորոշումն այն է, որ ԼՂ-ի ժողովուրդն իրականացրել է ինքնորոշման իր իրավունքը: Դա արվել է միջազգային նորմերին միանգամայն համապատասխան»: Ռ. Քոչարյանը շեշտել է նաեւ, որ ԼՂՀ-ն անկախություն է ձեռք բերել ԽՍՀՄ փլուզման ժամանակ, երբեք անկախ Ադրբեջանի մաս չի եղել: «Իր պետականության հաջող կառուցման շնորհիվ ԼՂՀ-ն ապացուցել է գոյության իր իրավունքը: Այն պարբերաբար անցկացնում է ժողովրդավարական ԱԺ եւ նախագահական ընտրություններ»,- նշել է Ռ. Քոչարյանը` նշելով, որ թեեւ համանախագահները ջանում են մոտեցնել կողմերի դիրքորոշումները, սակայն` «դժբախտաբար, չնայած ընթացող ակտիվ բանակցություններին, լավատեսության համար քիչ հիմք կա»: